Մեկնաբանություն

24.04.2016 15:55


Հովիկ Աբրահամյանի թափանցիկ ակնարկներն ու մեղադրանքներն առ Սերժ Սարգսյան

Հովիկ Աբրահամյանի թափանցիկ ակնարկներն ու մեղադրանքներն առ Սերժ Սարգսյան

Ինչպես հայտնի է, մի խումբ անհայտ ծագման մարդիկ, Բ26-ի քարոզչական բարձր հովանու ներքո, միջոցառում էին կազմակերպել ու դիմել Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս բանակի ղեկավար կազմից մի քանիսին, ինչպես նաև արտգործնախարար Նալբանդյանին հեռացնի աշխատանքից:

Բացի այդ՝ ՀՀԿ ղեկավարին կոչ էին անում «յուրայիններից» և ընդդիմախոսներից հինգական միլիոն դոլար հավաքել, որպեսզի բանակը վերազինվի:

Պետական ապարատում, ամբողջ իշխանական բուրգում և քաղաքական շրջանակներում շատ լավ հասկացել են, թե որտեղից են գալիս նմանատիպ ակցիաների պատվերները: Շատ լավ հասկացել են, որ Սերժ Սարգսյանն իր վրայից ուզում է պատասխանատվությունը գցել ու ձեռքի հետ էլ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործն առաջ տանել:

Բոլորին էլ հայտնի է, որ համաձայն ՀՀ սահմանադրության՝ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը, արտաքին քաղաքականության պատասխանատուն և անվտանգության երաշխավորը նախագահի հիմնական ֆունկցիաներն են: Հետևաբար՝ էժանագին շոու է չորսօրյա պատերազմի ու մեր ունեցած ցավալի կորուստների համար այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը պահանջելը և Սերժ Սարգսյանին չնկատելը:

Ոչ պակաս էժանագին քայլ է նաև «հակաօլիգարխիկ» պայքարի շրջանակներում 250 միլիոն դոլար հավաքելու կոչ հնչեցնելն այն դեպքում, երբ Հայաստանը Սերժ Սարգսյանն իր կառավարման շրջանում ավելի քան չորս միլիարդ դոլարի պարտք է վերցրել ու դրանք, մեղմ ասած, անարդյունավետ են օգտագործվել: Մեկ ընտանիքի գլխավորությամբ տեղի է ունեցել տոտալ թալան, բիզնեսների կենտրոնացում և այլն: Ու այսքանից հետո այլոց շուրթերով փող պահանջել ու հիմնավորել, թե իբր ուրիշների պատճառով է, որ բանակը լավ զինված չէ, առնվազն ծիծաղելի է:

«Գեբելսյան» քարոզչամեքենան ցանկանում է ձևավորել մի տեսակետ, ըստ որի՝ հայ զինվորները «մերկ ձեռքերով» են կռվում և մեր բանակը 80-ականների զենքի հույսին է մնացել, քանի որ խեղճ Սերժ Սարգսյանի շուրջը չար բոյարներ են հավաքված և թալանում են բանակի փողերը: Փորձ է արվում այդպիսով Սերժ Սարգսյանի անմիջական պատասխանատվության հարցը փոխարինել կեղծ թիրախներով ու կեղծ խնդիրներով:

Ուշագրավ է, որ Բ26-ից կառավարվող այս կեղտոտ խաղին իշխանական տիրույթից պատասխանողի ֆունկցիան իր վրա վերցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա դավաճանություն համարեց մարդկանցից փող խլելու նախաձեռնությունը: Իսկ այսօր էլ հայտարարեց, թե չկա որևէ փաստ, որ ինքն իր պաշտոնական դիրքն օգտագործել է հարստանալու համար: Սա շատ թափանցիկ ակնարկ է այն մասին, որ բանակի հաշվին հարստացել է, նախնական կապիտալը ձեռք է բերել և շարունակում է բանակի հաշվին հարստանալ Սերժ Սարգսյանը, ով, չհաշված կարճատև դադարները, 1991-ից սկսած կապված է բանակի հետ:

Սարգսյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, եթե ոչ ամենահարուստը (նրա տնօրինած միջոցներն, ըստ տարբեր գնահատականների, հասնում են մինչև 10 միլիարդ դոլարի. դե հաշվեք, թե քանի անօդաչու թռչող սարք, «Սմերչ», հակաօդային պաշտպանության միջոց ու նմանատիպ այլ բաներ կարելի էր գնել այդ գումարներով): Իսկ ուրիշ որտե՞ղ նա կարող էր հարստանալ, եթե ոչ բանակում և իր ունեցած պաշտոնական դիրքի հաշվին:

Ինչպես հայտնի է, պատերազմի տարիներին Սարգսյանը Ղարաբաղում մատակարարումների հարցով էր զբաղվում: Նա հիմնականում բենզինի ու դիզվառելիքի գործի վրա էր (ի դեպ, մինչև հիմա էլ շարունակում է այդ գործը):

1993-ի ամռանը (մինչև լայնամասշտաբ ազատագրական մարտերն սկսվելը) նա Ղարաբաղից տեղափոխվեց Հայաստան, ապա՝ Ռուսաստան (Ղարաբաղից Սարգսյանի հեռացմամբ թիկունքում խնդիրները կարգավորվեցին, մատակարարումների ոլորտում իրավիճակը փոխվեց և հնարավոր եղավ կարգ ու կանոն հաստատել): Նույն մատակարարման գործով նա սկսեց Մոսկվայից զբաղվել: Հետո ներքաղաքական նկատառումներից ելնելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին վերադարձրեցին Հայաստան ու նշանակեցին պաշտպանության նախարար:

1995-ին նա ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից և կրկին վերանշանակվեց 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերից ամիսներ անց՝ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո:

Ըստ լավատեղյակների՝ 2000թ. սկսած մեր բանակը դարձավ բիզնես-կանտոռա: Պաշտպանության նախարարությունը վերածվեց գերփողաբեր համակարգի: Աշտարակի խճուղու վրա գտնվող այդ հիմնարկում էին իրենց խնդիրները լուծում կիսակրիմինալ ու կիսաօլիգարխիկ շրջանակները, կաշառվում հաճախորդներն ու Սարգսյանի նվիրատվություններից բենզինի հոտ առնում մտավորական կոչվածները: Ահա այս ամենի մասին է ակնարկում Հ. Աբրահամյանը:

Իսկ այն հարցին, թե ինքը պատրա՞ստ է սեփական տունը վաճառել բանակին օգտնելու համար, Հովիկ Աբրահամյանը հետևյալ պատասխանն է տվել. «Եթե հարկ լինի, այո, սակայն մեր պետությունը նման ֆինանսական խնդիր չունի սպառազինության հետ կապված»: Սա ևս թափանցիկ ակնարկ է ու նաև՝ մեղադրանք Սերժ Սարգսյանի հասցեին: Վարչապետն այդպիսով ուզում է ասել, որ բանակի զինման փողը կա, բայց այն սխալ է տնօրինվել կամ պարզապես մսխվել է:

Ահա այսպիսի բաներ:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: «Ապրիլի 13-ին լրացել է իմ վարչապետության երկրորդ տարին եւ ես հստակ կարող եմ ասել, որ ես որեւէ սխալ չեմ արել, որի համար ամաչեմ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Սա էլ կարելի է Սերժ Սարգսյանին ուղղված ակնարկ ու նաև մեղադրանք համարել: Քանզի իր ֆունկցիոնալ պարտականությունների առումով ՀՀԿ ղեկավարն ակնհայտորեն կոպիտ սխալներ է թույլ տվել, որի արդյունքում թշնամին լկտիացել է ու անցել հարձակման՝ դառնալով մեր մարդկային ու տարածքային կորուստների պատճառ:

Այս խորագրի վերջին նյութերը