Լրահոս

15.04.2016 19:00


Աչքի պլաստիկ վիրահատություններ միայն Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Աչքի պլաստիկ վիրահատություններ միայն Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում գործող աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունն արդեն տասը տարի սեփական տեսողությունը գնահատող այցելուների կողքին է: Այստեղ վիրահատական ճանապարհով վերացվում են կոպերի և արցունքատար համակարգի հիվանդությունները, բազալ բջջային քաղցկեղը, դիմային նյարդի պարալիչից առաջացած խնդիրները և այլն: Որոշ հիվանդություններ մինչև վերջին տարիները համարվել էին անբուժելի: Այսօր նման խնդիր աչքի պլաստիկ վիրաբուժական ծառայությունը գրեթե բացառում է՝ շնորհիվ նորագույն վիրաբուժական մեթոդների, տեխնոլոգիաների և մասնագիտական ներուժի: Սա երաշխավորում է ծառայության վարիչ, բ.գ.թ. Արմինե Ղարաքեշիշյանը:

Փորձենք առավել մանրամասն հասկանալ, թե ինչ հիվանդությունների մասին է խոսքը, և դրանց վերացման կամ կանխարգելման համար ինչ հնարավորություններ կան այստեղ:

Կոպերի հիվանդությունները՝ կոպի կախվածությունը, տարիքային ներշրջվածությունը լինում են ինչպես բնածին, այնպես էլ տարիքային՝ ձեռքբերովի: Պտոզը լինում է տարբեր աստիճանների: Անտարբերության մատնելու դեպքում կոպն այնքան է կախվում, որ փակվում է մարդու բիբը, բացի կոսմետիկ խնդրից խանգարվում է նաև տեսողական ֆունկցիան: Եթե նախկինում պտոզի որոշ տեսակներ հնարավոր չէր վիրահատական ճանապարհով ուղղել, ապա այսօր արդեն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության բաժանմունքում համապատասխան տեխնիկայի առկայության և մասնագետների հմտության շնորհիվ հնարավոր է շտկել պտոզի բոլոր տեսակները: Կարելի է շտկել նույնիսկ այն պտոզը, որն ուղեկցվում է վերին կոպի բարձրացնող մկանի ծանր ախտահարումով, տեսողական ֆունկցիայի կորստով: Սրանք նաև մկանային հիվանդություններ են՝ կախվում են կոպերը, և խանգարվում է մարդու տեսողական ֆունկցիան, հետևաբար՝ մարդու առօրյան: Պլաստիկ վիրաբուժության շնորհիվ կատարվում է նաև ծանր աստիճանի պտոզի կորեկցիա, որն արվում է աշխարհում ընդունված սիլիկոնային լարերի իմպլանտացիայի միջոցով: Էլաստիկ լարերի շնորհիվ, որ անց են կացվում ճակատային՝ վերին կոպը բարձրացնող մկանի միջով, մարդը կարողանում է հանգիստ փակել աչքերը, գիշերը քնել փակ աչքերով: Նախկինում այս խնդիրը լուծում չուներ, ինչը սահմանափակում էր մարդու կյանքը, կենցաղը, մասնագիտական գործունեությունը և այլն:

Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում մեծ թիվ են կազմում կոպերի մաշկի քաղցկեղի (բազալ բջջային քաղցկեղ) վիրահատությունները: Բազալ բջջային քաղցկեղը ախտահարում է կոպերը, չվիրահատելու պարագայում թափանցում է դեպի ակնակապիճ, ապա՝ գլխուղեղ, չի առաջացնում խորը մետաստազներ, սակայն ուշ հետազոտվելն ու վիրահատվելը կարող են հղի լինել ծանր հետևանքներով:

«Ցավոք հաճախ ունենում ենք ուշ դիմելիություն, դիմում են 20-25 տարի ուշացումով, բացատրում, որ սկսվել է կոպի վրա փոքրիկ հանգույցից: Այս քաղցկեղը կարելի է կանխել միայն վիրաբուժական ճանապարհով, այն չի ենթարկվում ոչ քիմիաթերապայի, ոչ որևէ այլ բուժման: Չի կարելի ինքնուրույն բուժումներ անել՝ սեղմել, կապել, փորձել ինչ-որ ձևով հեռացնել, քանի որ այն ուռուցք է և ներաճել է դեպի խորանիստ հյուսվածքներ»,-ասում է Արմինե Ղարաքեշիշյանը: Սա հիվանդություն է, որը շատ բնորոշ է Հայաստանին՝ պայմանավորված երկրի լեռնային դիրքով և ուլտրամանուշակագույն ճառագայթների ուժգնությամբ: Բազալ բջջային քաղցկեղն ամբողջ աշխարհում համարվում է ծերունական հիվանդություն, սակայն Հայաստանում այն ի հայտ է գալիս երիտասարդ տարիքում:

Երբեմն կոպերի մաշկի քաղցկեղը բորբոքման ձև է ունենում: Սակայն մի փոքր ուշադիր լինելու դեպքում կարելի է հեշտությամբ տարբերել դրանք: Բորբոքման դեպքում առաջանում է ցավ, ուռածություն, կարմրություն, իսկ ուռուցքը կարմրություն չի ունենում, ի տարբերություն բորբոքման, այն երբեք չի անհանգստացնում: Սկզբում ուռուցքը լինում է գնդաձև, ապա վերածվում է խոցի: Ուռուցքի մյուս կարևոր ախտանշանն էլ թարթիչների կորուստն է: Աչքի շուրջ եղած խալի ձևափոխումը, նոր խալերի, գնդիկների ի հայտ գալը, թարթիչների թափվելը ահազանգ են, որոնց դեպքում անմիջապես պետք է դիմել մասնագետի, որպեսզի հնարավոր լինի խուսափել հետագա բարդություններից:

Կենտրոնում կատարվում է նաև քաղցկեղի վիրահատության ժամանակ հեռացված կոպերի ռեկոնստրուկցիա: Կոպերի ամեն տեսակի դեֆեկտ ունի իր լուծման ճանապարհը: Փոքր վնասվածքների դեպքում պլաստիկ վիրաբուժական ծառայությունում կոպերը վերականգնվում են սեփական հյուսվածքների միջոցով, կատարվում է նաև փոխպատվաստում:

Պլաստիկ վիրաբուժության ծառայություններից է նաև դիմային նյարդի պարալիչից առաջացած մի շարք դիմային էսթետիկ խնդիրների վերացումը վիրաբուժական ճանապարհով. վիրահատություններ, որոնք արվում են միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում: Ինսուլտի հետևանքով ախտահարված կոպը կարող է չփակվել, ինչի արդյունքում չորանում է աչքի եղջերաթաղանթը: Այլևս այս պատճառով աչքից հրաժարվելը ճակատագիր չէ: Ոսկե իմպլանտի տեղադրման միջոցով պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում վերականգնվում է աչքը բացել-փակելու ֆունկցիան: Իմպլանտները ձուլվում են մաքուր ոսկուց և, ի տարբերություն, ամերիկյան արտադրանքի՝ հասանելի են գրեթե յուրաքանչյուր այցելուին:
Ինչպես բազալ բջջային քաղցկեղը, այնպես էլ արցունքատար համակարգի հիվանդություններն աշխարհագրական դիրքի պատճառով մեծ տարածում ունեն մեր երկրում: Արցունքապարկի թարախային բորբոքման ժամանակ փակվում են արցունքաքթային ուղիները, արցունքապարկը սկսում է հավաքել արցունքը, այն ենթարկվում է թարախային բորբոքման, սկսվում է արցունքահոսություն և թարախահոսություն: Այս հիանդությունը առավել տարածված է կանանց շրջանում, և եթե հիվանդության միջազգային տարիքը 60-65-ն է, ապա Հայաստանում հիվանդությունը գլուխ է բարձրացնում 30-35-ում: Ս.Վ. Մալայանի անվան կլինիկայում իրականացվում է սպեցիֆիկ վիրահատություն՝ բացվում է նոր ոսկրային ուղի, որով արցունքները նոր ճանապարհով սկսում են դեպի քիթ գնալ: Պլաստիկ վիրաբուժական բաժանմունքում կատարվում են բոլոր արցունքատար ուղիների վիրահատությունները:

Լինելով տարածաշրջանում միակ կլինիկան՝ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում մատուցվող պլաստիկ վիրաբուժական ծառայություններից օգտվում են հիվանդներ՝ ինչպես հարևան Իրանից, Վրաստանից, այնպես էլ Ռուսաստանի և Եվրոպայի շատ քաղաքներից: Գների մատչելիությունը Հայաստան է բերում նույնիսկ Միացյալ Նահանգների քաղաքացիների, թեև պլաստիկ վիրաբուժության հմտություններին հայ բժիշկները տիրապետում են շնորհիվ ամերիկյան դպրոցի:





Այս խորագրի վերջին նյութերը