Մեկնաբանություն

27.04.2016 00:05


«Ներազգային միասնության» գաղջ մթնոլորտը

«Ներազգային միասնության» գաղջ մթնոլորտը

Սերժ Սարգսյանի շուրջ «ներազգային միասնության» ցնցող ակցիան շարունակվում է:

«Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀԿ ղեկավարը բացահայտեց ԼՂ հակամարտության լուծման հարցում իր պատկերացումներն ու համոզմունքը, որ պետք է Ադրբեջանին զիջել 5 շրջան եւ երկու երկրների միջեւ շարել խաղաղապահներ: Ճիշտ է, նա անցյալ ժամանակով էր խոսում, բայց բացահայտեց իր վերջին տարիների գաղտնի գործունեությունը և մտածողությունը: Էլ բանակցել պետք չէ: Ծափահարություննե՛ր:

«Ներազգային միասնությունն» արդեն իրողություն է:

Քառօրյա պատերազմի հետեւանքով զոհվածների եւ վիրավորվածների ընտանիքների աջակցության խնդրի, բանակի վերազինման խնդիրների լուծումն էլ պետք է դնել բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների ուսերին: Ծափահարություննե՛ր:

«Ներազգային միասնությունը» խորանում է: 4 օրերի մղձավանջային իրավիճակի համար պետք է սկսել պաշտոնանկությունների գործընթաց: Ծափահարություննե՛ր:

«Ներազգային միասնությունն» ամրապնդվում է: Եվ այս ամենը «միս ու արյուն» է ստանում վերջին օրերին Բաղրամյան 26-ի լրատվամիջոցների ներկայացուցիչների ակտիվ ջանքերի շնորհիվ, որոնք աղանդավորի համառությամբ ցանկացած պաշտոնյայի տեսնելիս «կպռշկվում» են ու տալիս են նույն հարցը՝ «Չե՞ք պատրաստվում վաճառել ձեր դղյակը եւ այդ գումարը տալ բանակին եւ մեր զոհերի եւ վիրավորների ընտանիքներին»:

Բարձրաստիճան պաշտոնյաների հակազդեցությունը բնական է՝ «Գնացեք, էդ փողը ձեր տերերից ուզեք»: Այսպիսով, «Ներազգային միասնությունն» ամբողջանում եւ ավարտվում է:

Հայաստանը շա՜տ փոքր երկիր է. բոլորը բոլորին լավ գիտեն, գիտեն, թե երբ եւ ով ինչ է շնչում եւ արտաշնչում: Եվ եթե կա մի միամիտ ու խեղճ մարդ, դա Սերժ Սարգսյանն է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը