Լրահոս

22.04.2016 16:00


Ցուցմունքներից մեկում Պերմյակովն ասել է, որ արտաամուսնական մեկ երեխա ունի

Ցուցմունքներից մեկում Պերմյակովն ասել է, որ արտաամուսնական մեկ երեխա ունի

Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Այս մասին հաղորդում է «armenpress.am»-ը:

Դատարանն այս նիստի ժամանակ շարունակեց լսել Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Ըստ ցուցմունքներից մեկի` նա խնդիր չի ունեցել ռազմաբազայում ո՛չ հրամանատարների, ո՛չ զինվորների հետ, խնդիր չի եղել նաև տանը, բնակության վայրում: Ծառայության վայրը լքելու միակ պատճառը եղել է կարոտը: Զենքն իր հետ վերցնելով` Պերմյակովը նպատակ է ունեցել հագուստ ու որոշակի գումար ձեռք բերել: Իր մտադրության մասին որևէ մեկին չի տեղեկացրել: Քննիչների այն հարցին, թե Պերմյակովը տեղյա՞կ է Հայաստանի և Ռուսաստանի հեռավորության մասին, Պերմյակովը նշել է, որ տեղյակ է, իսկ հասնել մտադիր էր որևէ բեռնափոխադրամիջոցի օգնությամբ:

Այն հարցին, թե Գյումրիում ինչպես է քայլել ինքնաձիգը ձեռքին, Պերմյակովը նշել է, որ այն թաքցրել է ձմեռային բաճկոնի տակ:

«Կարծում էի` կկարողանամ հասնել Չիտա, իսկ այնտեղ ենթադրում էի` ոչ ոք չի գտնի: Ես նպատակ չունեի սպանություն կատարելու, պարզապես ցանկանում էի վախեցնելով քաղաքացիական հագուստ ու որոշակի գումար ձեռք բերել»,– նշել է Պերմյակովը: Այն հարցին, թե ինչու է հանցանքը կատարելուց հետո դեպքի վայրում թողել զենքը, սաղավարտը, հագուստը, Պերմյակովը նշել է, որ ծանր էին:

Ի դեպ, Վ.Պերմյակովը նաև նշել է, որ մինչև Ավետիսյանների բնակարան մտնելը մոտ հինգ րոպե ուժեղ թակել է դուռը, բայց երբ արձագանք չի եղել, իր մոտ եղած դանակի օգնությամբ պատուհանի ապակին հանել ու ներս է մտել:

Քննիչների այն հարցին, թե ինչու այդ արարքից հետո մեղայականով չի ներկայացել, Պերմյակովը նշել է, որ վախեցել է քրեական պատասխանատվությունից:


Պերմյակովը նշել է, որ Ավետիսյանների տան մոտ ինքնաձիգը ձեռքին իրեն մի մարդ է տեսել, բայց ոչինչ չի ասել: Նույնիսկ ինքն է զարմացել, որ որևէ բան չի ասել,սակայն մյուս ցուցմունքներում այդ մարդու մասին չի նշել, նմանատիպ հակասական ցուցմունքներ կան նաև տաքսու վարորդի հետ կապված. մի դեպքում` նշել է, որ հեռախոսի միջից գտնելով «Արթուր-տաքսի» գրությունը, զանգել ու ուտելու շաուրմա ու խմելու բան է պատվիրել, բայց մյուս ցուցմունքներում հերքել է: Նմանատիպ հեռախոսազանգ չի եղել նաև հեռախոսի մեջ: Ցուցմունքներից մեկում նաև նշել է, որ արտաամուսնական մեկ երեխա ունի: Այս փաստը ևս մյուս ցուցմունքներում չի եղել:

Հերթական հարցաքննության ժամանակ, երբ քննիչը նշել է, որ Պերմյակովի պատմածն ու վարքը չի համապատասխանում իրականությանը,Պերմյակովը նշել է. «Թքած ունեմ ձեր կարծիքի վրա»:

Մանրամասները՝ «armenpress.am»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը