Լրահոս

12.05.2016 15:21


Արցախում վիրավորված զինծառայողները լիահույս են, որ ինքնուրույն քայլելով են դուրս գալու վերականգնողական կենտրոնից

Արցախում վիրավորված զինծառայողները լիահույս են, որ ինքնուրույն քայլելով են դուրս գալու վերականգնողական կենտրոնից

Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում այժմ վերականգնողական բուժում է ստանում երեք զինծառայող, որոնցից 2-ը` ծանր վիրավորումներ են ստացել Արցախում ապրիլյան հակամարտության վերջին օրերին: Երեք տղաներն էլ հենաշարժական ապարատի հետվնասվածքային խնդիրներ ունեն: Հայկ Թորոսյանի, Հայկ Սեխլիյանի և Արամ Սարյանի հետ միաժամանակ աշխատում է փորձառու մասնագետների մի ամբողջ խումբ: Վերականգնող բժշկի, բուժքույրերի, կինեզիստի, սթրեսոլոգ-հոգեբանի մանրակրկիտ և երկարատև բուժման արդյունքում փուլ առ փուլ, նախապես մշակված ծրագրային մոտեցմամբ է իրականացվելու վիրավորների յուրաքանչյուր մկանի վերականգնումը:

Վերականգնողական բժշկության ոլորտում ավելի քան 25 տարվա փորձառություն ունեցող բժիշկներ Հմայակ Կարապետյանի և Նարինե Զալիբեկյանի խոսքով` այս փուլում աշխատանքներն ուղղված են տղաների ֆունկցիոնալ ունակությունները լավացնելուն, ինչը փուլային և երկար ժամանակ պահանջող գործընթաց է: Մասնագետները բուժման ընթացքում առավել մեծ հաջողությունների հասնելու գործում մեծապես կարևորում են նաև հոգեբանական պատրաստվածությունը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է վերականգնողական բուժում ստացող տղաներին: Կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մնացականյանի ուղեկցությամբ նա հետևել է վերականգնողական աշխատանքներին, զրուցել բուժանձնակազմի հետ: Հայկ Սեխլիյանը, ով դեռ չի կարողանում քայլել, նախարարին վստահեցրեց, որ քայլելու է և իր ոտքով է դուրս գալու առողջության կենտրոնից:

«Երբ «Աստղիկ» բժշկական կենտրոնում էի, դուք այցելեցիք, բոլորովին չէի կարողանում շարժվել։ Այստեղ ինձ հետ շատ բարձրակարգ մասնագետներ են աշխատում: Սկզբում ընդհանրապես ոտքերս չէի կարողանում ինքնուրույն շարժել, թեքվել առանց բուժքույրերի օգնության, իսկ հիմա արդեն թեքվում եմ, նստում, ոտքերս փորձում շարժել»,- մանրամասնեց զինծառայողը:

Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնի մասնագետները, որ պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, վերականգնողական բուժօգնություն են տրամադրում տարեկան ավելի քան 1000 մարդու:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը