Լրահոս

25.04.2016 18:55


Աշակերտին աչքից զրկած ուսուցչուհին անգամ բանավոր ներողություն չի խնդրել

Աշակերտին աչքից զրկած ուսուցչուհին անգամ բանավոր ներողություն չի խնդրել

Սևանցի 15-ամյա աշակերտի ծնողները պնդում են, որ ուսուցչուհու՝ կախիչով հասցրած հարվածից հետո անչափահաս տղայի աչքն ակնակապիճից դուրս է եկել, իսկ Սևանի առաջին ատյանի դատարանն այսօր վերջինիս ընդամենը տուգանել է 200 հազար դրամով:

Ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանն այսօր մեղավոր է ճանաչվել ընդամենը անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով:

Տուժողի փաստաբան Ռոբերտ Բեջանյանի համոզմամբ՝ վնասը հասցվել է ոչ թե անզգուշությամբ, այլ կանխամտածված, համապատասխան պատիժն էլ ոչ թե տուգանքը պետք է լիներ, այլ երկամսյա կալանքը, կամ մինչև 10 տարվա ազատազրկումը․

«Դատաքննության ընթացքում մենք ապացույցներով հիմնավորեցինք, որ ուսուցչուհին ասել էր՝ կտամ, կմտնես պատի մեջ, ու երկու անգամ հագուստներով լի կախիչը հրել էր երեխայի դեմքի ուղղությամբ: Այն դեպքում, երբ որ այդ երեխան եղել էր կախիչի և պատի արանքում, այսինքն՝ նույնիսկ փախնելու տեղ էլ չէր ունեցել: Այսինքն՝ զրկված է եղել պաշտպանվելու հնարավորությունից: Ի՞նչ է ստացվում․ որ կարելի է երեխայի աչքը հանել և 200 հազարով պրծնել»:

Մեղադրյալի ամուսինը Սևանի ոստիկանության բաժանմունքի նախկին աշխատակից է: Փաստաբանը, պնդելով թե Սևանի հարակից գյուղերից է նաև մեղադրանքը դատարան ներկայացնող ու գործի նկատմամբ հսկողություն սահմանող դատախազը, ասում է, որ նա մեղադրյալի ամուսնու հետ աշխատել է նույն համայնքում, փաստորեն գործընկերն է:

Տուժողի հայրը՝ Կարեն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երեխային դպրոց են ուղարկել առողջ, բայց տուն ընդունել հաշմանդամ դարձած: Հավելեց, որ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու են Եվրոպական դատարան․

«Մենք գնալու ենք մինչև Եվրոպական դատարան: Թող մեր բոլոր օրգանի աշխատողները հասկանան, որ դա իրանց համար բիզնես չի, դա օրենք է, որ պետք է կիրառեն ճշտությամբ»:

Դեպքը տեղի էր ունեցել անցած տարի: «Ազատության» հետ զրույցներից մեկում արդեն երկու անգամ վիրահատված Մեսրոպ Խաչատրյանը պատմել էր, թե ինքն ընդամենը մոտեցել էր կախիչին, որպեսզի բաճկոնը հագնի, բայց ուսուցչուհին, բարկանալով, որ թույլտվություն չի վերցրել, ծանր և սուր ծայրերով կախիչը հրել ու գցել է վրան:

Աշակերտի հայրը վրդովված ասաց, որ դեպքից մեկ տարի է անցել, սակայն ուսուցչուհին անգամ բանավոր ներողություն չի խնդրել:

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը