Լրահոս

14.10.2010 13:16


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ. «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ. «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Հունաստանից կմեկնի Կիպրոս:

Հունաստանում ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Հունաստանի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարների հետ : Հաջորդաբար հանդիպումներ կայացան «Ձախ արմատական կոալիցիա» խմբի նախագահ Ալեքսիս Ցիպրասի, «Նոր ժողովրդավարություն» խմբակցության նախագահ Անտոնիս Սամարասի, «Հունաստանի Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ղեկավար  տիկին Ալեգա Պապարիգայի եւ  «Ազգային ուղղափառ միավորում» խմբի նախագահ Գեորգիոս Կարանցաֆերիսի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Հայ եւ հույն պատգամավորները կարեւորեցին միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը եւ փոխգործակցությունը միջազգային տարբեր կառույցներում եւ շեշտեցին, որ կարող են ապավինել միմյանց  աջակցությանը երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում:

Հոկտեմբերի 13-ին Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուի հետ:

ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ պարոն Էվթիմիուի պաշտոնավարման    ընթացքում Հայաստանի  Ազգային  ժողովի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջեւ հաստատված ջերմ համագործակցությունը կշարունակվի զարգանալ եւ կդառնա էլ ավելի արդյունավետ: Նա բարձր գնահատեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում'  համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր դեր է ստանձնել միջազգային հարաբերություններում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Նա նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը եւ  գոհունակությամբ փաստեց, որ այն լավ հիմքերի վրա է դրված, ինչը տարիների ընթացքում տվել է իր դրական արդյունքները:

Հովիկ Աբրահամյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը մշտապես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ուշադրության կենտրոնում պահելու փաստը եւ այս համատեքստում ընդգծեց   ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը' որպես բանակցային գործընթացի միակ եւ գործուն ձեւաչափ: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է վստահության մթնոլորտի հաստատումը' բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուն կարեւորեց ՀՀ ԱԺ նախագահի այցը Հունաստան' նշելով, որ երկու ժողովուրդների դարերից եկող բարեկամությունը այժմ էլ խորանում եւ ամրապնդվում է, ինչին մեծապես նպաստում են երկու երկրների համայնքները: Նա բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ -ի եւ Հայաստանի խորհրդարանի համագործակցությունը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը' պարոն Էվթիմիուն  շեշտեց, որ հարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Նա նշեց, որ  հակամարտության կարգավորման ամենագործուն  ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը: Ըստ ԵԱՀԿ ԽՎ նախագահի' հարցը չի կարելի տեղափոխվել այլ կառույց:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Պարոն Աբրահամյանը ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահին հրավիրեց Հայաստան, հրավերը սիրով ընդունվեց:

Հոկտեմբերի 13-ի երեկոյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց հունահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո ԱԺ նախագահը մասնակցեց ՀՀ անկախության 19-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը եւ հանդես եկավ ելույթով: Հովիկ Աբրահամյանի հրավերով ընդունելությանը  ներկա էին  նաեւ Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսը  եւ ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուն:

Այս խորագրի վերջին նյութերը