Լրահոս

16.04.2016 15:55


Բաքվից առաջնագիծ տեղափոխված ուղղաթիռն ունեցել է հստակ թիրախներ

Բաքվից առաջնագիծ տեղափոխված ուղղաթիռն ունեցել է հստակ թիրախներ

Այսօր ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը լրագրողներին ներկայացրել է ադրբեջանական խոցված մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը։

Նա նշել է, որ ադրբեջանական զինուժի «Ми-24G» մարտական ուղղաթիռը մոդեռնիզացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Ուկրաինայում: Ավետիք Մուրադյանն ասել է, որ խոցված ուղղաթիռի օդաչուներից մեկի մոտից հայտնաբերված գրքույկում գրառումներ են արվել մարտի 31-ին, և ներկայացրել է որոշ մանրամասներ.

–Համաձայն հայտնաբերված փաստաթղթերի՝ օդաչուն պետք է թռիչք իրականացներ Բաքվի տարածքում գտնվող «Կալա» օդանավակայանից և վերաթռիչք դեպի «Քյորդանի» ռազմական օդանավակայան` 60 րոպե տևողությամբ։ Հետո սկսել է պատրաստվել հաջորդ օրվա թռիչքին՝ իրականացնել վերաթռիչք դեպի «Բայլադան» ուղղաթիռների հարթակ: Օդաչուների կողմից կիրառվող քարտեզը գաղտնագրերով է, ինչը հետազոտելիս երևում է, որ օդաչուն թռիչքից մեկ երկու օր առաջ ստացել է մարտական թռիչքներիրականացնելու խնդիրներ,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ քարտեզում նշված են ԼՂՀ տարածքում 9 նշանակետեր, որոնց հեռավորությունն առաջնագծից եղել է 3-10 կմ խորությամբ` ամենահեռահարը՝ Ֆիզուլի քաղաքի հարավարևելյան մասում:

-Որպես օդաչու՝ կարող եմ ասել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր հերթականությամբ, որպես առաջին խնդիր ՝տրված է եղել առաջնագծից մինչև 3 կմ հեռավորությամբ, հետո մինչև 10 կմ խորությամբ,-ասել է նա՝ շեշտելով, որ օդաչուները թռիչք իրականացնելիս համագործակցել են առաջնագծի ավիանշանառուների հետ:

Ավետիք Մուրադյանն ասել է, որ ցանկացած ռազմական մասնագետ կընդունի, որ տվյալ կողմն իրականացրել է նախնական մարտական գործողությունների մշակում, ստացել է նշանակետերի կոնկրետ ցուցում: Նաև հայտնել է, որ սև արկղերի հետազոտության արդյունքում պարզվել է,որ օդաչուն թռիչքը շատ լարված վիճակում է իրականացրել, ունեցել է կառավարվող հակատանկային միջոցներ, սակայն դրանք չի կիրառել, այլ կիրառել է միայն թնդանոթը, մինչև մեկ կմ խորությամբ, երկու րոպե ձգանը սեղմած է պահել, ու հենց այդ վիճակում էլ ուղղաթիռը խոցվել է մեր տղաների կողմից:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկացրել է, որ հակառակորդի ուղղաթիռը Ադրբեջանի տարածքում վթարային վայրէջք է կատարել, և չի բացառվում, որ ընկնելիս է ոչնչացվել։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ առկա բոլոր փաստաթղթերը հստակ ապացույցն են այն բանի, որ հակառակորդը լայնածավալ գործողություններ է պլանավորել, այլապես, ըստ նրա, օդուժի կիրառում չէր լինի։

Անդրադառնալով ստորաբաժանումներում փափմուշտներ չլինելու կամ քիչ լինելու մասին խոսակցություններին՝ ՊՆ մամուլի խոսնակն ասել է, որ դրա վերաբերյալ ոչ մի հիմնավոր ապացույց չկա.

-Այդ անձնական հուզական պատմություները, թե զինվորները կրակեցին մինչև վերջին փափուշտը, չի նշանակում, որ զինվորը փափուշտ չի ունեցել: Մենք չենք կարող ձեզ պատմել, թե զինվորն այդ պահին ինչ մարտական խնդիր էր կատարում: Հնարավոր է՝ զինվորն այդ պահին կատարում էր այնպիսի մարտական խնդիր, որ իր հետ եղած ամբողջ մարտապաշարը պետք է կրակեր: Դա բնական երևույթ է, որը հանդիպում է պատերազմների ժամանակ: Ի վերջո, չմոռանանք, սա պատերազմ է, և հակառակորդը իրականացրել է ինտենսիվ հրետանային կրակ,-ասել է նա:

Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ ադրբեջանական մամուլում սկզբում եղել են 2-3 խոշոր վերլուծական հոդվածներ, որոնք այսօր չկան, քանի որ սկզբում, երբ գործողությունը տապալվել էր, սակայն դեռ ինֆորմացիոն ապահովման բլոկն այդ հրահանգը չուներ, ուրախությամբ նշում էին, որ այս կամ այն բնակավայրերը Ադրբեջանի կողմից գրավված են, այսինքն՝ տարածվող ինֆորմացիան և կատարվող գործողություններն իրար չէին համապատասխանում:

Ավետիք Մուրադյանը տեղեկացրել է, որ, ընդհանուր առմամբ, սահմանի մի հարթակում հակառակորդը 12-14 մարտական ուղղաթիռ է ունեցել.

-Մարտական փաստաթղթերը, մասնավորապես, հիմնավորում են, որ տվյալ ուղղաթիռն իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում,-ասել է նա:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը