Մեկնաբանություն

23.04.2016 09:30


Սրտները բարոյական ընդդիմություն է ուզում

Սրտները բարոյական ընդդիմություն է ուզում

Ուշադրությո՛ւն, իշխանությունը սթափվել է: Այնպիսի լավ-լավ բաներ են ասում, որ չուտես-չխմես՝ Աշոտյանին ու Շարմազանովին լսես:

Պարզվում է, քառօրյա պատերազմից «դասեր են քաղել» ու հիմա Արմեն Աշոտյանը իր հաղորդման եթերից ոգեշնչված հայտարարում է, թե՝ մենք պետք է ուժեղ պետություն ստեղծենք, մենք պետք է ուժեղ երկիր ստեղծենք, մենք պետք է ուժեղ-ուժեղ բաներ ստեղծենք, ինչ ստեղծելու ենք՝ պետք է ուժեղ լինի: Հուզմունքից քիչ է մնում արտասվես:

Մյուս կողմից էլ Էդուարդ Շարմազանովն է հայտարարում. «Պատրազմը ցույց տվեց, որ ոչ մեկ սխալվելու իրավունք չունի, քսան անգամ պիտի չափենք, մի անգամ գործենք, 20 անգամ չափենք, մեկ անգամ խոսենք: Մենք պետք է ունենանք բարոյական իշխանություն, բարոյական ընդդիմություն, բարոյական սերունդ»:

Ուրեմն՝ 92 նահատակի (թիվը գրեթե ամեն օր աճում է), 100-ից ավելի վիավորների գնով հանկարծ «հասկացել» են, որ սխալվելու իրավունք չունեն: Հիմա նոր են «հասկացել»:

Պարզ է, չէ՞, որ ոչինչ էլ չեն հասկացել ու դարձյալ Սերժ Սարգսյանը շարունակելու է աշխատել նույն ոճով՝ առանց չափելու գործելու է: 20 անգամ չափող լիներ, երկիրն այս վիճակին չէր հասցնի: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում 60 տարեկանից հետո միայն որոշել, որ պետք է 20 անգամ չափել, հետո գործել:

Բայց զավեշտը Շարմազանովի ասածի վերջին հատվածն է: Լավ է, Շարմազանովը չի ասել, որ՝ մենք պետք է ունենանք սուրբ իշխանություն:

ՀՀԿ ղեկավարի առաջնորդությամբ բարոյական իշխանություն ունենալը ո՞րն է: Ո՞վ կարող է դրան հավատալ, երբ լսելուց հետո արդեն սոցցանցերում անզուսպ քրքիջ է սկսվել ու դեռ հայտնի չէ, թե երբ կավարտվի:

Դե, իսկ բարոյական ընդդիմության պահը ավելի քան զավեշտական է եթե նկատի առնենք ներկա պատկերը: Այդ դաշտի մեծ մասին ՀՀԿ ղեկավարը գնել կամ ֆոտոսեսիայի է ենթարկել: Ու սրանից հետո պետք է հավատանք, որ բարոյական իշխանությունն ուզում է բարոյական ընդդիմությո՞ւն ունենալ:

Ինչ-խոսք, կլինի նման ընդդիմություն, բայց դա իշխանության ցանկությամբ չի լինի, քանի որ բարոյականության մասին իշխանության պատկերացումները լրիվ այլ են եւ կապ չունեն այդ հասկացության իրական իմաստի հետ: Այնպես, որ՝ պատերազմից հետո (ինչը եւս կարող էր տեղի չունենալ, եթե գործող իշխանությունը մի քիչ խելք ունենար ու գործեր ի շահ պետության ու ժողովրդի) հավատալ, թե Սերժ Սարգսյանն ու իր թիմը ուշքի են եկել ու որոշել են ընթանալ բարոյականության ուղիով՝ դրա համար պարզապես կրկին անգամ պետք է նայել այսօրվա երկրի պատկերին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը