Լրահոս

24.04.2016 09:50


Արցախի երիտասարդության դիմումը միջազգային հանրությանը

Արցախի երիտասարդության դիմումը միջազգային հանրությանը

Արցախի երիտասարդությունը, ոգեկոչելով Օսմանյան Թուրքիայում կազմակերպված Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, միաժամանակ գլուխ է խոնարհում 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի բոլոր զոհերի, Արցախի Հանրապետության պետական սահմանների և Արցախի ժողովրդի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի առջև:

Իր երախտիքի խոսքն ուղղելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած բոլոր պետություններին, կառույցներին ու անհատներին, Արցախի երիտասարդությունը հարկ է համարում տեղեկացնել միջազգային հանրությանը, որ 2016թ. ապրիլի 1-5-ը, շնորհիվ Արցախի պաշտպանության բանակի 18-20 տարեկան զինվորների սխրանքի, կանխվել է մի նոր ցեղասպանության փորձ: Մինչ որոշ երկրներ և քաղաքական գործիչներ հերթական դիվանագիտական հնարքն էին մոգոնում, թե ինչպես ապրիլի 24-ին իրենց ելույթներում շրջանցել «Ցեղասպանություն» եզրույթը՝ Թուրքիային «չվիրավորելու» համար, նույն Թուրքիայի թողտվությամբ ու խրախուսմամբ, իր եղբայր Ադրբեջանը հերթական ցեղասպանության փորձը ձեռնարկեց արցախահայության նկատմամբ, մոռանալով 1988-1994թթ. իր իսկ սանձազերծած՝ էթնիկ զտումների և ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի դասերը, մոռանալով, որ իր առջև այլևս անզեն ու պետականությունից զուրկ հայը չէ: Անգամ ամենաժամանակակից ու քանակով գերազանցող սպառազինությունը անզոր գտնվեց հայ զինվորի ոգու և հայ ժողովրդի միասնության դեմ, այն ճշմարտության դեմ, որ «Սրով եկողը սրից էլ կընկնի»:

Արցախի երիտասարդությունը ի լուր աշխարհի հայտարարում է, որ իր պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու՝ արցախահայության իրավունքի նկատմամբ բռնության ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և կոչ է անում միջազգային հանրությանն ու Հարավային Կովկասում խաղաղության պահպանման խնդիրներով մտահոգ բոլոր կառույցներին՝ միավորել ջանքերը Ադրբեջանի իշխանությունների հանցավոր արկածախնդրությունը սանձահարելու և ռևանշիստական նկրտումները մեկընդմիշտ կասեցնելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը