Լրահոս

20.04.2016 14:20


Թուրքագետը չի կարծում, թե ԱՄՆ-ն այս տարի կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Թուրքագետը չի կարծում, թե  ԱՄՆ-ն այս տարի կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայաստանը կանգնած է Ցեղասպանության ժխտողականության քրեականացման ճանապարհին, որտեղ որոշակի հաջողություններ են գրանցվել, բայց ոչ լիարժեք: Այս մասին ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

-Լիարժեք կլիներ այն ժամանակ, եթե ԱՄՆ-ը վերցներ և ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, որին անպայման կարձագանքեին Անգլիան և Իսրայելը, իսկ մնացած պետությունների արձագանքն այդքան էլ էական չէր լինի,-ասել է թուրքագետը՝ հավելելով, որ չի կարծում, թե ԱՄՆ-ն այս տարի կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ճանաչելու դեպքում կնշանակի՝ ԱՄՆ-ն Թուրքիայի վրա գործադրվող ազդեցության լծակը ինքնակամ վայր կդնի, որը այդքան էլ պետք չէ նրան:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ի նախօրյակին Թուրքիայում միշտ էլ հակահայկական տրամադրություններ են նկատվում, սակայն այս տարի որևէ շոշափելի քայլ չի արվել:

-Միակ քայլը ապրիլի 14-ի Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի մասին զեկուցագիրն էր, որտեղ, ինչպես միշտ, այս անգամ ևս Թուրքիայից ակնարկի ձևով պահանջվում էր, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը,-ասել է Չաքրյանը:

Թուրքագետը նշել է, որ ամենանշանակալի և ուժգին քայլը կլիներ, եթե Եվրախորհրդարանի՝ նախորդ տարի ընդունած որոշումը կատարվեր. որոշումն ընդունվել էր Հռոմի պապի հանրահայտ ելույթից հետո:

-Եվրախորհրդարանի այդ որոշմամբ՝ ապրիլի 24-ը ԵՄ անդամ բոլոր երկրներում պարտադիր պետք է ճանաչվեր ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր, սակայն այդ ուղղությամբ որևէ տեղաշարժ էլ չեղավ– ընգծել է թուրքագետը:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը