Լրահոս

15.10.2010 12:25


Ս. Շաքարյանցն ընդդիմադիրներին առևտրականներ է անվանել

Ս. Շաքարյանցն ընդդիմադիրներին առևտրականներ է անվանել

Խոսելով ԼՂՀ-ի ազատագրված տարածքներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դաշտային փաստահավաք առաքելության մասին՝ այսօր «Հենարան» ակումբում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն ասել է, թե դժվարանում է պատկերացնել՝ ՀՀ և՛ իշխանավոր, և՛ ընդդիմադիր վերնախավերում չկան մի քիչ խելացի մարդիկ, ովքեր չեն կարողացել հասկանալ, որ դա հակահայկական որոշում է եղել։ Ըստ քաղաքագետի՝ կա՛մ այդ առաքելությունը չպետք է թույլ տրվեր իրականացվեր, կա՛մ էլ չպետք է իրականցվեր միակողմանի։

-Ինչո՞ւ եմ ես անմիջապես անցնում նաև ընդդիմադիր վերանախավին. որովհետև նստել ու սպասել և հետո սկսել խոսել, դա միայն ներքաղաքական շահագրգռվածության իշխանատենչ դրսևորում է՝ օգտագործել որևէ մեկի հիմարությունը կամ սխալը։ Ուրեմն նրանք իրականում ոչ մի ընդդիմադիր էլ չեն։ Առևտրականնե՛ր են,-ասել է քաղաքագետը։

Նա նշել է, որ դեռ վաղուց ՀՀ-ն պետք է աներ այն, ինչ հիմա ԼՂՀ-ն է անում՝ ոտքի հաներ ոչ կառավարական կազմակերպություններին, կուսակցություններին և ընդհանուր ռազմաճակատով ուղերձներ ու այլ փաստաթղթեր ստորագրեին.

-Պարոն Նալբանդյանը կամ ինչ-որ ուրիշ մարդիկ, ովքեր կան մեր երկրում, և համապատասխանաբար այն մարդիկ, ովքեր կան նաև Ստեփանակերտում, պատասխանատու են տվյալ հարցրերի համար։ Երևի իրենք խաբկանքի մեջ էին ընկել, որովհետև դժվար է պատկերացնել, որ նրանք ուզում էին կամ փորձում էին կամ երազում էին կամ հասկանում էին, որ հնարավոր կլինի մեկին խաբել՝ Հայաստանում թե Արցախում։

Ս. Շաքարյանցը հավելել է նաև, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունն ամենաբացասական երևույթն է, որը տեղի է ունեցել 1994թ. վեր։

-Ի վերջո, ինչո՞վ են մտածել Հայաստանում և Արցախում, երբ որ թքել են Իրանի տեսակետի վրա։ Իսկ Իրանն արդեն անդրկուլիսյան եղանակներով շատ լավ էլ ակնարկել է բոլորին, թե՝ սպասում եմ, որ ձեր թույլ տրված առաքելությունների այցերի ժամանակ ոչ միայն դիտորդներ են գալու, այլ նաև մեր թշնամիները՝ լրտեսները,-ասել է Ս. Շաքարյանցը։-Իրանն արդեն երևի թե Հայաստանից հույսը կորցրել է, թե Հայաստանի իշխանությունների միջոցով կարելի է գալ հստակ պայմանավորվածության, որ չի աջակցի Իրանին ոչ բարեկամական ուժերի ներկայությանը հարավային տարածքներում, որոնք ընկած են Արաքս գետի ձախափնյակում։ Այդ դեպքում պարզ չէ՞, որ Իրանի իշխանությունները պետք է նախազգուշացնեն Ադրբեջանին։ Պարզ է՝ «եթե դուք տեր չեք այդ հողերին, մենք  կգնանք «դե յուրե» տիրոջ մոտ ու կպայմանավորվենք կամ կսպառնանք. ձեզ չենք կարող սպառնալ, հայե՛ր ջան, Ադրբեջանին միշտ կարող եմ սպառնալ»։

Նա նաև նշել է, որ Իրանը միշտ հայաստանցիների քաղաքական անգրագիտությունը կամ լկտիությունը համբերատարորեն տարել է։ Ինչ վերաբերում է ազատագրված տարածքների վերաբնակեցմանը, Ս. Շաքարյանցն առաջարկել է, որ տարբեր տեղեր փողեր թափող մարդիկ կամ 2 հոգի թող կազինո չմտնեն և Արցախում վերաբնակեցման խնդիր լուծեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը