Մեկնաբանություն

06.05.2016 11:15


«Շուստրի» դիվանագիտություն

«Շուստրի» դիվանագիտություն

2008–ին հայտարարվեց, որ հայաստանյան դիվանագիտությունը դառնում է նախաձեռնողական։ Ու սկսվե՜ց...

Առաջինը հարվածի տակ հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը։ Այն դարձավ կեղտոտ առևտրի առարկա՝ հանուն իշխանության պահպանման։

Հետո տեղի ունեցավ կազանյան գործընթացը, որտեղ առևտրի առարկա էր դարձել արդեն Ղարաբաղը, սակայն առևտրի մանրամասները գաղտնի էին պահվում։

Սարգսյանն օրերս ակամայից խոստովանեց, որ 2011ին Հայաստանն ու Ղարաբաղը փրկվեցին Ալիևի հիմարության ու ագահության շնորհիվ։ Բայց եթե Ալիևն իր ախորժակը բավարարելու համար սկսեց լրջորեն պատրաստվել պատերազմի, ապա Սարգսյանն անվտանգության հարցով իր հույսը դրեց «նախաձեռնողականության» վրա և ապավինեց դրսի ուժերին։

ՀՀԿ ղեկավարին մտահոգում էին բացառապես անձնական շահն ու վերարտադրության խնդիրները։ Դա է պատճառը, որ 2011–ից հետո տնտեսական կյանքում շարունակվեցին գերկենտրոնացման միտումները, իսկ քաղաքական կյանքում՝ տոկոսխփոցին։

Նոր Սահմանադրության ընդունմանն ընդառաջ՝ Սարգսյանը հաջողացրեց անապատացնել քաղաքական դաշտն ու վերացնել խոչընդոտները։ Ներքին դիմադրության բացակայությունը վակուում առաջացրեց, ինչը լցրեց Ալիևը։ Չորսօրյա պատերազմը և մեր կորուստները ներքին կյանքում տեղի ունեցած գործընթացների ուղղակի հետևանքն են։

2015–ին Սարգսյանին հաջողվեց քաղաքական դաշտից հեռացնել «սահմանադրական» հեղաշրջմանը խոչընդոտող սուբյեկտին, իսկ մյուսներին էլ կա՛մ մարգինալացնել, կա՛մ նամակների միջոցով հաճախորդացնել։

Սարգսյանին հաջողվեց հաղթել Հայաստանի քաղաքացիներին ու քաղաքական ուժերին, սակայն այդպիսով նա տարավ մեր երկիրը դեպի պարտություն։

Պատերազմը ցույց տվեց, թե ինչպիսի ավերածություններ են տեղի ունեցել բոլոր ոլորտներում։ Ակնհայտ է, որ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդը չի կատարել իր հիմնական ֆունկցիան։

Հասկանալով, որ ինքն իր դրած թակարդի մեջ է հայտնվել՝ Սերժ Սարգսյանն այժմ փորձում է «խորամանկ» դիվանագիտության միջոցով փրկվել։ Այդ «խորամանկ» դիվանագիտության շրջանակներում երեկ տեղի ունեցավ հերթական խայտառակությունը։

Նախ՝ Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԼՂՀ անկախությունը ճանաչելուն, ապա դրան հետևեց նույն Կառավարության անդամների և այլ չինովնիկների բացատրությունը, որ Կառավարության որոշումն այլ բան է նշանակում։ Փաստորեն, հիմա մեր դիվանագիտությունը ոչ թե նախաձեռնողական է, այլ «շուստրի»։

Այս ամենը վկայում է, որ Սերժ Սարգսյանը փակուղու մեջ է հայտնվել ու փորձում է մանր խորամանկություններով շանտաժ անել դրսին, որպեսզի կարողանա պահել աթոռը։ Նա ուզում է ասել, որ պատրաստ է ամեն ինչ ավերել և կործանել, Հայաստանը ներքաշել ուղղակի պատերազմի մեջ, Ռուսաստանին դնել ծանր վիճակի մեջ, Թուրքիային մտցնել կռվի մեջ, Արևմուտքին ստիպել ներքաշվել համաշխարհային պատերազմի մեջ, Ղարաբաղն էլ կործանել, բայց աթոռը չհանձնել։

Նրա «խորամանկությունը», սակայն, կարճ տևեց։ Ընդամենը երկու ժամ։ Միջազգային արձագանքը Սարգսյանին ստիպեց հետ պտտեցնել «հայրենասիրական» գործընթացն ու դառնալ սպասողական։

ԼՂՀ անկախության հետ կապված երեկ տեղի ունեցածն ամբողջ աշխարհի առաջ վարկաբեկեց ամեն ինչ։

Սարգսյանին թվում է, թե ներքին կյանքում իր կիրառած մանր խորամանկությունները կիրառելի են նաև միջազգային հարաբերություններում։ Նրա համար քաղաքականությունն արևելյան բազառ հիշեցնող մի բան է, և կարելի է «շուստրիանալ», բայց դե, վերջում մեր երկիրն է հայտնվում կոտրած տաշտակի առաջ։ Եվ ինչո՞ւ պետք է հանդուրժել այս պարտությունների շարքը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը