Լրահոս

14.04.2016 17:42


Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհը միակողմանի բացվել է (լուսանկարներ)

Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհը միակողմանի բացվել է (լուսանկարներ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրում` Այգեձոր գյուղի վերջնամասում, այսօր առավոտյան տեղի էր ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում, ինչի արդյունքում ճանապարհը երկկողմանի փակվել էր։

Վաղ առավոտից Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները փլուզման վայրում մաքրման աշխատանքներ են իրականացնում։ Տեղում աշխատում են չորս էքսկավատոր, ինքնաթափ մեքենաներ, ինչպես նաև ընկերության ողջ անձնակազմը։

Այս պահին արդեն ճանապարհը միակողմանի բացվել է, սակայն աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել։

«Ճանապարհի մի կողմն արդեն բացել ենք, սակայն աշխատանքներն ամբողջությամբ չենք ավարտել, քանի որ փլուզման ժամանակ գազատարը՝ մոտ 200 գծամետր, մետաղական արգելափակոցների հետ իջել է ներքև։ Հիմա «Գազպրոմ Արմենիա» ընկերության Տավուշի մասնաճյուղի մասնագետներն են աշխատանքներ տանում, որպեսզի գազատարը բարձրացվի։

Սպասում ենք, որ նրանք գործն ավարտեն, որպեսզի հետո արդեն կարողանանք ճանապարհի մնացած մասը մաքրել։ Ճանապարհին մեծ քանակությամբ բնահող ծառեր ու քարեր են թափվել։

Որքան ժամանակ էլ պահանջվի, մինչև ամբողջությամբ ճանապարհը չմաքրենք, այստեղից չենք հեռանա»,- մեզ հետ զրույցում ասաց Տավուշի ՃՇՇ ՓԲ ընկերության ղեկավար Գագիկ Ադամյանը։

Փլուզման հետևանքների վերացման աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ճանապարհն ամբողջությամբ մաքրվի և բերվի նախկին վիճակին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը