Քաղաքական

04.12.2009 13:43


ՀԱԿ համակարգողը չի հերքել, որ Լևոն Տեր–Պետրոսյանը խոսել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին

ՀԱԿ համակարգողը չի հերքել, որ Լևոն Տեր–Պետրոսյանը խոսել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին

-Հարձակման ժամանակ միշտ արվում են խաղաղասեր ամենամեծ հայտարարությունները,- լրագրողների համար անակնկալ և որոշ առումով նաև անհասկանալի այս թեզով «Հայ ազգային կոնգրեսի» համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր «Հայելի» ակումբում փորձեց բացատրել Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնելու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ այն մարդիկ են մեղադրում իրեն Ղարաբաղի տարածքները հանձնելու համար, ովքեր ցանկանում էին Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնել։ Օրեր անց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ 1992թ. մարտի 5-ին «Комсомольская Правда»-ին Լևոն Տեր-Պետրոսյա՛նն է ասել, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Այդ թեմային անդրադառնալով՝ Զուրաբյանը նշեց հետևյալը.

–Ինձ համար կարևոր են միայն դիվանագիտական փաստաթղթերը և դիվանագիտական դիրքորոշումները։ Ես կարող էի պատասխանել ձեր հարցին, դրա համար պետք է բացահայտեի որոշ պետական գաղտնիքներ, ինչը չեմ անելու։ Դետալների մեջ չեմ մտնելու, բայց մի բան կարող եմ հստակ ասել։ Այդ ժամանակաշրջանում Տեր-Պետրոսյանի բոլոր հայտարարություններն ուղղված են եղել ռազմական գործողությունների ինֆորմացիոն և քաղաքական ապահովմանը։ Ավելին, ես չեմ կարող ասել, բայց ուզում եմ նշել մի հանգամանք, որ մեր հայտարարություններով մենք ապահովել ենք հաղթանակներ։ Այսօրվա ամպագոռգոռ հայտարարություններով, մասնավորապես նաև «Комсомольская Правда»-ի հրապարակման մեջբերումով այսօրվա իշխանությունները փորձում են ապահովել նրանց պարտությունը, ստեղծել նրանց պարտության ինֆորմացիոն ապահովումը։

Ի դեպ, օրեր առաջ ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ միակ մարդը, ով արդեն 10 տարի է՝ խոսում է «Комсомольская Правда»-ի այդ համարի մասին, ՀՀ ներկայիս փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն է։

-Բազմիցս ասել է, ես նրան բազմիցս հորդորել եմ այդ «Комсомольская Правда»-ի օրինակը բերել, տալ ինձ։ Նա այդ բանը չի արել. հավանաբար կերել է այդ միակ օրինակը։ Նման բան ես չեմ լսել, տեսել։ Թող հրապարակեն, տեսնենք,- հորդորեց Ա. Արզումանյանը։

Սակայն ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը փաստորեն չպնդեց, որ Շավարշ Քոչարյանն այդ միակ օրինակը կերել է՝ ասելով.

-Ես թերթերն ուտելու հետ կապված որևէ հայտարարություն չեմ ցանկանում մեկնաբանել։ Դա իմ ոլորտը չի։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը