Լրահոս

14.10.2010 09:17


Մի շարք ՀԿ-ներ խոր հիասթափություն են հայտնում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերհաժողովի գլխավոր քարտուղարին

ԵԽԽՎ նախագահին

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահին

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային

«Միջազգային ամնիստիա» կազմակերպությանը

«Հյուման ռայթս ուոթչ» կազմակերպությանը

Մենք, ներքոստորագրյալ ՀՀ հասարակական կազմակերպություններս մեր խոր հիասթափությունն ու տարակուսանքն են հայտնում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների Երևան կատարելիք, դեռ ս.թ. հունիսի 22-ին Հանձնաժողովի կողմից արտոնված այցի հերթական հետաձգման կապակցությամբ:

Չնայած նրան, որ ՀՀ իշխանությունները կոպտորեն խախտում են Ժողովրդավարության, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության և օրենքի գերակայության ոլորտներում իրենց միջազգային պարտավորությունները, մասնավորապես շարունակում են ակնհայտորեն անտեսել Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած վերջին չորս բանաձևերի հիմնական պահանջները, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակում է ՀՀ իշխանությունների նկատմամբ ցուցաբերել անընդունելի փափկություն:

 Հանդուրժելով համազեկուցողների այցն իրականացնելու դիմումի մերժումը ՀՀ իշխանությունների կողմից, ինչը պայմանավորված է միմիայն 2008 թ-ի նախագահական ընտրություններից ի վեր կատարված հանցագործությունների համար պատասխանատվությունից հերթական անգամ խուսափելու վերջիններիս ձգտումով, Հանձնաժողովը փաստորեն դառնում է խաղալիք ՀՀ իշխանությունների ձեռքերում և նպաստում է նրանց անպատժելիության խորացմանը:

 Ավելին, համազեկուցողների Հայաստան կատարելիք այցի շուրջ ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանի ընթացքում ծավալված քննարկումները և այցի հետաձգման պատճառաբանությունները ստիպում են մեզ կասկածել Մոնիտորինգի ընթացակարգի իմաստավորվածության և Հանձնաժողովի անաչառության վերաբերյալ:

 Համարելով անընդունելի ՀՀ իշխանությունների կողմից մոնիտորինգի գործընթացը անձնավորելու ճիգերը' մենք մեկ անգամ եւս կոչ ենք անում Հանձնաժողովին չենթարկվել ՀՀ իշխանությունների ճնշումներին, ներկայացնել համազեկուցողների այցն անհապաղ իրականացնելու պահանջ և հասնել այդ պահանջի իրականացմանը:          

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ,

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Մենք պլյուս» ՀԿ

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

Քաղաքական բանտարկյալների կանանց «Շահխաթուն» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը