Լրահոս

24.04.2016 21:30


Հայոց Ցեղասպանության հիշատակի հանրահավաքներ Վիրահայոց թեմում

Հայոց Ցեղասպանության հիշատակի հանրահավաքներ Վիրահայոց թեմում

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումները Վիրահայոց թեմում մեկնարկեցին ապրիլի 23-ին հայոց եկեղեցիներում կատարված հանգստյան ժամերգությամբ:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում երեկոյան տեղի ունեցավ հանգստյան ժամերգություն, որին իրենց մասնակցությունն էին բերել համայնքային տարբեր կառույցների երիտասարդներ: Հավարտ ժամերգության Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր պատգամը փոխանցեց ներկաներին, հորդորելով հավատարիմ և նախանձախնդիր լինել հայ Դատին և հայոց արդար պահանջատիրությանը: Ներկաները վառած մոմերով իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված:

Ապրիլի 24-ին մարդկանց հոսքը դեպի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներ սկսվեց դեռևս վաղ առավոտյան՝ մասնակցելու եկեղեցում մատուցվող Երևան Սուրբ Խաչի տոնի և Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագին:

Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, դեսպանության դիվանագետները, համայնքային գործիչներ, մտավորականներ, հավատացյալներ:

Պատարագիչ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, անդրադառնալով Սուրբ խաչի երևմանը և կենարար խաչի մշտամնա զորությանն ու պահպանիչ ուժին:Առաջնորդը հայցեց Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսությունը հայ ժողովրդի, հայրենիքի ու նրա սահմանները պաշտպանող հայ զինվորի համար:Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագից հետո, եկեղեցու բակում կանգնեցված Ցեղասպանության հիշատակի խաչքարի մոտ, հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի նախագահությամբ կատարվեց հատուկ արարողություն, ոգեկոչելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:Այնուհետև Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում թբիլիսահայությունն իր մասնակցությունը բերեց Վրաստանի հայ համայնք կազմակերպության՝ Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հանրահավաքին:

Օրհնության խոսքով դիմելով հանրահավաքի մասնակիցներին, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ապրիլի 24-ը անվանեց հայության համար ուխտի օր, կոչ արեց ներկաներին նախանձախնդրությամբ տեր կանգնել Հայ Դատին և հայոց արդար պահանջատիրությանը:Հանրահավաքին, որ ընթանում էր հայերեն և վրացերեն լեզուներով, դատապարտման, ճանաչման և հատուցման կոչով հանդես եկան Սամվել Մկրտչյանը, Լևոն Չիդիլյանը, Գիորգի Թումասյանը, Սուսաննա Խաչատրյանը և այլոք:

Հանրահավաքի ընթացքում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ և երգեր:

Ապրիլի 24-ին հիշատակի պատարագներ, բողոքի ակցիաներ և խաղաղ հանրահավաքներ անցկացվեցին Վրաստանի հայաբնակ քաղաքներում, շրջաններում և գյուղերում:

Ապրիլի 24-ի միջոցառումները լուսաբանվեցին Վրաստանի զանգվածային լրատվության միջոցներով:

Այս խորագրի վերջին նյութերը