Մեկնաբանություն

22.04.2016 16:23


Երբ համատեղվում են ապուշությունն ու անբարոյականությունը

Երբ համատեղվում են ապուշությունն ու անբարոյականությունը

Երբ ուղնուծուծով քիրվայականները խոսում են հայրենասիրությունից, Ղարաբաղից ու հայրենիքի փրկությունից, հասկանում ես, որ դեմագոգիայի պակաս չկա։

Երբ «թունդ ընդդիմադիրները» հայտարարում են, թե բա՝ այս օրերին ով Սերժ Սարգսյանի շուրջը չի համախմբվում, նա աշխատում է Ադրբեջանի օգտին, հասկանում ես, որ անբարոյականները սկսել են խոսել բարոյականությունից։

Իսկ երբ մարդիկ, դեմքի խելացի հայացքով, «ներազգային համախմբման» քողի տակ պաշտպանում են իրենց կուռքի անբարոյականությունը և սերժալևոնական կոմերցիոն գործարքը, ապա հասկանում ես, որ աշխարհի բոլոր ապուշություններն արվում են դեմքի խորաթափանց ու լուրջ արտահայտությամբ։

Զավեշտն այն է, որ սրանք ռազմահայրենասիրական ճառեր են սկսել արտասանել, թե բա՝ մենք էն գլխից ենք հայտարարել, որ եթե Մասիսին բան պատահի, ապա ազգովի դառնալու ենք ֆիդայի, ու հիմա այդ պատճառով ենք ուժեղացնում ՀՀԿ ղեկավարին Ղարաբաղի հարցով բանակցությունների ժամանակ։ Ու ավելացնում են, թե բա՝ ինչպե՞ս կարելի էր պատերազմի թեժ պահին Սերժի հրաժարականը պահանջել (իրականում որևէ մեկը պատերազմի ժամանակ Սերժի հրաժարականը չի պահանջել. «7 օրը», մասնավորապես, այդ լարված օրերին միայն ՊՆ-ի ու պաշտոնական աղբյուրների լուրերն էր հրապարակում և ժամանակավորապես զերծ էր մնում իշխանություններին քննադատելուց, թեև դրա հիմքերը բազմաթիվ էին, և հետևաբար լկտի սուտ է այն, թե մենք պատերազմի ժամանակ հրաժարական ենք պահանջել)։

Լևոնականները դրոշակ են դարձրել իրենց շեֆի այն հայտարարությունը, ըստ որի՝ «Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ համաժողովրդական շարժման մասնակիցներին՝ խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»։

Նկատենք, որ սա էժանագին «ատմազկա» է։ Նախ՝ որևէ կոչ Լևոնից այս օրերին չի հնչել, որ ՀԱԿ–ականները լծվեն հայրենիքի պաշտպանության նվիրական գործին, և չկա փաստ, որ ՀԱԿ–ականները կամավոր մեկնում են ճակատ։ Ղարաբաղի ԱԺ–ում սելֆի անելը հաշիվ չէ։ Տեր–Պետրոսյանի տված օգուտը պատերազմական օրերին եղել է շատ ավելի քիչ, քան փայլուն կոշիկներով խրամատում նկարված Լիսկայինը. երկուսն էլ շոուով էին զբաղված ու զոհվածների վրա սեփական խնդիրներն էին լուծում։

Հնչել է միայն կոչ՝ համախմբվել Տեր–Պետրոսյանի կողմից պարբերաբար ավազակապետ որակված Սերժ Սարգսյանի շուրջ։ Բացի այդ՝ Սերժ Սարգսյան–Լևոն Տեր–Պետրոսյան հանդիպումից հետո վերջինս սկսել է պայքարել ՀՀԿ ղեկավարի իրական ընդդիմախոսների դեմ, իսկ ՀԱԿ–ի «ilur.am»–ը սկսել է վերակենդանացման նշաններ ցույց տալ, մինչդեռ նախորդ տարվա փետրվարյան իրադարձություններից հետո ընկել էր ֆինանսական կոմայի մեջ ու ավելի շուտ մեռած էր, քան ողջ։ Ահա այն կոնկրետ արդյունքները, որոնք արձանագրվել են «պատմական» հանդիպումից հետո։

Համ էլ՝ ՀԱԿ–ի կողմից քաղաքական գործողություն վաղուց չկա, որ մի հատ էլ այն ժամանակավորապես դադարեցնեն ու դա հրամցնեն որպես հայրենասիրություն։

ՀԱԿ–ի անդամներին կարող է իրոք թվալ, որ իրենք շարժման ու պայքարի մեջ են ու հիմա ժամանակավորապես «դառնում են ավազակապետության անդամ» (ձևակերպումը մոլեռանդ լևոնականուհիներից մեկինն է), բայց իրականությունն այն է, որ անձամբ Տեր–Պետրոսյանը պայքարը դադարեցրել է 2008թ. մարտի 1–ին։ Դրանից հետո նա որդեգրել է Սերժ Սարգսյանից «երկխոսացված» լինելու քաղաքականությունը՝ «Եղիազար Այնթապցին և էջմիածնական միաբանները» թեմայով։ Ու ինչքան շատ են շարքերը հավատացել, որ իրենք Սերժի դեմ են պայքարում, այնքան ՀԱԿ առաջնորդն ավելի է փորձել մոտենալ նույն Սերժին։ Այնքան մոտեցավ, որ 2011 թվականի աշնանը հայտնվեց, պատկերավոր ասած, փակ զուգարանում. Սարգսյանը նրան պարզապես «քցեց»։

Դրանից հետո մի պահ Տեր–Պետրոսյանը վերադարձավ քաղաքական պայքարի դաշտ և անկեղծորեն կցվեց փոփոխությունների գործին։ Դա այն փուլն էր, երբ մենք նրա վրայից թափ տվեցինք «էջմիածնական միաբանների» դարավոր փոշին և օգնեցինք հաղթահարել փակ զուգարանների արդյունքում առաջացած շոկը։ Բայց շատ չանցած՝ Տեր–Պետրոսյանը կրկին վերադարձավ ելման դիրք՝ նամակի միջոցով հանդիպում խնդրելով Սերժ Սարգսյանից։ Վերջինս, ինչպես հայտնի է, մերժեց հանդիպման խնդրանքը, քանզի իր ուզածը ՀԱԿ առաջնորդից ստացել էր ու ֆոտոսեսիայի կարիք չուներ։

Այդ քստմնելի պատմությունից հետո ՀԱԿ առաջնորդն անցավ ընդհատակ՝ հույսով, որ Ղարաբաղի հարցում ինչ–որ խնդիրներ կլինեն, ու «Եղիազարը» կրկին իրեն կհիշի։ Հիմա այդ պահն է եկել։

Այս ամենի համապատկերին մեկ այլ զավեշտ է այն պնդումը, թե բա՝ պատերազմի թունդ պահին ՀԱԿ–ը կարող էր մարդկանց կանչել Ազատության հրապարակ ու հավաքել տասնյակ կամ հարյուր հազարավոր մարդկանց և պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց դա չարեց հանուն հայրենիքի։ Ամա՜ն, ամա՜ն... Ի՜նչ հայրենասերն են, ի՜նչ հայրենասերը։

Իրականությունն այն է, որ ՀԱԿ–ն իր ղեկավարի գործունեության արդյունքում այնքան է թուլացել, որ ոչ թե տասնյակ ու հարյուր հազարավոր մարդ չեն կարող կանչել հրապարակ, այլ տասնյակ ու հարյուրավոր մարդ հավաքելու խնդիր ունեն։ Դրանք հիմա վերելակի կոճակն էլ որ սեղմեն, վերելակը չի գա, էլ ուր մնաց, թե հազարավոր մարդկանց կարողանան կանչել։

Տեր–Պետրոսյանը չորսօրյա պատերազմի արդյունքում հնարավորություն է տեսել իր «էջմիածնական միաբանությունն» անելու գործում ու դրա համար էլ հանդիպել է Սարգսյանին։ ՀՀԿ–ի ղեկավարն էլ այն օրին է, որ ստիպված է ընդունել փակված զուգարանների «ասպետի» հրավերը։ Ասել է թե՝ գործ ունենք երկու ձախողված սուբյեկտների հետ, որոնցից մեկն ուզում է վերարտադրվել, իսկ մյուսն ուզում է փայ ստանալ այդ վերարտադրությունից։ Բնականաբար, այս ամենն արվում է հայրենասիրական ճառերի ներքո։ Այդքան բան։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը