Լրահոս

15.04.2016 22:19


Եվրատեսիլ-2016-ի Մալթայի մասնակիցը ժամանել է Հայաստան (ֆոտոշարք)

Եվրատեսիլ-2016-ի Մալթայի մասնակիցը ժամանել է Հայաստան (ֆոտոշարք)

«Եվրատեսիլ-2016»-ի Մալթայի ներկայացուցիչ Իրա Լոսկոն ժամանել է Հայաստան՝ այցելելու մեր մասնակից Իվետա Մուկուչյանին: Մեր մասնակցի ուղեկցությամբ եւ օգնությամբ՝ Իրա Լոսկոն շրջել է հայաստանյան գեղատեսիլ վայրերով, ծանոթացել հայկական մշակույթին, ավանդույթներին:

Իրա Լոսկոն որոշել է Հայաստան ժամանել Մոսկվայում կայացած եվրատեսիլյան համերգից հետո, երբ ծանոթացել եւ մտերմացել է Իվետայի հետ:

«Իվետայի հետ ծանոթացանք Մոսկվայի համերգի ընթացքում, ծանոթացանք ու միանգամից այնպիսի տպավորություն էր, որ վաղուց ենք ճանաչում միմյանց: Նա հրաշալի անձնավորություն է՝ նպատակասլաց, բարի: Եթե անկեղծ լինեմ, իսկապես չէի կարծում, որ այսքան կարճ ժամանակահատվածում այսչափ կմտերմանանք, մեզ միավորում են ընդհանուր հայացքներն ու հետաքրքրությունները: Այդ իսկ պատճառով որոշեցի ավելի շատ բան իմանալ Հայաստանի մասին»,–նշում է Իրա Լոսկոն:

Իրայի խոսքով՝ թեեւ Հայաստան է ժամանել շատ կարճ ժամանակով՝ ընդամենը մի քանի օրով, այնուամենայնիվ, վստահ է, որ ստացած տպավորությունները դեռ երկար կմնան հիշողության մեջ, քանի որ հիացած է Գառնու տաճարի, Գեղարդի գեղեցկությամբ, բնաշխարհով, հայկական խոհանոցով եւ պատմությամբ:

«Թեեւ ես այստեղ եկա հայ ժողովրդի համար դժվարին օրերին, այնուամենայնիվ, իմ ցավակցություններն եմ փոխանցում այն մարդկանց, ովքեր տուժել են այս դեպքերի ընթացքում: Մենք՝ արտիստներս, առաջին հերթին խաղաղություն եւ սեր ենք քարոզում, թող մեր ձայնը լսելի դառնա ամբողջ աշխարհում»,- նշում է Մալթայի ներկայացուցիչը:

Իվետա Մուկուչյանի խոսքով՝ իսկապես հաճելի էր Իրային ծանոթացնել հայկական մշակույթին եւ ավանդույթներին:

«Թեեւ ես նախապես տեղեկացրել էի Իրային, թե ինչ իրավիճակ է Արցախում, նա այնուամենայնիվ եկավ Հայաստան՝ լինելու հայ ժողովրդի կողքին, որի համար շնորհակալ եմ նրան: Իրան հրաշալի անձնավորություն է՝ գեղեցիկ, տաղանդավոր: Ինձ իսկապես հաճելի է ծանոթանալ նրա երաժշտական գործունեությանը: Նրան մրցույթում իսկապես հաջողություններ եմ մաղթում»:

Իսկ ահա ապրիլի 17-ին Եվրատեսիլի օրագրի շրջանակներում հայտնի կդառնան այն երգչուհիների անունները, ովքեր եվրատեսիլյան բեմում կերգեն Իվետա Մուկուչյանի հետ միասին՝ որպես բեք-վոկալներ:

«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին՝ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը