Մեկնաբանություն

20.04.2016 09:28


ՀՀԿ ղեկավարի աշխատանքային հագեցած գրաֆիկը

ՀՀԿ ղեկավարի աշխատանքային հագեցած գրաֆիկը

Չգիտեմ՝ այդպես լինո՞ւմ է, երբ թշնամին նախահարձակ է լինում, պատերազմական գործողություններ է սկսում, ու որեւէ երկրի ղեկավար միայն 17 օր հետո է որոշում մեկնել այն տարածքը, որտեղ թեժ մարտեր են ընթացել, եւ մարդկային զգալի կորուստ է արձանագրվել (անգամ եթե իրենց պատկերացումներով եւ իրավաբանորեն այդ հատվածը որեւէ ղեկավար բուն երկրի մաս չի համարում):

Հավանաբար, միայն մեզանում կարող ենք նման բան տեսնել (դե, 25 տարվա ընթացքում բեկումնային պահեր եղել են, ու Սերժ Սարգսյանին անգամ օրը ցերեկով, ճրագը ձեռքներիս փնտրել ու չենք գտել):

Ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակողական գործողություններից 17 օր հետո միայն Սերժ Սարգսյանը հասավ Արցախ:

Ամենաապահով ու թեթեւ գործը մեդալներ բաժանելն է ու հայ զինվորին գովելը, ոգեւորելը, կենացային մակարդակի ելույթ ունենալն է, ինչի համար էլ 17 օր անց նա մեկնեց Արցախ:

Իսկ ինչո՞վ էր զբաղված ՀՀԿ ղեկավարը ապրիլյան թեժ տասնօրյակի ընթացքում: Երբ դեռ հայտնի էլ չէր՝ կավարտվե՞ն, թե ոչ արյունալի մարտական գործողությունները: Ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանը հանգիստ խղճով մեկնեց Գերմանիա (իսկ պատերազմի սկսման ժամանակ, հիշեցնենք, չէր շտապում ԱՄՆ-ից վերադառնալ. ամեն գնով ուզում էր Սպիտակ տունը ներսից էլ տեսնել):

Երկու օր անցկացրեց Գերմանիայում ու այնտեղ հանդիպումներ ունեցավ անգամ ինչ-որ տարածաշրջանի վարչապետի հետ: Մինչ այդ հասցնելով Երեւանում միասնական աղոթքի հերոսի դերում հանդես գալ:

Ապրիլի 7-ին վերադառնալով Գերմանիայից՝ թվում էր, թե գոնե այդ օրը կմեկնի Արցախ: Բայց ոչ: Սկսեց զանգահարել Պուտինին, Նազարբաեւին ու էլի մի քանիսին: Նույն պահին նախագահականի մամուլի ծառայությունը որպես «դարի լուր» վռազ տարածեց, թե՝ ժողովո՜ւրդ, իմացե՜ք, որ հունիսին Հայաստան է գալու Հռոմի պապը (երեւի, էս անգամ էլ Սարգսյանին է մեդալ տալու):

Այնուհետ Սերժ Սարգսյանը շարունակեց պալատում ընդունելությունների շարքը. երկու կաթողիկոսներից մինչեւ ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ, բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներից մինչեւ ԵՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյան ու Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն, Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Մեդվեդեւ եւ այլն (հընթացս չմոռանալով կանանց տոնի միամսյակի ավարտի կապակցությամբ ուղերձ հղել):

Հա՛, մեկ էլ հանկարծ հիշեց պատերազմի մասին ու այցելեց Պաշտպանության նախարարություն (ԱԱԽ նիստերը՝ չհաշված, քանի որ դրանք կարող էր Արցախում հրավիրել):

Մի խոսքով, շա՜տ արտակարգ ռեժիմով էր աշխատում, դրա համար էլ 17 օր հետո միայն ժամանակ գտավ Արցախ մեկնելու համար: Դե, երբ ամեն բան հարաբերականորեն խաղաղվել էր:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը