Մեկնաբանություն

21.04.2016 00:35


Օֆշորային հայրենասիրություն

Օֆշորային հայրենասիրություն

Մենք տերություն չենք, ու մեր բանաստեղծը չի կարող ասել՝ Հայաստանին բանականությամբ չես հասկանա:

Մեր բանաստեղծը կարող է միաժամանակ Մասիս երգել ու նաեւ ասել, որ տարածքները պետք է հանձնենք: Բայց այս մասին չեմ ուզում խոսել: Հայաստանին իսկապես բանականությամբ չես հասկանա:

Երբ սոցցանցերում մարդիկ հրճվում են ու ասում, որ Պանամայի օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանը ոչ միայն պետք է հրաժարական տար, այլեւ պետք է փողերը հետ վերադարձնի բյուջե, ես մտածում եմ, որ հիշողություն չունեն մարդիկ: Իսկ մինչ այդ 3 տարի ինչի՞ մասին էր գրում «Հետք» կայքը:

Հիմա ոմանք մոռացել են, որ մինչ Պանաման եղել է Կիպրոսի օֆշորային սկանդալը, որի «հերոսներից» մեկն է այսօր դատաքննության մասնակից-մեղադրյալը: Իսկ խոշոր շնաձկները՝ նախկին վարչապետ, ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանը եւ ՀՀԿ-ական սրբազան Կճոյանը դատարանում երեւալու մտադրություն չունեն: Արհամարհում են:

Կիպրոսի գլխավոր դատախազն էլ, հայտնվելով Երեւանում, նշված թեմայով լրագրողների հարցը «ջրում» է: Սա՛ է իրականությունը:

Օֆշորային սկանդալի նախադեպը եղել է, սակայն հիմա «հանկարծ» հրաժարականով պատժեցին Միհրան Պողոսյանին: Լավ արեցին: Բայց ինչպե՞ս հավատալ Բաղրաման 26-ին, որը 3 տարի աչք փակելով Տիգրան Սարգսյան-Կճոյան-Աշոտ Սուքիասյան օֆշորային եռյակի օֆշորային գործւնեության վրա՝ միայն հիմա որոշեց «արդարամիտի» պոզա ընդունել ու հրաժարականի դիմում պարտադրել Պողոսյանին:

Եթե անցած տարիներին «Հետքի» հետաքննությունը տարածող լրատվական դաշտի մեծ մասը զբաղված էր կիպրոսյան սկանդալի լուսաբանմամբ, ու այդ ամենը Բաղրամյան 26-ն անտեսում էր ու «չէր նկատում», ապա ինչպե՞ս պատահեց, որ պանամականը առան լուսարձակի տակ: Իսկ մեր աչքի առաջ ծերացավ ու ցամաքեց տուժողը՝ Փայլակ Հայրապետյանը, որը, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, արդարություն եւ օրինականություն է փնտրում եւ այդպես էլ չի գտնում:

Կրկնում ենք՝ ինչպե՞ս հավատալ նման «արդարադատությանը»: Երբ Տիգրան Սարգսյանը ոչ միայն չպատժվեց, այլ ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց, իսկ այս տարվա փետրվարի 1-ին էլ ստանձնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը:

Օֆշորային սկանդալի հերոսը վարչապետի պաշտոնում շարունակում էր երգել «Բարով եկար, սիրուն կռունկ»-ը, շարունակում էր անվրդով ռոկերային կիթառահարությունը (շատ ցածր մակարդակի կատարմամբ), շարունակում էր ՀՀԿ-ի բազմամարդ երիտ-«տաշի-տուշի»-ներում հարբած բարբառել երկրի բոլոր ոլոլոլոլորտներում արջանագրված «ջեռքբերումների» մասին: Հիմա էլ մոսկվաներից անհոգ ծեքծեքում է՝ «Հայրենիք, իմ ճակատագիր, իմ սեր, իմ ցավ, իմ սրբություն, իմ հույս…»։

Դե բա, սրբություն ու հույս է, որ քո նմանը ոչ թե դատարանում է, այլ Եվրասիականի փափուկ բազկաթոռին:

Սա Հայաստանն է եւ վե՛րջ: Այստեղ օֆշորային սկանդալի մեջ ներքաշվածների հանդեպ խտրական վերաբերմունքի «իրավասուն» եւ «երաշխավորը» մեկ անձ է, որն էլ որոշում է՝ որին պատժել, որին՝ պարգեւատրել: Այդ վերաբերմունքը բոլոր ոլոլոլոլորտներում է նկատելի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը