Մեկնաբանություն

20.04.2016 00:05


Սերժ Սարգսյանը 250 միլիոն դոլա՞ր է ուզում

Սերժ Սարգսյանը 250 միլիոն դոլա՞ր է ուզում

Չորսօրյա պատերազմից հետո ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանում։

Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն, գերագույն գլխավոր հրամանատարը և մեր երկրի անվտանգության երաշխավորը նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդն է։ Հանգամանքների բերումով և բոլորիս հայտնի ձևերով այդ պաշտոնում հիմա Սերժ Սարգսյանն է։ Դա նշանակում է, որ տեղի ունեցածի համար պետք է հաշիվ պահանջել իրեն «Խաղաղության կուսակցության» ներկայացուցիչ հռչակած, սակայն վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում պատերազմի պատճառ դարձած Սերժ Սարգսյանից։ Ասել է թե՝ «Սերժն ի՞նչ մեղավոր է ...» «տրյուկը» չի անցնում։

Սակայն արի ու տես, որ հայտնվում են ինչ–որ «ակԾիվիստներ», ովքեր Սերժ Սարգսյանից պահանջում են աշխատանքից ազատել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Այստեղ են ասել՝ իյա՜, իրո՞ք։ Բա Սերժ Սարգսյանն այդ ընթացքում Գյուլի հետ հեռախոսով զրուցելի՞ս է եղել ու բանից անտեղյա՞կ է եղել։

Պահանջ է ներկայացվել նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային գումարները պետբյուջե փոխանցել (անհայտ տղաներն ու աղջիկները հետևողական լինելու դեպքում պետք է բարձրացնեին նաև Տիգրան Սարգսյանի օֆշորային գումարների հարցը, բայց «մոռացել են»)։ Փորձեք մի քանի անգամից կռահել, թե հանրության աչքից հեռու ով է մինչև հիմա անարդյունավետ ձևով (մեղմ ասած) տնօրինել ու դեռ շարունակում տնօրինել բյուջետային միջոցները։ Նաև փորձեք կռահել, թե ով է զբաղվում «ատկատներով»։ Դե պատկերացրեք, թե ինչ է լինելու պետբյուջե փոխանցած գումարի հետ: Նկատենք, որ դա նույնն է, որ գինեմոլին գինետուն վստահես։

Նույն մարդիկ ՀՀԿ ղեկավարից պահանջում են 5–ական միլիոն դոլար հավաքել թվով 50 հոգուց, որոնց մեջ են ինչպես Սարգսյանի «թիմակիցները», այնպես էլ ոչ թիմակիցները։ Փողն ուզում են չորսօրյա պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների ու վիրավորների, ինչպես նաև բանակի արդիականացման համար։

Փաստորեն, այս մարդիկ պահանջում են պատերազմի ու մեր կորուստների թիվ մեկ պատասխանատու Սերժ Սարգսյանին 250 միլիոն դոլար տալ ու ձեռքի հետ էլ ներիշխանական խնդիրներ լուծել։ Եվ այս ամենը՝ «հայրենասիրական» խրոխտ բացականչությունների ներքո։

Ստացվում է, որ «Գեբելսյան» քարոզչամեքենան ուզում է իշխանության վերին օղակի ձախողումները տրանսֆորմացնել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման «հանրային պահանջի»։ Նաև փորձ է արվում մեկ ընտանիքի օգտին գումարների վերաբաշխումը ներկայացնել որպես բարեփոխումներ և ողբերգությունը ծառայեցնել ողբերգության պատճառ դարձածների շահերին։

Այն հարցերում, որ մեր բանակն արդիականացման կարիք ունի, և որ մեր զոհված զինվորների ընտանիքներն ու վիրավորները լուրջ օժանդակության կարիք ունեն, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց առնվազն ծիծաղելի է այսօրվա վիճակի թիվ մեկ պատասխանատու և Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանից, այսպես կոչված, հակաօլիգարիկ պայքար պահանջելը։

Վերջին ութ տարիների ընթացքում ՀՀ պարտքն աճել է մոտ չորս անգամ։ Չորս միլիարդ դոլարի չափ վարկ է վերցվել, ու դրա հետքը չի երևում։ Տարբեր գնահատականներով՝ Սերժ Սարգսյանի ու իր մերձավորների ֆինանսական կարողությունները 10 միլիարդ դոլարի չափ են։

Հիմա Սարգսյանից պահանջում եք ևս 250 միլիոն դոլար հավաքել, որ ի՞նչ անեք։ «Ներազգային համախմբո՞ւմ» եք խաղում։

2008–ից այս կողմ տնտեսության տարբեր ճյուղեր ու բիզնեսներ են մենաշնորհայնացվել հօգուտ մեկ ընտանիքի։ Տեղի է ունեցել տոտալ թալան։ Սա՛ է պատճառը, որ մեր զինվորները կռվում են 80–ականների զենքով ու ստիպված են հայրենիքի պաշտպանության համար իրենց ոգին ու կյանքը դնել մարտի դաշտում։

Այն ժամանակ, երբ Ալիևը զենք էր գնում Ղարաբաղի վրա հարձակվելու համար, ՀՀ իշխանությունները հաշվի չէին առնում կոմպետենտ մարդկանց զգուշացումները (Սամվել Բաբայանը դեռ երեք տարի առաջ էր ահազանգել սպասվող պատերազմի մասին ու առաջարկել լուծումներ), մատը մատին չէին տալիս ու մտածում էին, որ կարելի է «նախաձեռնողականության» միջոցով ու դրսի ուժերի աջակցությամբ անվտանգություն ապահովել։ Հիմա փաստի առաջ են կանգնեցրել մեր ժողովրդին ու ստիպված կեղծ թիրախներ են հրամցնում, որպեսզի գլուխները պրծացնեն։ Չի՛ ստացվելու։

Եվ ուրեմն, իրերն իրենց անվանումներով պետք է կոչել, այլ ոչ թե մեր տղաների դիակների վրա կեղտոտ ներքաղաքական խաղեր խաղալ։

Ինչ վերաբերում է իրական անելիքներին, ապա Սերժ Սարգսյանը, ով հանգամանքների բերումով զբաղեցնում է գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, պետք է փորձի բանակցային գործընթացում ժամանակ ձգել ու կանխել պատերազմը (կամ գոնե հետաձգել պատերազմական գործողությունները), մինչև որ Հայաստանը կարողանա զինվել ու պատրաստվել պատերազմի։ Մեր պատրաստվածությունը կարող է զսպող ֆունկցիա կատարել ու թույլ չտալ հակառակորդին լկտիանալ։ Որևէ միակողմանի զիջում հայկական կողմից շատ ավելի վատ հետևանքների կարող է բերել:

Դատելով ամենից՝ Ալիևը բանակցային գործընթացում որևէ փոխզիջման չի գնալու և պահանջելու է ամբողջը, որպեսզի դա չստանալուց հետո հիմնավորի, թե ինչու է գնում հարցի ռազմական լուծման ճանապարհով։ Ահա թե ինչի հանգեցրեցին «նախաձեռնողականությունը» և քիրվայությունը։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը