Լրահոս

25.04.2016 22:20


Պայթյուն ավտոբուսում. կան զոհեր (լրացվում է, լուսանկարներ, տեսանյութ)

Պայթյուն ավտոբուսում. կան զոհեր (լրացվում է, լուսանկարներ, տեսանյութ)

Ապրիլի 25-ին՝ ժամը 21.51-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

...

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից տեղեկանում ենք, որ նախնական տվյալներով՝ կան 6 տուժած և 1 զոհ:

«CivilNet.TV»–ի փոխանցմամբ՝ պայթյունի ձայնը լսվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

...

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

...

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից, ներկայումս 6 տուժածներից մեկը վիրահատարանում է. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է ընդունվել շոկային վիճակում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Բժշկական կենտրոնում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Արմենիա» Հանրապետական ԲԿ կենտրոնից «Tert.am»-ին հայտնեցին, որ տուժած քաղաքացիներից երկու երիտասարդ տղաների վիճակը գնահատվում է ծանր:

«Մեկը վիրահատարանում է, մյուսին կատե են իջացրել, իսկ մնացած տուժածները վերակենդանացման բաժանմունքում են»,-հայտնեցին ԲԿ-ից:

Տուժածներից մեկը հղի է։

...

ԱԻՆ–ի փոխանցմամբ՝ թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ժամը 23.56-ի դրությամբ՝ կան 6 տուժած՝ Հասմիկ Սուրենի Մելքոնյան (ծնվ. 1963 թ.), Անուշ Արշալույսի Եղիկյան (ծնվ. 1979 թ.), Հարություն Նազարի Թերզյան (ծնվ. 1971 թ.), Էդգար Արայիկի Գասպարյան (ծնվ. 2002 թ.), Անահիտ Սարգսի Միքայելյան (ծնվ. 2001 թ.), Ռոլանդ Սուրենի Խոջայան (ծնվ. 2001թ.) և 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է:

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

...

«tert.am»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցին՝ ինչն է եղել պայթյունի պատճառը, ասել է, որ հանգամանքները պարզվում են։

Դիտարկմանը, որ համացանցում շրջանառվում է ահաբեկչության վարկածը, պաշտոնյան պատասխանել է. «Այդ մասին դեռ վաղ է խոսել, ես ձեզ տվեցի այն տեղեկատվությունը, որ այս պահին ես տիրապետում եմ»։

Ահարոնյանը նշեց, որ Հալաբյան փողոցում՝ մինչև Արզումանյան փողոցի խաչմերուկ, երթևեկությունը որոշ ժամանակով կդադարեցվի։
Նա ավելացրեց՝ ավելի ուշ կտրամադրվեն թարմ տեղեկություններ։

Լուսանկարները՝ «Սիվիլնեթի» և «News.am»–ի, «shamshyan.com»–ի

Այս խորագրի վերջին նյութերը