Մեկնաբանություն

21.04.2016 16:10


Ինչպես է մսխվել հաղթանակը (տեսանյութ)

Ինչպես է մսխվել հաղթանակը (տեսանյութ)

Ղարաբաղյան պատերազմում մեր տարած հաղթանակը փառահեղ էր։ Սակայն որքան փառահեղ էր այդ հաղթանակը, նույնքան սարսափելի էր այդ հաղթանակի մսխման գործընթացը։

Մենք հաղթեցինք ճակատում, բայց պարտվեցինք թիկունքում։

1994–ին կնքած զինադադարից հետո՝ 1995–ին, սկիզբ դրվեց ընտրակեղծիքներին։ Սեփականաշնորհման գործընթացը կազմակերպվեց այնպես, որ ձևավորվեց նոմենկլատուրային կապիտալիզմ՝ անմարդկային տեսքով։

Հետո ձևավորվեց կլանաօլիգարխիկ համակարգ, որի գործադիր տնօրեն Սերժ Սարգսյանն այժմ այն ուզում է վերածել «Մեկ օլիգարխի տնտեսության», ինչը շատ ավելի գռեհիկ հասարակական–քաղաքական հարաբերություններ է ենթադրում, քան ունեինք երեկ և ունենք այժմ։

«Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործընթացն է, որ թուլացրեց Հայաստանն այնքան, որ Ադրբեջանը խոսքից անցավ գործի և չորսօրյա պատերազմում մեզ ահագին վնաս պատճառեց. մենք ունենք տասնյակ զոհեր և կորցրած տարածքներ, որոնք ոչ թե հարյուրավոր մետրերով են չափվում (ինչպես մեզ ուզում են հրամցնել իշխանությունները), այլ կիլոմետրերով, ընդ որում՝ և՛ հյուսիսարևելյան, և՛ հարավարևելյան ուղղություններով։

Ի դեպ, հաղթանակը վերջնականապես մսխելուց առաջ շատ լուրջ և թիրախային աշխատանք է կատարվել։ Հաղթանակի ոգու և մտքի դեմ են դուրս եկել։ Ոգին Վազգեն Սարգսյանն էր, ով միշտ գտնում էր անհրաժեշտ բառերը և ուներ անսահման էներգետիկա։ 1999–ի հոկտեմբերի 27–ին Վազգենը սպանվեց։

Պատերազմի միտքը Սամվել Բաբայանն էր, ով, որպես զորքի հրամանատար, կարողացավ ոչ միայն պաշտպանական, այլ նաև ազատագրական մարտեր մղել, և ով կարողացել էր փոքր ուժերով մեծ տարածքներ վերցնել՝ ռազմարվեստի ոլորտում գրանցելով փայլուն արդյունքներ։

Պատերազմից հետո Սամվել Բաբայանի դեմ և՛ Ստեփանակերտում, և՛ Երևանում «մուտիլովկաներ» իրականացվեցին։ Նրա դեմ հետևողական պայքար մղվեց թիկունքից։ Արդյունքում՝ նա սկզբում հայտնվեց բանտում, ապա 2010–ից լքեց Հայաստանը։

Ինչպես պարզվեց, երեք տարի առաջ Բաբայանը, մի կողմ դնելով տարաձայնությունները և անձնական հարաբերությունները, նամակով զգուշացրել է Սերժ Սարգսյանին սպասվող զարգացումների մասին և առաջարկել լուծումներ, բայց դե, սրանք ունեն շատ նեղ մտածողություն և զբաղված են բացառապես անձնական խնդիրներով։ Բնականաբար, Բաբայանի զգուշացումն ու օգնելու պատրաստակամությունն անտեսվել են, քանզի զինվորի կյանքը, փաստորեն, արժեք չունի այս իշխանությունների համար։ Եվ, ինչպես երևում է, Բ26–ում դեռ շարունակում են նույն գծի վրա մնալ՝ մտահոգվելով բացառապես աթոռի հարցերով։

Սարգսյանը ներքին լեգիտիմության խնդիրները լուծելու համար նախ գնաց «Ֆուտբոլային» դիվանագիտության՝ առևտրի առարկա դարձնելով Հայոց ցեղասպանության փաստը։ Հետո մի կերպ գլուխը պրծացրեց այդ գործընթացից՝ դրա դիմաց վճարելով հայ–ռուսական ռազմաքաղաքական պայմանագրի կեսդարյա երկարաձգմամբ։

Դրանից հետո ՀՀԿ ղեկավարը, ընտրակեղծիքների հարցում Արևմուտքի աջակցությունը ստանալու նպատակով, գնաց երկրորդ արկածախնդրությանը՝ եվրաասոցացմանը։ Միայն վերջում հասկացավ, թե ինչ է սպասվում, ու նետվեց դեպի ՄՄ ու ԵՏՄ՝ միամտաբար կարծելով, թե այդպիսով լուծելու է նաև Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության հարցը։ Գնացքը, ցավոք, արդեն վաղուց գնացել էր, քանզի Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականությանը զուգահեռ՝ Ալիևը պատրաստվում էր պատերազմի։

Չորսօրյա մարտերը ցույց տվեցին, թե ինչպիսի ավերածություններ է գործել Սարգսյանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում զինվորը կռվում է գրեթե «մերկ ձեռքերով», իսկ Հայաստանը դաշնակիցներ չունի։

Ահա այսպես մսխելով եկան ու հիմա հասել են Ղարաբաղի հողերը տալ–չտալու թեմային։ Խոսում են Կազանի փաստաթղթից ու «ներազգային համախմբման» շրջանակներում զիջումներից (փոխզիջման մասին այժմ խոսք անգամ չկա. թող իշխանություններն ու իրենց «միաբան» հաճախորդները դեմագոգիայով ու ստախոսությամբ չզբաղվեն, քանզի Ադրբեջանը որևէ բառ անգամ չի արտասանել իր զիջումների մասին)։

Թե ինչով կարող է այս ամենն ավարտվել, դժվար չէ կռահել։ Եվ ուրեմն, կա՛մ կփոխվի այս ներքին իրավիճակը, կա՛մ կկանգնենք համազգային աղետի առաջ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Մեր հաղթանակները մսխել են նաև այն «քաղաքական» կոչված գործիչները, որոնց վաղուց պետք էր «դուրս գրել», սակայն մնացել են ու պարազիտությամբ են զբաղված։ Այդպիսիների մասին որոշ ուշագրավ մանրամասներ էր ներկայացրել Սամվել Բաբայանը տարիներ առաջ։ Տե՛ս կից տեսանյութը։

Այս խորագրի վերջին նյութերը