Լրահոս

28.04.2016 16:06


Թշնամու արկակոծության հետևանքով վիրավորներն ապաքինման փուլում են. ԼՂՀ ԱՆ մասնագետներ

Թշնամու արկակոծության հետևանքով վիրավորներն ապաքինման փուլում են. ԼՂՀ ԱՆ մասնագետներ

Ադրբեջանի ապրիլյան նախահարձակ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված հիվանդների վիճակը այժմ արդեն լավ է և գտնվում են ապաքինման փուլում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակց հետ զրույցում ասել է ԼՂՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Սերգեյ Մովսիսյանը:

«Ներկա դրությամբ՝ հանրապետական հիվանդանոցում բուժում են ստանում 1 զինվորական և 2 քաղաքացիական անձինք: Ի դեպ բուժում ստացող թալիշցի Ծովինար և Գարեգին Աղաջանյանները հարազատ քույր ու եղբայր են»,- նշել է Ս. Մովսիսյանը:

«Արևիկ» մանկական բուժմիավորման գլխավոր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը տեղեկացրել է, որ բեկորային վիրավորում ստացած 12-ամյա Վարդան Անդրեասյանը շարունակում է համապատասխան բուժում ստանալ, իսկ 11-ամյա Գևորգ Գրիգորյանն արդեն դուրս է գրվել և կարողանում է քայլել հենակների օգնությամբ:

«Հենակների օգնությամբ Վարդանը ևս սկսել է քայլել: Վիճակը լավ է. եթե հենակներով կարողանա ազատ քայլել դուրս կգրենք: Վեց ամսից հետո նրան պետք է նորից վիրահատենք (հանելով ազդրի արտաքին ֆիքսացիայի ապարատը), որպեսզի կարողանա երեխան ազատ քայլել»,-ասել է Մ. Մարգարյանը:

Ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի ուղղությամբ թշնամու կողմից ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել էր 12-ամյա Վաղարշակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա՝ 11-ամյա Գևորգ Գրիգորյանը և 12-ամյա Վարդան Անդրեասյանը վիրավորվել են: 12-ամյա Վարդան Անդրեսյանը երկու անգամ վիրահատվել է, կատարվել է ազդրի արտաքին ֆիքսացիա, իսկ Գևորգ Գրիգորյանի վիրակապումն ամեն անգամ ընդհանուր անեսթեզիա տակ էր անցնում։ Ի դեպ, թշնամու արկակոծության հետևանքով զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը Գևորգ Գրիգորյանի հարազատ եղբայրն է:

«Artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը