Մեկնաբանություն

04.05.2016 13:45


Ի՞նչ գին են վճարում Հայաստանն ու Ղարաբաղը

Ի՞նչ գին են վճարում Հայաստանն ու Ղարաբաղը

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը բավական թանկ նստեց Հայաստանի ու Ղարաբաղի վրա։ Թանկ նստեց և՛ մարդկային կորուստների, և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ ռազմական առումներով։

«Ֆուտբոլ»՝ աթոռի դիմաց

2008–ի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը, փորձելով ներքին լեգիտիմության դեֆիցիտը լրացնել արտաքինով, դարձավ «նախաձեռնողական»։ Նա խլեց այդ պահին իր ընդդիմախոս հանդիսացող Լևոն Տեր–Պետրոսյանի քիրվայական դրոշն ու սկսեց «Ֆուտբոլային» դիվանագիտություն իրականացնել։

Սարգսյանը հայտարարեց, որ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը գին ունի, և ինքը պատրաստ է վճարել այդ գինը։ Ոմանք այդ պահին չէին պատկերացնում, թե ինչ գնի մասին է խոսքը։ Հետագայում ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, սակայն ուշ էր, քանզի գինն արդեն վճարվել էր։

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը հնարավորություն տվեց ՀՀԿ ղեկավարին գործնականում ստանալ դեռևս իներցիայով տիտղոսային ընդդիմություն համարվող Տեր–Պետրոսյանի աջակցությունը և ամրացնել աթոռը։ Ասել է թե՝ այդ քայլով Սարգսյանն անձնապես շահեց։ Իսկ ահա Հայաստանն ու Ղարաբաղը կորցրեցին, քանզի «Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքը եղավ այն, որ Թուրքիան, օգտվելով պաշտոնական Երևանի կոպիտ սխալից, ներգրավվեց Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթաց ու սկսեց ճնշումներ գործադրել։ Ադրբեջանը կոշտացրեց իր դիրքորոշումը։ Դե, իսկ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փաստացի կանգ առավ։

«Ֆուտբոլային» դիվանագիտոթյունից Սարգսյանը մի կերպ գլուխը պրծացրեց Ռուսաստանի հետ ռազմաբազաների հարցով կեսդարյա պայմանագրի միջոցով։ Այսինքն՝ սխալն ուղղելու համար զիջումներ արվեցին ՀՀ ինքնիշխանության մի մասով (ի դեպ, հայկական կողմի ստորագրությունը դեռ մնում է հայ–թուրքական չարաբաստիկ արձանագրությունների տակ)։

Եվրաասոցացում՝ աթոռի դիմաց

2012–2013թթ. ընտրակեղծիքների և աթոռի պահպանության հարցում Արևմուտքի աջակցությունը ստանալու համար Սերժ Սարգսյանը գնաց արկածախնդրության՝ համաձայնելով եվրաասոցացման այնպիսի փաթեթի հետ, որն ակնհայտորեն աշխարհաքաղաքական ենթատեքստ ուներ, Հայաստանը դարձնելու էր մանրադրամ Ռուսաստան–Արևմուտք հարաբերություններում ու մեր երկիրը վերածելու էր ռազմական թատերաբեմի։

Տոկոսները «խփելուց» և Արևմուտքին «քցելուց» հետո Սարգսյանը կտրուկ փոխեց իր դիրքորոշումն ու մտավ Մաքսային միություն։ Մեզ սկսեցին չվստահել Արևմուտքում և չհարգել Ռուսաստանում։ Ու կրկին ՀՀ ինքնիշխանության մի մասից զրկվեցինք՝ չլուծելով անվտանգության հետ կապված որևէ հարց։

Զինվորի ոգի և մարմին՝ աթոռի դիմաց

Սերժ Սարգսյանը վերջերս խոստովանեց, որ «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության շրջանակներում 2011թ. Կազանում պատրաստ է եղել հանձնել Ղարաբաղի հինգ շրջանները։ Միայն Ալիևի ագահությունն է փրկել Հայաստանն ու Ղարաբաղն այդ պահին։

Կազանից հետո, սակայն, Սերժ Սարգսյանը համապատասխան հետևություններ չի արել։ Նա մտահոգվել է բացառապես աթոռի խնդիրներով և «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման արդյունքում թուլացրել է մեր երկիրը, նպաստել արտագաղթին, աղքատության աճին, բիզնես մթնոլորտի վատացմանն ու արտաքին պարտքի աճին (միջին հաշվով՝ տարեկան մոտ կես միլիարդ դոլար է «նստում» հայ ժողովրդի վրա Սերժ Սարգսյանի նախագահությունը)։

Պետականաշինության, տնտեսության ու դիվանագիտության ոլորտներում արձանագրված ձախողումները հանգեցրին չորսօրյա պատերազմի։ Հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի իշխանության համար սկսեց արդեն վճարել մարդկային կյանքերով։ Շուրջ հարյուր զոհ չորս օրում, ու գրեթե ամեն օր շարունակում ենք զոհեր տալ։

Սա՛ է այն գինը, որը վճարել է ու վճարում է ՀՀ ու ԼՂՀ քաղաքացին Սերժ Սարգսյանի իշխանության համար։ Ու որպեսզի այս ամենը կանգ առնի, ու մենք շրջենք մեր պատմության այս ամոթալի էջը և դուրս գանք զարգացման ուղի, պետք են քաղաքական լուրջ փոփոխություններ, որոնց հնարավոր է հասնել միայն լայն համախմբման միջոցով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը