Լրահոս

11.05.2016 17:50


Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մայիսի 11-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները` Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ:

Խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ հարգել մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը:

Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել Օսմանյան կայսրության կողմից կատարված ոճրագործության մասին պատմող փաստավավերագրական նյութերին:

Այցի ավարտին Ֆիլիպ Կուրարը գրառում է կատարել հուշամատյանում:

Բելգիայի Վալոնիա-Բրյուսել ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահը լրագրողներին տված հարցազրույցում ասել է.

«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել, եւ դա անհերքելի է: Ողջ աշխարհը պետք է ճանաչի ու դատապարտի 1915 թվականին կատարվածը: Հենց այդ անպատժելիությունն է, որ ծնեց նոր ցեղասպանություններ աշխարհում, ինչը դեռ շարունակվում է ԴԱԻՇ-ի կողմից: Միջազգային հանրությունը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը, որպեսզի որեւէ ազգի նկատմամբ այլեւս ցեղասպանություն չիրականացվի»:

ՀՀ ԱԺ

Այս խորագրի վերջին նյութերը