Մեկնաբանություն

17.05.2016 22:30


Լավրովը բացեց փակագծերը. պետք է պատրաստվել ֆորս մաժորի

Լավրովը բացեց փակագծերը. պետք է պատրաստվել ֆորս մաժորի

Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանները չբավարարվեցին, սակայն նա, ժողովրդական լեզվով ասած, լիզեց իր թքածն ու հայտնվեց Ալիևի հետ միևնույն սենյակում:

Որքան էլ հիմա Բ26-ի քարոզիչներն, իրենք իրենց երկարականջի տեղ դրած, հայտարարեն, թե դա բանակցություն չէր, այլ հանդիպում, իրականությունը դրանից չի փոխվում:

Դատելով ամենից՝ բանակցային գործընթացի հիմքում կազանյան փաստաթուղթն է, որը 1998-ին ներկայացված տխրահռչակ փուլային տարբերակն է: Տարբերակ, որը նախատեսում է մեր միակողմանի զիջումները, այսինքն՝ կապիտուլյացիան:

Սերժ Սարգսյանն, իհարկե, ինքնաթիռում հարցազրույց տալիս չասաց այդ մասին, բայց դե, նա նույնկերպ լռում էր նաև Կազանից հետո, և միայն մեր ծանր կորուստները ստիպեցին նրան խոստովանել, որ պատրաստ է եղել տարածքներ հանձնելուն (նրա այդ մտածողությունն է եղել պատճառը, որ մատը մատին չի տվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար և հանցավոր անգործություն է ցուցաբերել որպես գերագույն գլխավոր հրամանատար):

Եթե Սարգսյանը դրական բան ունենար ասելու, ապա չէր թաքցնի բանակցային մանրամասները: Թեև, եթե խոսեր էլ, ապա, միևնույն է, նրա խոսքն այլևս զրոյական արժեք ունի, և դրան հավատացող չկա:

Կյանքը ցույց է տվել, որ Սարգսյանը պաթոլոգիկ ստախոս է, պրոֆեսիանալ դեմագոգ և խորագույն դիլետանտ պետական հարցերում: Նրա համար կա փող: Ուրիշ արժեք նա չունի: Ու հիմա էլ պատրաստ է ամեն ինչ հանել վաճառքի, եթե համոզված լինի, որ աթոռը կպահի:

Բայց նման համոզվածություն նա, բնականաբար, չի կարող ունենալ: ՀՀԿ ղեկավարը հասկանում է, որ եթե փորձի գնալ զիջումների, ապա աթոռից կզրկվի, իսկ զիջումների չգնալու ռեսուրս չունի:

Ըստ ամենայնի՝ նա գնում է երրորդ տարբերակով՝ զիջումներ անել ու միաժամանակ պահել աթոռը: Համենայդեպս, նա փորձելու է այդպես վարվել:

Իսկ փորձն այդ լինելու է փուլային տարբերակի շրջանակներում: Փուլայինի մասին բաց տեքստով հայտարարեց ՌԴ արտգործնախարար Լավրովը (այլ աղբյուրներ էլ են տեղեկատվական արտահոսք անում, որ Վիեննայում քննարկվել է փուլային տարբերակով տարածքների զիջման հարցը):

Ըստ Լավրովի՝ արդեն հունիսին Սարգսյանն ու Ալիևը պետք է պայմանավորվեն հանդիպման մասին և ներկայացնեն իրենց մոտեցումները: Պարզ է, որ խոսք է գնալու բացառապես հայկական կողմի տարածքային զիջումների մասին, քանզի ռազմաքաղաքական հաշվեկշիռը վերջին ութ տարիներին փոխվել է ի վնաս Հայաստանի: Ապրիլյան բախումներն էլ իրենց հերթին են փոխել ստատուս քվոն՝ կրկին ի վնաս Հայաստանի:

Սերժ Սարգսյանը չի կարող պատերազմել, քանզի հետևողականորեն թուլացրել է բանակը: Մնում են հրաժարականը կամ զիջումները:

Նա հրաժարականի չի ուզում գնալ, քանզի ամեն ինչից առավել աթոռն ու փողն է սիրում: Իր համար նա միակ տարբերակ է տեսնում զիջումներ՝ փորձելով երաշխիքներ ստանալ դրսից, որ իրեն կպահեն, իսկ ներսում էլ պաշտպանվելու համար քաղաքական փաստաբան է վարձել Լևոն Տեր-Պետրոսյանին (Սարգսյանը լավ կյանքից չէ, որ ՀԱԿ առաջնորդին վերակենդանացնում է, բայց դե, դրանք զուր ջանքեր են):

Եվ այսպես, զիջումների հարցում Սերժ Սարգսյանն ունի երկու դաշնակից՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և միջնորդները: ՀԱԿ առաջնորդի համար հակամարտության «լուծման» փուլային տարբերակին անցնելը սեփական գաղափարները «Բա որ ես ասում էի» ծրագրի շրջանակներում կյանքի կոչելու, Սերժ Սարգսյանի հետ իր վաղեմի հարաբերություններն «օրինականացնելու», քաղաքական դաշտում դերակատարում ստանձնելու և անձնական խնդիրներ լուծելու հնարավորություն են:

Դե, իսկ միջնորդներին այս պահին ձեռնտու է Սարգսյանը, քանզի թույլ ղեկավարին կարող են ինչքան ուզել՝ այնքան «խփել»:

Զիջումները ձեռնտու չեն, ավելի ճիշտ՝ մահացու վտանգ են ներկայացնում ՀՀ-ի ու ԼՂՀ-ի համար: Իսկ դա նշանակում է, որ պետք է պատրաստ լինել ֆորսմաժորային զարգացումների:

Սարգսյանը հունիսին արդեն մտնելու է զիջումների դաշտ: Նա բոլոր առումներով ավարտված գործիչ է և սպառնալիք մեր երկրի անվտանգությանը: Հետևաբար, համախմբված ձևով փոփոխությունների հասնելը քաղաքական օրակարգի թիվ մեկ կետն է դառնում:

Առաջացել է նոր ջրբաժան: Ու բոլորը պետք է կողմնորոշվեն՝ սկսած բանակից, վերջացրած Հայաստանի ու Ղարաբաղի քաղաքական սուբյեկտներով: Բոլորի համար գալիս է ճշմարտության պահը: Լինել-չլինելու հարց է:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը