Լրահոս

20.04.2016 15:56


Վիրավորված ՊԲ զինծառայող. «Թշնամին նույնն է կատարել մեր հայրենիքի նկատմամբ. փոխվել են միայն զինատեսակները»

Վիրավորված ՊԲ զինծառայող. «Թշնամին նույնն է կատարել մեր հայրենիքի նկատմամբ. փոխվել  են միայն զինատեսակները»

ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում բուժվող Ադրբեջանի ապրիլյան նախահարձակ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված հիվանդների վիճակը կայուն է. այժմ նրանք ապաքինման փուլում են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրապետական բժշկական կենտրոնի հիվանդանոցային բուժօգնության գծով տեղակալ Ալեն Պողոսյանը:

«Այս պահին մեր կենտրոնում բուժում է ստանում 7 վիրավոր, որից 4-ը քաղաքացիական անձ է, 3-ը՝ զինծառայողներ: Ծանր վիճակում գտնվող հիվանդներ չունենք»,-տեղեկացրել է Ա. Պողոսյանը:

Մատաղիսի բնակիչ, ԼՂՀ ՊԲ պայմանագրային զինծառայող Կամո Աբրահամյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ապրիլի 2-ին բեկորային վնասվածք է ստացել. այժմ նրա վիճակը կայուն է:

«Առաջին անգամ 1993 թվականին եմ վիրավորվել և կոնտուզիա ստացել, բայց հաշմանդամության կարգ չունեմ: Այս պատերազմը ոչնչով չի տարբերվում մյուսից. թշնամին նույնն է կատարել մեր հայրենիքի նկատմամբ: Փոխվել են միայն զինատեսակները. այս անգամ ռազմագործողություններում ավելի շատ կիրառվել են ժամանակակից զինատեսակներ՝ հատկապես անօդաչու սարքեր: 18-20 տարեկան մեր առյուծասիրտ տղաներն ունեն անկոտրում և ուժեղ կամք՝ առանց վարանելու ու խուճապի մատնվելու պատրաստ մինչև վերջ պայքարելու»,-ասել է Կ. Աբրահամյանը և ավելացրել, որ ապաքինվելուց հետո ինքն անպայման շարունակելու է ծառայությունը:

Կ. Աբրահամյանի խոսքով՝ իր ընտանիքն այժմ ժամանակավորապես բնակվում է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում, քանի որ ռմբակոծության հետևանքով իրենց տունը ևս վնասվել է:

Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղի բնակիչ ՊԲ պայմանագրային զինծառայող Վիլի Ղազարյանը, ով ապրիլի 4-ին բեկորային վնասվածք է ստացել առաջնագծում, նույնպես բուժում է ստանում ՀԲԿ-ում:

«Պատերազմի ժամանակ միայն մի նպատակ ունեի՝ հնարավորիս շատ թշնամի ոչնչացնել: Մենք միասնական, կազմակերպված էինք կռվում, ու եթե մեր՝ մեկս մյուսի թիկունքը պահելը չլիներ, զոհեր ավելի շատ կունենայինք»,– ասել է Վ. Ղազարյանը։

Մանրամասն՝ «Արցախպրես»-ում

Այս խորագրի վերջին նյութերը