Լրահոս

13.05.2016 15:50


Կ.Վրթանեսյան. «Ադրբեջանական կողմը կամ ընդհանրապես չի հայտնում զոհերի մասին, կամ հայտնում է մասամբ»

Կ.Վրթանեսյան. «Ադրբեջանական կողմը կամ ընդհանրապես չի հայտնում զոհերի մասին, կամ հայտնում է մասամբ»

Ադրբեջանական կողմը կամ ընդհանրապես չի հայտնում զոհերի մասին, կամ հայտնում է մասամբ։ Այս մասին այսօր, «vesti.am»–ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանիպմանը նշել է «ՌազմԻնֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Ըստ կայքի տվյալների՝ 2016 թ. ապրիլի 2-5-ի ընթացքում հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանն ունեցել է 94 զոհ. բոլորի ինքնությունը պարզված է: Նրանց թվում են 1 գնդապետ, 2 փոխգնդապետ, 5 մայոր, 4 կապիտան, 8 ավագ լեյտենանտ և մի շարք ժամկետային և պայմանագրային զինծառայողներ:

Վրթանեսյանի խոսքով՝ իրական կորուստները շատ ավելի մեծ են, քան որ նշում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Հակառակորդը պաշտոնապես հայտնել է միայն 31 զոհի մասին՝ առանց անուններ հրապարակելու, մինչդեռ ադրբեջանական պետական և պետականամետ լրատվամիջոցները լուսաբանել են 89 զինվորի հուղարկավորություն:

-Մի բան պարզ է, որ Ադրբեջանում 2014թ. օգոստոսից հստակ քաղաքականություն կա՝ կորուստները թաքցնելու ու կոծկելու,- ասել է Կարեն Վրթանեսյանը:

Նրա համոզմամբ՝ իրենց նշած 94 զոհերի թիվը կարելի է հանգիստ կրկնապատկել, եռապատկել, քանի որ սոցցանցերում ադրբեջանական հասարակության մոտ ուղղակի խուճապային տրամադրություն էր: Նրա խոսքով՝ իշխանությունների որդեգրած քաղաքականությունն ուղղված է հենց ներքին լսարանին և նպատակ ունի խուճապային տրամադրությունները վերացնելու, սակայն քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ դա ունենում է միայն հակառակ ազդեցությունը:

-Ադրբեջանը այդպես էլ չհրապարակեց պարգևատրվածների անունները: 1994թ. հրադադարից հետո աննախադեպ է, որ պարգևատրվածների ցուցակն այդպես էլ չհրապարակվեց: Ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել, որ քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանի ազգային հերոսների թիվն ավելացել է առնվազն 3-ով. երկուսը պարգևատրվել են հետմահու,– նշել է «ՌազմԻնֆո» կայքի համակարգողը՝ հավելելով, որ նրանց անունները նույնպես չեն նշվել:

Վրթանեսյանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների զոհվելու մասին տեղեկատվությունը առավել քիչ հավանական է, որ կհրապարակվի:

Ինչ վերաբերում է ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհվածներին, Կարեն Վրթանեսյանը նշել է՝ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, գնդապետ Ֆամիլ Բաբաևը ապրիլի 14-ին հայտնել էր, որ եթե սովորաբար պատերազմների ընթացքում զինծառայողների ծանր վիրավորման դեպքերը չեն գերազանցում ընդհանուր վիրավորների շուրջ 10-12 տոկոսը, ապա ապրիլյան մարտերի արդյունքում Ադրբեջանի վիրավոր զինծառայողների 40-45 տոկոսի վիճակն է ծանր:

«vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը