Լրահոս

21.04.2016 22:19


Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը կայցելի Հայաստան

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը կայցելի Հայաստան

Ս.թ. ապրիլի 21-24-ը տեղի է ունենալու Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, իշխող կոալիցիայի մաս կազմող ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ դոկ. Քրիստոֆ Բերգների այցը Հայաստան: Ք. Բերգները Բունդեսթագի Հարավային Կովկասին երկրների հետ բարեկամության խմբի անդամ է: Միաժամանակ, որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ հանդիսանում է Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ զեկուցողը:

Ք. Բերգները Հայաստան է ժամանում տարածաշրջանային այցի շրջանակներում` նախապես այցելելով Ադրբեջան և Վրաստան: Այցի նպատակն է մասնակցել ընդդեմ ցեղասպանության հանցագործության երկրորդ «Global Forum»-ին, ինչպես նաև քաղաքական հանդիպումներ ունենալ ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ:

Ապրիլի 22-ին գերմանացի պատգամավորը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նախատեսվում է կարճատև շրջայց Ցեղասպանության թանգարանում, այնուհետև` ծաղկեպսակի զետեղում անմար կրակի մոտ:
Ք. Բերգները Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ 2005թ. Գերմանիայի Բունդեսթագում ընդունված բանաձևի նախաձեռնողներից է: Ներկայումս Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման ջատագովներից է և ներգրավված է նոր նախագծի մշակման միջխմբակցային աշխատանքային խմբում: Միաժամանակ, լինելով իշխանական կոալիցիայի /ՔԴՄ/ՔՍՄ-ԳՍԿ/ ներկայացուցիչ, հանդես է գալիս այդ հարցում շրջահայաց մոտեցման դիրքերից` Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորում, այդ հարաբերություններին չվնասելու զգուշավորություն` հատկապես փախստականների հսկայածավալ հոսքերի կարգավորման առումով:

Այս մասին ՖԲ իր էջում գրել է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։

Այս խորագրի վերջին նյութերը