Լրահոս

13.10.2010 16:47


Բաց նամակ ՀՀ նախագահին

«Արթիկ» ՔԿՀ կալանավոր Մուշեղ Հովհաննիսյանի խնդրանքով հրապարակում ենք նրա բաց նամակը' ուղղված ՀՀ նախագահին:

Գյումրու հակակոռուպցիոն կենտրոն

Ի գիտություն բոլոր այն ղեկավարներին, ում սկսած 25.08.2009թ.-ից մինչեւ 04.08.2010թ.-ը իմ կողմից ուղարկվել են նամակներ դիմում-բողոքներ.

մասնավորապես'

ՀՀ վարչապետին' 02.04.10թ., 21.04.10թ., 04.08.10թ.

Հհ Ազգային Ժողովի նախագահին 16.09.09թ.

ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղարին' 15.01.10թ.

ՀՀ Գլխավոր Դատախազին' 29.03.10թ., 20.05.10թ.

ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենին' 09.02.10թ., 29.04.10թ., 20.05.10թ.

ՀՀ Ոստիկանապետին' 09.09.09թ., 29.03.10թ., 07.04.10թ.

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին' 09.09.09թ.

ՀՀ Շիրակի Մարզի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահին' 26.10.09թ., 18.12.09թ., 22.02.10թ., 20.04.10թ.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին' 28.08.09թ., 29.12.09թ., 26.02.10թ., 24.04.10թ.

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին' 17.09.09թ., 09.11.09թ., 29.01.10թ., 25.03.10թ.

Մեծարգո պարոն նախագահ,

Այն, ինչի մասին գրում եմ, հիմնված են բացառապես փաստերի վրա:

2009 թվի հոկտեմբերի 5-ին ես գրավոր նամակով դիմել էի Ձեզ, եւ տեղեկացրել, որ Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժինը, նախապես հանցավոր համաձայնության գալով «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ, այժմ արդեն նախկին առեւտրի բաժնի պետ' Սիմոն Պողոսյանի, այսինքն «պատվիրատուի» հետ, ինձ կեղծ ու շինծու մեղադրանք էր առաջադրել, որ ես իբր հանդիսանում եմ  «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխղեկ եւ պարտք եմ ընկերությանը խոշոր գումար: Մեղադրանքը այնքան անհեթեթ էր ու անհիմն, բայց սպառնալիքներով լի, որ ես օգնության համար դիմեցի ԿՀԴՊ-ի 6-րդ վարչություն, որտեղ էլ, որ ստուգելով իմ կողմից  ներկայացված փաստերը, ինձ վստահեցրեցին, որ ես անհանգստանալու ոչինչ չունեմ, եւ կարող եմ հանգիստ լինել:

Որոշ ժամանակ անց, Գյումրու ոստիկանները ինձ խաբեությամբ կալանավորեցին եւ տեղափոխեցին «Արթիկ» քկհ, միաժամանակ զրկելով  զանգի եւ տեսակցության իրավունքից: Հետեւությունը թողնում եմ Ձեզ:

Անկարողության եւ անպաշտպանության իմ վիճակը ստիպեց դիմել ինձ համար անընդունելի քայլի' հացադուլի, մի բան, որ իմ առողջական դրությունը կտրականապես թույլ չէր տալիս: Ուղիղ մեկ ամիս շարունակվող հացադուլը հանգեցրեց նրան, որ ծանր ախտորոշումներով  ինձ տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց:

8 ամիս շարունակ ինձ մոտ քննիչը չեկավ, պատշաճ ընթացակարգով դիմել էի բոլորին: Բողոքներիս արդյունքը եղավ այն, որ 9-րդ ամսում ինձ մեղսագրեցին եւս մեկ հանցագործություն, այսինքն, իբր ես բացի ընկերությունից հափշտակությունը, կատարել էի նաեւ խարդախություն, որի զոհն էին դարձել թվով 99 «տուժողներ»:

Իմ բոլոր ջանքերը' որպեսզի այդ քրեական ստեղծագործությունները տեղափոխեմ Երեւան, անցան ապարդյուն:

Ալյեւս, իմ Երեւանում մնալը դառնում էր Շիրակի մարզի դատախազության համար անկառավարելի, եւ ինձ հիվանդ վիճակում տեղափոխեցին իրենց մարզ:

Չեմ ուզում նշել ՀՀ ոչ քրեական, ոչ քրեադատավարական, եւ ոչ էլ մնացած օրենսգրքերի, օրենքների կոպիտ ու բազում խախտումների մասին, եւ ոչ էլ պահանջների մասին, քանի որ իմ դեպքում օրենքի ոչ մի տառ չի գործում: ՀՀ իրավապահները խլել են ինձանից ՀՀ քաղաքացու իրավունքները, ինչը ինձ ստիպեց հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից:

09.06.2010թ.-ից մինչեւ այսօր տեղի է ունեցել 23 դատական լսում: Պետական մեղադրողներ' Արթուր Հովհաննիսյանը որը միաժամանակ սույն քրեական ստեղծագործության վերահսկող դատախազն է եղել, եւ Ժոռա Սադոյանը, բազում  ջանքեր գործադրեցին, ընթացքում մի շարք «միջոցառումներ» իրականացնելով, փորձում էին ինչ-որ ձեւով, մի կերպ ինձ ներկայացված մեղադրանքը «հարմարեցնել» ու ամրագրել:

Հակառակ պետմեղադրողների սպասելիքների, 99 «տուժողներից» 71-ը, որոնք իրարից անկախ Գյումրու եւ հարակից համայնքների բնակիչներ էին, եւ որոնցից մեծ մասին զոռով բերման էին ենթարկել դատարան' միաբերան, նույնաբովանդակ ցուցմունք տվեցին, որ իրենց դատախազության եւ ոստիկանության աշխատակիցները, խաբեությամբ եւ սպառնալիքով ստիպել են գրել ինչ-որ թղթեր, որոնց բովանդակությունը թելադրել են իրենք, եւ նշել են անուն ազգանունս: Իրենք չեն իմացել, թե ինչու են գրում, ինչպես նաեւ չգիտեն, որ իրենք հանդիսանում են «տուժող», քանի որ ոչ մի անգամ ոչ մեկից որեւէ բողոք չեն ունեցել: Մնացած տուժողները փախել են, քանի որ երկար տարիների ընթացքում համոզվել են, թե ինչ է նշանակում դեմ գնալ Շիրակի մարզի դատախազին, ու չկատարել ոստիկանության պահանջները: Ես վառ օրինակն եմ իրենց հնարավորությունների:

Վերադառնալով ինձ նախապես առաջադրված մեղադրանքին, որն ընդհանրապես դատալսման ենթական չէր, նույնիսկ հետամնաց երկրներում, էլ ավելի խառնեցին պետական մեղադրողների խաղաքարտերը, բացի նրանից, որ ոչ մի իրավական փաստաթուղթ չկա, ջրաչափերի կարգաբերման եւ տեղադրման բաժնի պետը հայտարարեց ու պնդեց, որ ինքը չի իմացել, որ ես հանդիսանում եմ իր աշխատակիցը, այդ մասին ինքը իմացել է ոստիկանությունում:

Մարդկային ռեսուրսների բաժնի պետը ցուցմունք տվեց, որ իրենց շատ հրատապ ու պարտադիր պետք է եղել, որպեսզի լինի ինչ-որ մեկը, որին շտապ հրամանագրեին, որպես աշխղեկ ու հայտարարեց, որ թեեւ ես ոչ մի փաստաթուղթ չեմ ունեցել եւ չեմ տվել իմ համաձայնությունը, իրենք այնուամենայնիվ թաքցրել են իրողությունը իրենց տնօրեն Վարդան Հովսեփյանից եւ հրամանագրել, փաստորեն կատարելով փաստաթղթային կեղծումներ, եւ պաշտոնական կեղծիքներ:

Հաշվապահ-գանձապահը, որը իբր ինձ աշխատավարձ էր տվել, չգիտեր ինչպիսի տեսք ունի աշխատավարձի ձեւաթուղթը, ի՞նչ էր գրված վրան (մոռացել էին ծանոթացնել կեղծված փաստաթղթի հետ):

Իսկ պահեստապետի տված ցուցմունքը գլուխգործոց էր, նա հայտարարեց, որ ոչ նախկինում, ոչ էլ հետագայում, երբ ընկերությունը իրենք հանձնել են ուրիշի տնօրինությանը, իրենք երբեք պակասորդ չեն ունեցել:

Չեմ ուզում նամակս ծանրաբեռնել բազում ապացույցներով, քանի որ ի սկզբանե եւ ամենուր նշեմ եմ, որ սա քրեական տգետ ստեղծագործություն է:

Ինձ միայն հետաքրքրել է մի հարց.

Իմ բոլոր դիմում-բողոքների պատասխանների մեջ գրված է «Ձեր դիմումը ուսումնասիրվել է, քննարկվել է, եւ ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն»:

Այսօր, երբ այս խայտառակ դատալսումները ըստ էության վաղուց ավարտվել են, ուզում եմ հարցնել պետակա այրերին'  դիմում-բողոքներիս ո՞ր հատվածն է, որ  ուսումնասիրվել է, ո՞ր մասը, կամ այդ ի՞նչն է քննարկվել, ո՞ր թեման: Կամ' որ  դիմումներս հետ էիք ուղարկում Շիրակի մարզի դատախազին' ի՞նչ ակնկալիքներ ունեիք: «Ընկերավարի» տեղյակ էիք պահում դիմումներիս բովանդակությանը, ուղղորդելով դատախազին իր «ստեղծագործությունը» վերամշակելու, թ՞ե սպասում էիք, որ Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը ներողություն կխնդրի իր գործարար ենթականերից, որ «պատվերը» չկարողացավ մինչեւ վերջ կատարել ու մեղայականով կգնար Գլխավոր Դատախազի մոտ, որին այնքան ճարպկորեն մի տարի շարունակ կեղծ ու սուտ փաստեր է ներկայացրել: Ազնվորեն կխոստովաներ ու կպատմեր, որ ինքը մի խումբ «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներից, գլխավորությամբ առեւտրի տնօրեն Սիմոն Պողոսյանի' որոնք թալանել են ընկերությունը, փոշիացրել են ծրագրերի գումարները, խաբելով իրենց տնօրեն Վարդան Հովսեփյաին, ինքը ընդունել է «պատվեր», որպեսզի առանց պատասխանատվության ենթարկելու թողնի, որ հեռանան, իսկ փոխարենը այդ ամբողջ մեղքը կպցնի ինչ-որ մեկին, ներկայումս ինձ:

Ահա ամբողջ ճշմարտությունը, իսկ ամիսներ ու տարիներ շարունակվող նախաքննությունները մոռացության կտային բուն իրողությունը: Արդյունքում, միայն անզգա պետբյուջեն է, որ իր ճեղքվածքը հերթական անգամ մի քիչ կմեծացներ:

Ինձնից պահանջվեց 1 տարի, 1 ամիս եւ 13 անազատ օրեր, հաշմանդամություն եւ ընտանիքիս անդորրի կորուստ, որպեսզի հօդս ցնդեցնեի դատախազի շարունակական պատճառաբանությունը, որ «կատարվում է բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն»:

Հարգելի նախագահ,

Ավարտվել է այս կեղտոտ ու ստոր պատմությունը, սակայն պետմեղադրող Ժոռա Սադոյանը դատական նիստում բառացիորեն հայտարարեց, որ ես հույս չունենամ. որ իրենք երբեւէ հետ կվերցնեն մեղադրանքը, այսնինք չեն դադարեցնի իմ նկատմամբ քրեական հետապնդումը:

Այսօր ակնհայտ փաստ է, որ ես ոչ մեղադրյալ եմ, աչ դատապարտյալ, ոչ կալանավոր, եւ ոչ էլ կասկածյալ:

Ես Շիրակի մարզի դատախազության գերին եմ, որը պատանդ է պահվում «Արթիկ» քկհ-ում:

Ինչպես ընդունված է բոլոր տեղերում' պատանդներին գերությունից ազատվելու համար վճարում են առեւանգող ավազակախմբերին:

Քանի որ իմ դեպքում ինձ առեւանգողները զինված են պետական ուժային լծակներով, ինձանից խլել են իմ քաղաքացիությունը եւ ես ինձ որեւէ իրավունք չեմ վերապահում օգնության համար դիմելու որեւէ պաշտոնյայի, բացի այդ սպառել եմ բոլոր ատյանները, ես «Արթիկ» քկհ-ում բացել եմ դեպոզիտային հաշվեհամար (Արթիկ ՍԳԲ 9002086080191) եւ Շիրակի, Լոռու մարզերից (հույս ունեմ' շուտով ՀՀ մնացած մարզերից էլ), մարդիկ վճարում են 50-ական դրամներ' որպես փրկագին Շիրակի մարզի դատախազությանը վճարելու համար (կից ներկայացնում եմ նմուշները):

Այսօր ի շնորհիվ Շիրակի մարզի դատախազի «Դավիթ Սարգսյան եւ Ընկերներ» ՓԲԸ ՀՀ փոստային բաժանմունքներում շրջանառվում են «Գերի» մակագրությամբ ծրարներ, իսկ բանկային համակարգում շրջանառվում են «փրկագին» անվամբ մուտքային արտոնագրեր:

Կարծում եմ այդ Ընկերությունը լիովին արժանի է «պետական դավաճանի» կամ «ազգի դավաճանի» տիտղոսներին, ինչը այնքան շատ կուրախացներ մեր հարեւաններին:

Ես գրավոր դիմել եմ «Արթիկ» քկհ պետին' մի շատ հարգարժան մարդու, եւ խնդրել եմ, որ անսահմանափակ քանակով միշտ ու շարունակ փրկագնի գումարները փոխանցվի Շիրակի մարզի դատախազությանը:

Եւ ամենավերջում.

Քանի որ «Վարպետաց» քաղաքում Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը հայտնի է որպես «դժբախտ դեպքերի» հմուտ վարպետ, նա իր զինվորների հետ միասին կարգադրել եւ պարտադրել է «Արթիկ» քհկ բժիշկ Արամ Մելքոնյանին, իմ նկատմամբ իրականացնել «պասիվ էֆտանազիա» (բժշկի կողմից պահպանողական բուժման գիտակցված դադարեցում): Դա շատ նուրբ սպանելու ձեւ է, որը գրեթե անհնարին է ապացուցել:

Իմ պարագայում յուրաքանչյուր բժիշկ կհաստատի, որ առանց պարբերաբար բուժման, ես ցանկացած պահի կարող եմ լրացնել «դժբախտ դեպքերի» ցուցակը:

Հարգելի նախագահ,

Շիրակի մարզի գորդյան հանգույցը միայն Դուք կարող եք քանդել:

Խնդրում եմ Ձեզ. կտրեք այդ հանգույցը միանգամից:

Կանխավ շնորհակալությամբ'

 Գերի' Մուշեղ Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը