Խմբագրական

07.12.2009 22:30


Նոյեմբերյան թեզիսներ

Նոյեմբերյան թեզիսներ

«Տեսնես ի՞նչ փոփոխություն է կատարվել ինձ հետ այս գիշեր։ Սպասիր հիշեմ՝ այս առավոտ ես ինչպիսի՞ն էի։ Կարծես թե հիշում եմ, մի քիչ փոխվել եմ։ Այո՛, բայց եթե ես նույնը չեմ, ապա հաջորդ հարցն այս է՝ ո՞վ եմ ես. ա՜յ քեզ բարդ հանելուկ»։

«Ալիսը հրաշքների աշխարհում»

Լուիս Քերոլ

Սերժ Սարգսյանի ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում երկու հիմնական բառեր էին անընդհատ շեշտվում՝ փոփոխություն և արդիականացում։

Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Ս. Սարգսյանը չունի գաղափարական կայունություն։ Նա պարբերաբար «մեծանում» և «փոքրանում» է, ինչպես հայտնի հեքիաթի Ալիսը։ Սակայն դա ոչ թե ճկունության (ինչպես փորձում էր իր ելույթում  ներկայացնել ՀՀ նախագահը), այլ քաղաքական կարճատեսության և դիլետանտիզմի հետևանք է։ «Սխալներից հեռու մնալու դեղատոմս չկա: Բայց կան սխալվելուց խուսափելու հնարավորություններ: Առաջինն, անշուշտ, ճկունությունն է որոշումներ կայացնելիս ու դրանք փոխելիս»,- բացատրում էր ՀՀԿ նախագահն իր «նոյեմբերիկ» խոսքում և աֆորիզմների մի «շքահանդես» կազմակերպում համագումարի ներկաների ու այլոց համար։ «Կոմկուսի» առաջնորդն ուզում էր ասել, որ ներքին ու արտաքին քաղաքականություն իրականացնելիս՝ իրենք շարունակելու են գնալ «փորձի և սխալի» մեթոդով։ Այսինքն, իշխանությունները որոշումներ են կայացնելու և հետո դրանք անընդհատ փոխելու են, քանի որ «ճկուն» են, իսկ թե հետո ի՞նչ կլինի պետության հետ, կամ նախկինում գործած սխալների համար ո՞վ պետք է պատասխան տա, այս հարցերին անդրադարձ չեղավ։ «Ուրեմն մենք պետք է քայլեր անենք՝ սխալվելու վտանգն աչքի առաջ ունենալով: Համոզված եղեք՝ մեր ժողովուրդը կների՛ սխալները, չի՛ ների անգործությունը»,- ժողովրդի ներողամտության մասին դատողություններ էր անում և իր ապագա սխալներն էր յուրովի ապահովագրում Ս. Սարգսյանը։  Ասեմ, որ ժողովուրդն ու պետությունը որբի գլուխ չեն, որ ով ասես դալլաքություն սովորի այդ գլխի վրա։ Ինչևէ։

Ի տարբերություն ՀՀ նախագահի նախորդ գրեթե բոլոր ելույթների, որտեղ հիմնականում բառակույտ էր մատուցվում՝ ՀՀԿ 12-րդ համագումարում նրա հնչեցրած խոսքն առարկայական էր, ու սպասվելիք գործողությունների պլան էր նախանշում։ Սարգսյանն այս անգամ մի փոքր բացվեց ու անկեղծացավ։ Ոչ խարիզմատիկ, փակ և գորշ տիպի գործիչների պարագայում (ինչպիսին  որ Ս. Սարգսյանն է) դա նշանակում է, որ նախագահը մի կողմից ինքնավստահ է դարձել, մյուս կողմից՝ իր իշխանությանն սպառնացող ռեալ վտանգներ է տեսնում. հակասական վիճակ։ Արդյունքում առաջ են գալիս «փոխվելն» ու «արդիականանալը»։ Հիմա եկեք տեսնենք, թե ի՞նչ էր ուզում այդ երկու բառերի տակ իր թիմին ու հանրությանը փոխանցել անընդհատ «վազող» և տեղում մնացող այդ մարդը։

Սերժ Սարգսյանի ասելիքն, ըստ իս, 3 հիմնական հարցերի շուրջ էր, որոնք բացահայտում էին փոխվելու և արդիականանալու ուղղություններն ի՛ր պատկերացմամբ։

1.     Գյուլի հետ ընկերություն արա, բայց Արցախը ձեռքիցդ բաց մի՛ թող

 Հրաժեշտ «ֆուտբոլային» դիվանագիտությանը։ Սա՛ էր ՀՀԿ միաձայն ընտրված ղեկավարի հիմնական ասելիքներից մեկը։ Ս. Սարգսյանը հասկացել է, որ սխալվել է «ֆուտբոլային» դիվանագիտության հարցում, և ներում է հայցում։ Համոզված եմ, որ նրա մոտ այդ կարծիքը վերջնականապես ձևավորվեց Ցյուրիխում։ Նա տեսավ, որ մանկան պես խաբվել է։ Բայց դա ոչ թե թուրքական դիվանագիտության ճկունության հետևանք էր, այլ հայկական կողմի թույլ տված աններելի սխալների։ Ու հիմա ՀՀԿ  առաջնորդն արդեն խոստովանում է. «Այո՛, մենք չունենք թուրքերի հետ հարաբերվելու փորձ, բայց չէ՞ որ մի օր, ի վերջո, պետք է սկսել: Եվ ես հավատացնում եմ ձեզ՝ մենք արագ ենք սովորում... Եվ մենք այսօր ամենևին էլ նույնը չենք, ինչ մեկ տարի առաջ»,- նկատում է միայն մեկ տարի հետո  իր սխալը գիտակցած «ֆուտբոլային» դիվանագիտության ջատագովը։

 Այժմ Սարգսյանին այլ բան չի մնում, քան կոշտացնել դիրքորոշումն Արցախի մասով և հույսը դնել Իլհամ Ալիևի ագահության վրա այն առումով, որ վերջինս իրեն կպահի ճիշտ այնպես, ինչպես մերոնք իրենց դրսևորեցին՝ 1920թ.–ին կնքած Սևրի պայմանագրին գերի դառնալով։ 

Սերժ Սարգսյանը նոր-նոր է ըմբռնել, որ «նախաձեռնողական» դառնալով Թուրքիայի մասով՝ հարվածի տակ է դրել նաև Արցախը, այսինքն՝ ՀՀ անվտանգությունը, ինչը կարող էր հանգեցնել իշխանափոխության։ «Ցեղասպանությունն ու սահմանների ճանաչումն Արցախի դիմաց»՝ ենթադրաբար պլանավորել էր Սերժ Սարգսյանը, երբ կողմ էր արտահայտվում Թուրքիայի օժանդակությանն Արցախի հարցում։ Դա կոպիտ սխալ էր։ Այժմ եկել է «ճկունություն» ցուցաբերելու ու «ֆիդայի» դառնալու փուլը՝ «Նոր իրավիճակները պահանջում են նոր լուծումներ ու առաջ քաշում դրանց լուծման նոր տրամաբանություն» թեմայով։

Շատերի համար կարող է անհավանական թվալ, բայց Սերժ Սարգսյանը տառացիորեն վերջերս է ըմբռնել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և այդ հարցը պետության արտաքին քաղաքականության օրակարգ դնելու ողջ կարևորությունը։ Դա էլ է, իմ կարծիքով, տեղի ունեցել ցյուրիխյան իրադարձությունների ժամանակ, ինչպես նաև մինչև այդ կայացած սփյուռքյան այցելությունների ընթացքում։

Երբ Դավութօղլուն տեղեկացրել էր, որ արձանագրությունների ստորագրումից հետո հանդես է գալու Արցախի հարցին առնչվող հայտարարությամբ, դա հաջողվել էր կանխել Ցեղասպանության շեշտադրումն անելու հայկական կողմի հակաքայլի սպառնալիքով։ Արդյունքում՝ համաձայնություն կայացվեց հայ-թուրքական արձանագրությունները ստորագրել ու որևէ հայտարարությամբ հանդես չգալ։

Բոլորին էլ պարզ էր, որ  եթե հանկարծ Դավութօղլուն արձանագրությունների ստորագրմանը զուգահեռ հայտարարություն աներ Արցախի մասով, ապա Ս. Սարգսյանի իշխանությանը հաշված օրեր կամ շաբաթներ կմնային։ Իսկ իշխանությունը Սարգսյանի միակ ու անփոխարինելի նպատակն է՝ «իշխանություն-փող-իշխանություն» ծրագրի շրջանակներում։ Եվ ահա, Սարգսյանի իշխանությունը Ցյուրիխում բառիս բուն իմաստով փրկվում է Ցեղասպանության միջոցով։ Դրա համար է, որ Սարգսյանը հիմա առիթ-անառիթ խոսում և խոսելու է Հայոց ցեղասպանության մասին։ Չեմ զարմանա, եթե Գյուլի Երևանում գտնվելու ժամանակ Հայոց Մեծ եղեռնի հուշակոթողի լույսերն անջատելու հրաման տված, ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայի լոգոյից Արարատ լեռը թուրքերի «խաթեր համար» հանած Սերժ Սարգսյանն այժմ մարազմի աստիճանի հասնող այնպիսի գործողությունների դիմի Հայոց ցեղասպանության հարցն ամեն տեղ հնչեցնելու առումով, որ այդ ամենի ֆոնին շատերս ակամայից վերածվենք «ապազգայինների», ինչպես որ Հայ ազգային կոնգրեսը, պատմաբանների հանձնաժողովի հետ կապված, մի պահ վերածվել էր Հայ դատի գրասենյակի։ Սա՛ է այն փոփոխությունը, որի մասին խոսում էր Սարգսյանը։

Թե որքա՞ն կտևի ՀՀ «փոխվող» նախագահի «հայրենասիրության» փուլը, դժվար է ասել։ Թող զարմանալի չթվա, բայց դա կախված է Ալիևից։ Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ազատագրված յոթ շրջաններն է ուզում (դրանց հանձնելուն և միայն Լաչինի միջանցքը թողնելուն, ըստ էության, դեմ չեն ո՛չ Ս. Սարգսյանը, ո՛չ Տեր-Պետրոսյանը. պարզապես առաջին նախագահն անկեղծ է և ուղիղ է ասում այդ մասին, իսկ Սարգսյանը խուսափողական հնարքների է դիմում, բայց ասեղը պարկում չես պահի), այլ նաև նախկին ԼՂԻՄ տարածքը։ Այստեղ է, որ ՀՀ իշխանությունները «հերոսաբար» դիմադրում են, և արդյունքում ոչ մի բան չեն հանձնում ու հայրենասիրությամբ են զբաղվում՝  հանգամանքների բերումով։

Ինչ մնում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Ս. Սարգսյանի մոտեցումը, դատելով նրա ելույթից, դարձել է հետևյալը՝ եթե առանց Արցախի հարցի կբացեք սահմանները՝ լավ, իսկ եթե չեք բացի՝ էլի լավ։ Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն փաթեթով՝ ամբիոնից հայտարարեց իշխանության կորստի վախը սրտում Սարգսյանը։ Իսկ վախի աչքերը, ինչպես հայտնի է, մեծ են լինում...

2.     Որոշումներ ընդունելու, ընդդիմախոսներին լսելու և որոշումները փոխելու ժամանակը

Ոմանք սպասում էին, որ ՀՀ նախագահը կարձագանքի «Եղիազար Այնթապցին ու 40 էջմիածնական միաբանները» պատմական էքսկուրսի միջոցով արված առաջարկ-խորհրդին, և նա դա արեց՝ դադարեցնելով ընդդիմության հետ սկսած երկխոսությունը, որը սկիզբ էր առել հայ-թուրքական քիրվայությանն ընթացք տալով։ Հետընտրական փուլում Սարգսյանը գաղափարական պլագիատով էր զբաղվել, որպեսզի իշխանության՝ Ռ. Քոչարյանից ու Լ. Տեր-Պետրոսյանից տարբերվող սեփական դիմագիծն ստեղծի, և արդյունքում ծուղակն էր ընկել։

Ինչպես արդեն նշեցինք, Սարգսյանը փաստացի հրաժարվում է «նախաձեռնողականությունից» ու խոստովանում իր սխալները։ Հետևաբար, նա այլևս կարիք չունի ՀԱԿ-ի հետ երկխոսության։ 

Նկատենք, որ Գյուլի հետ տեղի ունեցած «սիրախաղը», որն սկսվել էր 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո, անուղղակի երկխոսություն էր Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի միջև։ Եթե հիշում եք, ՀՀ առաջին նախագահը ողջունեց իր ախոյանի «գյուլական» քայլն ու շտապեց հետաձգել հանրահավաքը, կողմ արտահայտվել հայ-թուրքական «ֆուտբոլին», հիշեցնել Սարգսյանի հետ իրենց երբեմնի ընկերության մասին։

Սերժ Սարգսյանը «ֆուտբոլը» նախաձեռնեց իր իշխանությունը պահելու համար։ Հիմա նույն այդ իշխանության պահպանմանը «ֆուտբոլը» վնասում է։ Ասել է թե՝ Տեր-Պետրոսյանի հետ երկխոսելու կարիք նա այլևս չունի, քանի որ հիմա Սարգսյանի մոտ, կրկնեմ, «հայրենասիրության» պարբերաշրջան է։  Ասել է թե՝ իշխանության և ընդդիմության միջև իրականում կար այդ բազմաչարչար երկխոսությունը, բայց դա այժմ ձեռնտու չէ Սարգսյանին և այն կդադարեցվի՝ «ֆուտբոլից» հրաժարվելու միջոցով։

Պատահական չէ, որ նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ Սերժ Սարգսյանը կրկին հիշեց Արցախն Ադրբեջանի կազմում  թողնելու ոմանց ցանկության մասին ու կոշտ որակումներով քննադատեց նրանց։ Իշխանությունները հիշեցրին նաև ՀԱԿ առաջնորդի՝ «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցը, որի մասին երկար ժամանակ «մոռացել» էին։ Սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Սարգսյանը հրաժարվում է «Եղիազար Այնթապցի» օպերացիայից։

Փաստն այն է, որ Տեր-Պետրոսյանի առաջարկ-խորհուրդը Սերժ Սարգսյանը գնահատել է որպես դիմացինի թուլության, այլ ոչ թե բարի կամքի դրսևորման նշան։ Այնպես ինչպես Թուրքիան որպես թուլության նշան ընկալեց Սարգսյանի «նախաձեռնողականությունը» և ախորժակը բացեց նաև Արցախի մասով. «ա» –ն ասելուց հետո, «բ»-ն էլ պետք է ասես ու անընդհատ պարտվես։ Նույնը տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի հետ։ Նա անընդհատ նախաձեռնողականություն ցուցաբերեց Սարգսյանին առաջարկներ ու հանդուրժող  լինելու կոչեր անելու պահով։ Բայց ամեն մի հերթական նախաձեռնողականությունից հետո իշխանությունն ավելի ինքնավստահ էր զգում իրեն ու ավելի ագրեսիվ դառնում. կյանքի օրենքն է։

Այսպիսով՝ Թուրքիայի էջը շրջելն ու տերպետրոսյանական գաղափարներից հրաժարվելն այն երկրորդ փոփոխությունն է, որին ենթարկվել է Սերժ Սարգսյանը։ Փաստորեն, շատերը «մուֆտա» տեղը «խուրդվեցին» հայ-թուրքական քիրվայության թեմաներով ու հիմա պետք է քծնանքային պարապուրդի մատնվեն՝ հուսով, որ ՀՀ նախագահի մոտ կրկին սեր կարթնանա հայ-թուրքական «ֆուտբոլի» նկատմամբ։ 

3.     Հայկական բոլշևիզմի առանձնահատկությունները

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հիմնական ասելիքը ներքին կյանքում հետևյալ բանաձևում էր տեղավորվում՝ «Պատերազմ «թիմակիցներին» և բիզնես աշխարհին»։

Այո՛, Սարգսյանն արտաքին քաղաքականության մեջ կարող է ռուսամետությունից ամերիկամետություն և հակառակ ուղղությամբ շարժվել կայծակնային արագությամբ։ «Ծովից ծով Հայաստանը» նրա մոտ պարբերաբար զուգորդվում է «Թուրքական մուղամների» հետ։ Նայած, թե ինչ իրավիճակ է։ Այսինքն, արտաքին քաղաքականության հստակ գիծ չկա։ Ներքին կյանքում էլ վիճակը նույնն է։ «Դատարկ դհոլ» որակումից մինչև «հերոսի» գրքի շնորհանդես Սարգսյանի մոտ մեկ քայլ է. նրա «այո»«ոչ» է, իսկ «ոչ»-ը՝ «այո»։ Այլապես հազիվ թե Արթուր Բաղդասարյանը ԱԽՔ-անար։ 

Մեկ բան անփոփոխ է Սերժ Սարգսյանի մոտ՝ սերն առ փող և իշխանություն։ Ահա այդ անփոփոխ սիրո խոստովանության շրջանակներում Սարգսյանը երկու ուղղությամբ է աշխատելու՝ «արդիականացնելու» է կոմկուսի վերածված ՀՀԿ-ն ու մեծ բյուջեի միջոցով իր տնօրինության տակ է վերցնելու երկրի հիմնական ֆինանսական հոսքերը։ Այսինքն, կառուցելու է «Մեկ մարդու տնտեսություն»։ Համենայնդեպս, փորձելու է։ Սարգսյանն այժմ որևէ վտանգ չի զգում տիտղոսային ընդդիմությունից ու իր համար ճիշտ ժամանակ է ընտրել՝ արտաքին «հայրենասիրությունն» իշխանության գերկենտրոնացմամբ համադրելու համար։ 

Նախագահը մտադրվել է ՀՀԿ-ն արդիականացնել սովետական կոմկուսի ոճով։ ՍՍՀՄ Սահմանադրության հոդվածներից մեկում ասվում էր, որ Կոմունիստական կուսակցությունը Սովետական պետության հենասյունն է։ Գրեթե նույն բանը կրկնեց Ս. Սարգսյանը ՍՍՀՄ փլուզումից մոտ 20 տարի անց, բայց անկախ Հայաստանում իշխող ՀՀԿ-ի մասով։ «Հանրապետական կուսակցությունն ըստ էության հայկական վերականգնված պետականության հիմնասյունն է»,- հայտարարեց նախկին կոմունիստ և հայատյաց Կեվորկովի նախկին օգնական Ս. Սարգսյանը:

Սարգսյանի պատկերացրած արդիականացումը՝ դա իշխանության ճյուղերի գերկենտրոնացումն է։ Դատեք ինքներդ՝ «Կուսակցությունը պետք է դառնա այն Հայաստանի մոդելը, որն ուզում ենք կառուցել»,-սպառնաց նախագահը: Իսկ ինչպես հայտնի է, կուսակցություններում գործում է բացառապես օլիգարխիայի երկաթյա կանոնը, որը իր հայտնի աշխատության մեջ հանգամանալից նկարագրել էր քաղաքագետ Միխելսը՝ վերլուծելով գերմանական սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը։

Կուսակցության արդիականացման շրջանակներում էր վարչապետի ՀՀԿ-ացումը, որին հետևեց նաև «դուրսը» մնացած ֆինանսների, էկոնոմիկայի նախարարների ու այլոց «ցեղակրոնացումը», ովքեր մեկ-երկու օրվա ընթացքում  այնքան էին նվիրվել նժդեհյան գաղափարախոսությանը, որ «7օր»-ի թղթակցին չէին կարողացել պատասխանել, թե  ի՞նչ է Գարեգին Նժդեհի իրական անուն-ազգանունը։

Միջազգային կենտրոնների սիրահարների կուսակցականացմամբ՝ Սարգսյանը ձգտում է հակակշռել ՀՀԿ-ի մի մասին ու ԱԺ գործարար խավի մեծ մասին իրենով արած Հովիկ Աբրահամյանին, ով օգտվելով հետընտրական շրջանում ի հայտ եկած Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունների «նուրբ» զարգացումներից՝ առավելագույնս կապիտալիզացրել էր իր «ջոկերային» կարգավիճակը։

ԱԺ նախագահի ալյանսը Գագիկ Ծառուկյանի և քավոր-սանիկային դաշինքը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ սկսել էր լրջորեն անհանգստացնել Սերժ Սարգսյանին։ Բանն այն է, որ Սարգսյանն իր Սարգսյանը չի ցանկանում ունենալ, ինչպիսին որ ինքն էր Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Սարգսյանը լավ գիտի, թե ինչ է դա նշանակում։ Հովիկ Աբրահամյանի քայլերը հանդուրժվում էին, քանի դեռ ավելի մեծ վտանգներ կային։ Այժմ այդ վտանգները (գոնե այս պահին) Սարգսյանի համար չկան։ Արցախի հարցում նա կոշտացրել է դիրքորոշումը, որը երաշխավորում է զինվորաքաղաքական հեղաշրջման հավանականության զրոյացում, իսկ ներքին կյանքում իր հրաժարականը պահանջող Տեր-Պետրոսյանի գործողությունները տեղավորվում են «էջմիածնական միաբանների» ուղեգծի մեջ, ինչը նույնպես անհոգ վիճակի երաշխիք է դառնում։ Մանավանդ փորձը ցույց տալիս, որ միաբանները երբևէ վտանգ չեն հանդիսանում Ս. Սարգսյանի համար՝ լինեն դրանք «Ազգային միաբանության» կամ էջմիածնական միաբանների տեսքով։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը ձգտելու է մոնոլիտ կուսակցություն ստեղծել և հենվել Տիգրան Սարգսյանի վրա։ Դա է պատճառը, որ նախագահը, չնայած տնտեսության մեջ արձանագրված խայտառակ ձախողումներին, ՀՀԿ համագումարում պաշտպանության տակ առավ վարչապետին։ Տիգրան Սարգսյանն այն գործիքն է, որի միջոցով Սերժ Սարգսյանը փորձելու  է կյանքի կոչել միակենտրոն տնտեսական համակարգի գաղափարը։ Կուսակցության ներսում ստեղծելով  սրածայր և մոնոլիտ բուրգ՝ Ս. Սարգսյանն ուզում է այդ մոդելը տարածել պետության մեջ։

Կա տեսակետ, որ նախագահը կարող է ցրել կոալիցիան, բայց, թերևս, նա դա չի անի։ Իշխանական կոալիցիան կձգտեն որքան հնարավոր է երկար պահպանել, բայց միևնույն ժամանակ թուլացնել նախարարների, կամ որ նույնն է՝ կոալիցիայի դերը՝ ներդնելով աշխատակազմի ղեկավարների ուժեղացման համակարգը, ինչը դե յուրե կպահպանի կոալիցիան, բայց դե ֆակտո վերջինս կդարձնի բուտաֆորիա։

Ըստ պետական կառավարման համակարգի «բարեփոխման» նախագծի՝ աշխատակազմի ղեկավարները «ստուկաչների» կամ «չեկիստների» դեր են կատարելու նախագահի ու վարչապետի համար, ինչն իշխանությունն ուզում էր անել մասնավոր բիզնեսում, բայց հանդիպելով դիմադրության՝ տեղի տվեց։

«Սոցիալական արդարությունից» խոսող մեր տնաբույծ նեոբոլշևիկները 2010-ին ավելացնելու են դեմագոգիան և պոպուլիզմը, ինչպես որ դա անում էին իրենց գաղափարական հայրերը 1917թ-ին։ Այդ պոպուլիզմն իր դրսևորումը կստանա «ընդհուպ մինչև 1 տրիլիոնին մոտեցող բյուջեի» տեսքով։ Սա իրականում նշանակում է պատերազմ ՀՀ տնտեսությանը' այն կենտրոնացնելու նպատակով։ Այդ ծրագրի առաջին զոհերը կդառնան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք արդեն իսկ կլինիկական մահ են ապրում։

Իշխանությունները խոսում են խոշոր բիզնեսի դեմ պայքարի մասին, բայց չեն ասում, որ ազատականացնելու են շուկան։ Նրանք թմբկահարում են միայն բյուջեն լցնելու մասին։ Այն բյուջեն, որի ծախսերի մեծ մասը հասարակությունը չի վերահսկում։

Անշու՛շտ, արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ պետք է պայքարել։ Բայց եթե «սոցիալական արդարության» լոզունգների տակ սեփականության վերաբաշխում, իսկ կուլակաթափության միջոցով «Մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծվի, ապա դա ավելի զզվելի ու գռեհիկ համակարգ կդառնա, քան այն, ինչ այժմ ունենք։ Ասվածի ապացույցը բոլշևիկների ստեղծած Սովետական Միությունն էր։ Հակամարդկային մի կայսրություն, որի փլատակների տակ մնալուց մի կերպ խուսափեցինք, իսկ հիմա մեզ ուզում են կրկին նույն «ջուրը» մտցնել։

Առաջիկայում քաղաքական գլխավոր ինտրիգները լինելու են նշածս ուղղություններով զարգացումները։ Թե ինչո՞վ դրանք կավարտվեն, կախված է մի շարք էկզոգեն և էնդոգեն գործոններից, որոնց կանդրադառնամ մեկ այլ առիթով։

Ամփոփենք. տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունն իր անփառունակ վախճանը կգրանցի արդեն առաջիկա ամիսներին։ Մեր խնդիրը պետք է լինի նվազագույն կորուստներով հայ-թուրքական գործընթացը հետ պտտեցնելը և Արցախի շուրջ սեղմվող օղակը ճեղքելը։ Ամբողջությամբ շտկել իրավիճակը, ցավոք, այս իշխանության օրոք չի հաջողվի (մասնավորապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով)։ Քանի դեռ իշխանության ղեկին է Սերժ Սարգսյանը, ոչ մի երկիր չի ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստը՝ մատնանշելով հայ-թուրքական արձանագրությունները։

Ցավոք սրտի, Սարգսյանի կառավարման տարիները մեզ համար բաց թողնված հնարավորությունների ու հետադիմության շրջան են լինելու գրեթե բոլոր ոլորտներում։ Հետևաբար՝ պետք է ձևավորել համակարգային փոփոխությունների պատրաստ նոր ուժ, որը հանրությանը կառաջարկի այլընտրանքային զարգացման ուղի թե՛ բարոյական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական առումներով և առաջիկա (թերևս՝ հերթական) համապետական ընտրություններում կիրականացնի համակարգափոխություն։ Ս. Սարգսյանը չունի այն իրականացնելու ծրագիր, ցանկություն և կարողություն։ Երկրին անհրաժեշտ են ազգային-դեմոկրատական փոփոխություններ, որպեսզի դիմագրավենք արտաքին վտանգներն ու ներքին բոլշևիզմը, ապահովենք կայուն զարգացում և անվտանգ, արժանապատիվ կյանք։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը