Լրահոս

14.04.2016 19:47


Մեղադրանք է առաջադրվել՝ երկու պարտադիր ժամկետային զինծառայողների սպանության համար

Մեղադրանք է առաջադրվել՝ երկու պարտադիր ժամկետային զինծառայողների սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու պարտադիր ժամկետային զինծառայողների սպանության դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2016 թվականի ապրիլի 6-ին N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի նախորդող օրը նշված զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել լեզվակռիվ, որի ժամանակ հնչեցվել են հայհոյանքներ։

Նախնական քննության տվյալներով՝ իրեն ուղղված հայհոյանքների համար վրեժխնդիր լինելու շարժառիթով նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող 2016 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել նախ՝ Գ.Ավետիսյանի, ապա՝ Ս.Արամյանի ուղղությամբ:

Գ.Ավետիսյանը՝ կրծքավանդակի շրջանում, իսկ Ս.Արամյանը՝ որովայնի շրջանում ստացած հրազենային մարմնական վնասվածքներից մահացել են։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ շարքային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը