Լրահոս

19.05.2016 14:45


Նրանք, ովքեր տուժել են «analitik.am»-ի ապօրինի գործունեությունից, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Նրանք, ովքեր տուժել են «analitik.am»-ի ապօրինի գործունեությունից, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցները կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել են յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հիմք են տալիս կարծելու, որ վերը նշված շորթումը «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցների կամ նրանց անունից հանդես եկող անձանց ապօրինի գործունեության միակ դեպքը չէ: Ուստի, հորդորում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր տուժել են վերջիններիս ապօրինի գործունեությունից, դիմեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա, հեռ.՝ (011) 900-035, (011) 900-052):

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը