Լրահոս

08.05.2016 10:20


Դե Վաալ. «Մեծ գայթակղություն կա՝ հարձակման եւս մեկ փորձ անելու»

Դե Վաալ. «Մեծ գայթակղություն կա՝ հարձակման եւս մեկ փորձ անելու»

Ապրիլին սանձազերծված բռնության չորս օրվա ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը վերսկսվեց: Հրադադարի մասին նոր համաձայնություն ձեռք բերվեց, բայց այն արդեն խախտվել էր: Այս մասին, «News.am»–ի փոխանցմամբ, «Politico Europe» պարբերականում հրապարակված հոդվածում գրել է բրիտանացի լրագրող, վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

«Չափազանցություն չի լինի ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը բոսնիականի նման հակամարտությունից երկու-երեք քայլ են հեռու, որը կարող է ներառել ամբողջ տարածաշրջանը»,- գրում է դե Վաալը:

Վերլուծաբանը նշում է, որ հրադադարի մասին համաձայնությունը մի քանի տարի շարունակ «խիստ լարվածության տակ էր»: Ադրբեջանն ավելացնում էր ծանր սպառազինությունների զինանոցը, իսկ երկու կողմից հնչող հռետորաբանությունն ավելի ծայրահեղ էր, քան 1990-ական թվականներին:

«Հրադադարը ճեղքվածք տվեց ապրիլի 2-ին, իսկ ամենահավանական պատճառը հայկական պաշտպանությունը ստուգելու եւ նրան ավելի թույլ դիրքերից բանակցել ստիպելու՝ ադրբեջանական փորձն էր: Ադրբեջանական զինվորականները վերականգնեցին կորցրած տարածքների կտորներ, ինչպես նաեւ շատ բան կորցրած հպարտությունից»,- կարծում է վերլուծաբանը:

Սակայն մարդկային գինը բարձր էր: Պաշտոնական տվյալներով՝ մի քանի տասնյակ մարդ զոհվեց: Փորձագետների գնահատմամբ՝ զոհերի թիվը շուրջ 200 է, սպանվեցին նաեւ քաղաքացիական անձինք:

Քառօրյա պատերազմը զայրույթ առաջացրեց. ադրբեջանցիները մինչեւ հիմա իրենց ստորացված են զգում պարտությունների համար: Երկիրը հայրենասիրական էյֆորիայի մեջ էր, որն օգտակար էր՝ երկիրը սոցիալ-տնտեսական ճգնաժամից շեղելու առումով, որի հետեւանքով անցյալ տարի մանաթը երկու անգամ արժեզրկվեց:

«Մեծ գայթակղություն, եւ, որ առավել մտահոգիչ է՝ հասարակական ճնշում կա հարձակման եւս մեկ փորձ անելու»,- գրում է վերլուծաբանը:

Ըստ նրա՝ ազգայնական էմոցիաների բռնկում կար նաեւ Հայաստանում, որտեղ երիտասարդ հայերը կամավոր միանում էին զինված ուժերին:

Դե Վաալը նշում է, որ երկու կողմի սպառազինությունների հսկայական զինանոցի պարագայում նոր բախումը կարող է դյուրությամբ վերաճել ավելի մեծ հակամարտության, քան 1991-94 թվականների պատերազմն է: Բաքուն ու Երեւանը կարող են վկայակոչել, համապատասխանաբար, Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ ռազմական օգնության մասին իրենց պայմանագրերը, բայց այդ երկրները, ըստ դե Վաալի, չեն ցանկանում մասնակցել եւ մեծ ճնշման տակ են՝ այդ տարածաշրջանում իրենց պարտավորությունները կատարելու համար:

Բացի այդ, անհանգստությունը մեծանում է նաեւ հարեւան երկրներում: Օրինակ՝ Վրաստանում, որտեղ հայեր եւ ադրբեջանցիներ են բնակվում: BP ընկերության Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, որն անցնում է երկրի տարածքով, նույնպես կարող է թիրախ դառնալ:

Այսպիսով, դե Վաալի կարծիքով, անվտանգության վակուումը կարող է լրացվել կա՛մ լուրջ քաղաքական բանակցություններով, կա՛մ լայնածավալ բախումներով...

Թոմաս դե Վաալի կարծիքով, եթե առաջընթաց չարձանագրվի, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել Ադրբեջանի համար այդքան ցանկալի Ֆորմուլա 1-ից հետո՝ հունիսի վերջին:

«Կարող ենք միայն հույս ունենալ, որ Կովկասում ավելի ինտենսիվ ռազմական գործողությունների եւ ամբողջ տարածաշրջանի համար դրանց հետեւանքների հեռանկարը կսրի հակամարտության լուծման ուղղությամբ ուշադրությունը, որը շատ երկար ժամանակ անտեսվում էր»,- ամփոփում է հեղինակը:


Մանրամասն՝ «News.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը