Լրահոս

21.04.2016 19:30


Ապրիլի 22-ին կկայանա Ավետիսյանների սպանության գործով հաջորդ դատական նիստը

Ապրիլի 22-ին կկայանա Ավետիսյանների սպանության գործով հաջորդ դատական նիստը

Ավետիսյանների սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թ. ապրիլի 22-ին՝ ժամը 12:00-ին:

Հիշեցնենք՝ 2016 թվականի ապրիլի 15-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցած տասնչորսերորդ արտագնա դատական նիստին նախատեսված էր հարցաքննել ամբաստանյալ Վ. Պերմյակովին: Վերջինս, ինչպես և կանխատեսվում էր, հրաժարվեց ցուցմունք տալուց՝ պատասխանելով իր փաստաբանի մի քանի հարցերին դրա վերաբերյալ:

Փաստաբանի հարցին, թե արդյոք կա՞ որևէ խոչընդոտ կամ արգելք, որը կաշկանդում է Վ. Պերմյակովին ցուցմունք տալ, վերջինս հրաժարվեց պատասխանել:

Ավետիսյանների բնակարան մտնելու նպատակի և սպանությունների իրականացման վերաբերյալ հարցադրումներին ևս ամբաստանյալը պատասխան չտվեց:

Մինչ նախաքննական ցուցմունքի հրապարակումը՝ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց Վ. Պերմյակովի՝ որպես կասկածյալի տված ցուցմունքը անօրինական համարելու վերաբերյալ, քանի որ հարցաքննությունն իրականցվել է ռուս քննիչների կողմից հայ փաստաբանի մասնակցությամբ, ինչն անօրինական է: Դատարանը միջնորդությունը կքննարկի հաջորդ դատական նիստին:

Այնուհետև հրապարակվեց Վ. Պերմյակովի նախաքննական ցուցմունքը:

Հրապարակված նախաքննական ցուցմունքում Վ. Պերմյակովը նշել է, որ Ավետիսյանների տուն մուտք է գործել պատահականության սկզբունքով, ուղղորդում չի եղել: Զորամասը լքելու պատճառը տան կարոտն է եղել, քաղաքում թափառելով՝ բաց դարպաս է նկատել և մուտք գործելով բնակարան՝ փորձել է հագուստ և գումար ձեռք բերել՝ Չիտա մեկնելու նպատակով:

Ըստ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքի՝ սպանությունները կատարել է՝ վախենալով, որ ոստիկանություն կկանչեն: Վ. Պերմյակովը հայտնել է նաև, որ բնակարաններ ապօրինի մուտք գործելու փորձ նախկինում էլ է ունեցել:

Նախաքննական ցուցմունքից պարզ է դարձել, որ ծառայության ընթացքում Վ. Պերմյակովը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել, որի համար բուժում է ստացել հոգեբույժի մոտ:

Քննիչի հարցին, թե արդյոք ատելություն ունի՞ հայ ազգի նկատմամբ, Վ. Պերմյակովը բացասական պատասխան է տվել:

Հաջորդ դատական նիստին կշարունակվի Վ. Պերմյակովի նախաքննական ցուցմունքերի հրապարակումը:

Այս խորագրի վերջին նյութերը