Լրահոս

13.05.2016 16:36


Ջաբրայիլի դիրքեր․ զինվորները տարածքային զիջումների մասին չեն ուզում լսել

Ջաբրայիլի դիրքեր․ զինվորները տարածքային զիջումների մասին չեն ուզում լսել

Ապրիլյան չորսօրյա պատերազմի ընթացքում ամենաթեժ կետերից մեկը շփման գծի հարավային՝ Ջաբրայիլի ուղղությունն էր: Կրակի դադարեցման պայմանավորվածությունից ավելի քան մեկ ամիս անց էլ այստեղ դեռ կրակոցներ են հնչում:

Լելե Թեփե բարձունքի մոտ գտնվող դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ավետիսյանը և դիրքապահ, շարքային Վարդանյանը պատմում են, որ պատերազմական օրերին իրենց դիրքը ինտենսիվ հրետակոծվում էր, երկինքն էլ կրակոցներից ամբողջովին լուսավոր էր: Հիմա, կրտսեր սերժանտի խոսքով, կրակոցները քիչ են:

«Չէ, կրակոցներ շատ քիչ ա լինում, բայց մենք էլ միշտ նենց ենք անում, վիճակը որ մի փոքր զգում ենք՝ լարված ա, մենք էլ ենք աշխատում էդ ուղղությամբ, որ իմանան՝ ստեղ ձիգ կանգնած են տղաները», - «Ազատության» հետ զրույցում ասաց կրտսեր սերժանտ Ավետիսյանը:

«Անպատասխան չենք թողնում», - հավելեց շարքային Վարդանյանը:

Մինչ «Ազատությունը» զրուցում էր զինծառայողների հետ, նրանց ընկերը՝ դիրքի դիտորդ, շարքային Ղարդյանը առաջնագիծն էր դիտարկում: Ապրիլի սկզբի օրերին այստեղից ադրբեջանցի զինվորների էր նկատում, հիմա միայն հանդիպակաց դիրքում ադրբեջանական դրոշն է տեսնում: Բայց պատերազմական օրերը չի մոռանում:

«Էն կռվի կադրերից էլ իրական՝ էդ էր ամենատպավորիչը, ամենահետաքրքիրը․․․ որ սաղ մնացինք», - պատմեց Ղարդյանը: - «Ինչ-որ կադրեր էր, ոնց որ կինո գնար, որը անցավ-գնաց․․․ լավ, նորմալ, տենց»:

Տարածքային զիջումների մասին տղաները չեն ուզում լսել. ասացին, որ այստեղ ընկերներ են կորցրել:

Դիրքապահ զինվորներին օգնելու են եկել նաև կամավորները: Դիրքում հաճախ են երգում, ձայների ուղղությամբ էլ ադրբեջանական կողմից կրակում են: Նույնը եղավ մեր այնտեղ լինելու պահին:

Աղբյուրը՝ «Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը