Լրահոս

25.04.2016 10:45


ՄԻԵԴ–ը վարույթ է ընդունել զինծառայող Մ. Դիմաքսյանի մահվան գործով գանգատը

ՄԻԵԴ–ը վարույթ է ընդունել զինծառայող Մ. Դիմաքսյանի մահվան գործով գանգատը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թ. մարտի 31-ին վարույթ է ընդունել 2012 թ. փետրվարի 5-ին ծառայակցի անզգույշ հրազենային կրակոցի հետևանքով զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացած Մարատ Դիմաքսյանի գործով գանգատը, որը 2014 թ. մարտի 28-ին ներկայացվել է տուժողի իրավահաջորդ Ալ. Դիմաքսյանի կողմից Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ:

Գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (Արդար դատաքննության իրավունք) 1-ին մասով, 2-րդ հոդվածի (Կյանքի իրավունք) 1-ին մասով և 13-րդ հոդվածով (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) նախատեսված իրավունքների խախտման հիմքով:

Այն հիմնավորվել է նրանով, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նստավայրը՝ ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, որը ՄԻԵԿ 6-րդ հոդվածի իմաստով օրենքի հիման վրա ստեղծված դատարան չէ:

ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով պետությունը չի կատարել իր պոզիտիվ պարտավորությունը՝ զինծառայողի կյանքը և առողջությունը պաշտպանելու ուղղությամբ, չի ապահովել պատշաճ սարքավորումներով և մասնագետներով ապահովված բուժօգնություն, ինչպիսի պայմաններում հնարավոր կլիներ փրկել զինծառայողի կյանքը:

ՄԻԵԿ 13-րդ հոդվածի իմաստով չի իրականացվել արդյունավետ քննություն, ինչի արդյունքում անպատասխան են մնացել մի շարք հարցեր, մասնավորապես՝ չեն բացահայտվել Մ. Դիմաքսյանի մահվան հանգանմանքները և հավանական մեղավորները:

Բացի դրանից՝ տուժողի ընտանքին պետության կողմից չի տրամադրվել բարոյական վնասի փոխհատուցում:

Ներկայացված գանգատը ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել ՄԻԵԿ 2-րդ և 13-րդ հոդվածների հիմքով և իր հարցադրումները ներկայացրել կողմերին:

ՀՔԱՎ

Այս խորագրի վերջին նյութերը