Մեկնաբանություն

26.04.2016 12:35


Երկու պայթյուն և մեկ թիրախ

Երկու պայթյուն և մեկ թիրախ

Երեկ երկու պայթյուն արձանագրվեց։ Մեկը՝ լրատվական դաշտում, մյուսը՝ Հալաբյան փողոցում։

Երկու դեպքում էլ թիրախը ՀՀ քաղաքացին էր։

Սերժ Սարգսյանը վերադարձել է փուլային տարբերակին

«Բլումբերգին» տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը հզոր պայթյուն էր։ Նա բաց տեքստով հայտարարեց, որ Կազանում պատրաստ է եղել հանձնել Ղարաբաղի հինգ շրջաններն Ադրբեջանին ու դրա դիմաց ստանալ ... խաղաղապահներ։ Այլ կերպ ասած՝ Սարգսյանը պատրաստ է եղել Ղարաբաղը հանձնել (հինգ շրջանների հանձնումից հետո Ղարաբաղում մարդ չէր մնա և մենք արդեն պետք է դիմավորեինք թշնամու զորքերին Սյունիքում ու Վարդենիսում), սակայն Ալիևը ագահաբար ու հիմարաբար պահանջել է ամբողջը և միանգամից՝ այդպիսով ակամայից դառնալով Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։ Բայց ինչքա՞ն կարելի է հույսը դնել Ալիևի ագահության ու հիմարության վրա։

Այն, ինչին պատրաստ է եղել Սերժ Սարգսյանը (նա հիմա էլ է պատրաստ, պարզապես տեսավ, որ բանակն ու ժողովուրդը դեմ են և այդ իսկ պատճառով դարձել է «հայրենասեր»), Ղարաբաղի խնդրի լուծման Լևոն Տեր–Պետրոսյանի տխրահռչակ փուլային տարբերակն է։ Ասել է թե՝ ՀՀԿ ղեկավարը վերադարձել է 1997-98թթ.։

Փուլային տարբերակին վերադառնալու մտադրությունն է եղել պատճառը, որ Սերժ Սարգսյանը հետևողականորեն թուլացրել է բանակը, անապատացրել քաղաքական դաշտը և վերակենդանացրել քիրվայականներին։

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցով ապացուցեց, որ չորսօրյա պատերազմի, զոհերի, վիրավորների ու որոշ տարածքների կորսի պատճառն ինքն է։ Հայաստանը թուլացել է, բանակը մնացել է 80–ականների զենքի հույսին ու դրա համար էլ հայտնվել ենք այս վիճակում։

ՀՀԿ ղեկավարը դավաճանել է Հայաստանի անկախության հիմքում ընկած այն գաղափարին, ըստ որի պետք է անվտանգության ապահովման ու մեր երկրի զարգացման հարցերում բացառել երրորդ ուժին, այսինքն՝ ոչ թե դրսում «պապաներ» (խաղաղապահներ) փնտրել, այլ դաշնակիցներ, ոչ թե ապավինել դրսի ուժերին, այլ ինքնիշխան և ինքնուրույն վարքագիծ դրսևորել։

Սերժ Սարգսյանի հարցազրույցը հզոր պայթյուն էր։ Այն ցույց տվեց, որ նա բոլոր առումներով ավարտված գործիչ է և հանդիսանում է ՀՀ ու ԼՂՀ անվտանգության թիվ մեկ սպառնալիքը։

Երբ Բ26–ին միայն «մուտիլովկաներն» են հետաքրքրում

Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունը տարբեր վարկածների տեղիք է տվել։ Երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը կապված չէ գազի և վառելանյութի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա հաստատել է նաև, որ գազի պայթյուն չի եղել, քանի որ ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։

«Պայթյունը բեկորային չի եղել, այլ ալիքաձև»,- ասաց ոստիկանության պետը։

Հնարավոր ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Գասպարյանը նշել է, որ ներկայումս ոչ դա հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է, որովհետև բոլոր տվյալները նախնական են։

Նկատենք, որ նմանատիպ պայթյունն աննախադեպ է Հայաստանի համար։

Դե եթե Բաղրամյան 26–ին բացառապես ներքաղաքական ու լրատվական «մուտիլովկաները», հող հանձնելը և աթոռ պահելն են հետաքրքրում, եթե համարվում է, որ սոցիալական ցանցերում ֆեյքություն անող, մասնագետ չհանդիսացող, սեփական «ես»–ը չունեցող, հրապարակավ տառ անգամ չարտասանող և բացառապես Սերժին ծառայող մեկին կարելի է Ազգային անվտանգության ծառայություն վստահել, ապա զարմանալ պետք չէ, որ ադրբեջանցին հանկարծակիի է բերում սահմանի վրա կանգնած զինվորին, իսկ մայրաքաղաքում ավտոբուս է պայթում (ԱԱԾ հետախուզական ու հակահետախուզական համակարգերը, փաստորեն, չեն աշխատում, օպերատիվ իրավիճակին էլ տիրապետող չկա)։

Եթե վաղն ավելի լուրջ բաներ լինել, ապա պետք չէ զարմանալ։ Եթե նախագահական նստավայրին կից ջահել «ակԾիվիստներից» մեկը փախավ Բաքու և ակնհայտ դավաճանությամբ աչքի ընկավ, ապա ամեն ինչ սպասելի է։

Սերժ Սարգսյանն այնպիսի մթնոլորտ է ձևավորել, որ ամեն ինչ դարձել է առուծախի առարկա։ Վաճառքի է հանված զինվորի ու սպայի մարմինն ու ոգին, պաշտոնները, հայրենիքը, հողերը ... Մի խոսքով՝ ամեն ինչ։

Այս պայթյունները շատ կլինեն, եթե Հայաստանում քաղաքական փոփոխություններ չլինեն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը