Մեկնաբանություն

25.05.2016 09:50


Ականը՝ պետության տակ

Ականը՝ պետության տակ

Հիշում եք, չէ՞, 2013-ի փետրվարի վերջին ինչպիսի՜ բուռն ծաղկում ապրեց էպիստոլյար ժանրը: Երբ իրար նամակ էին գրում Սերժ Թանկյանն ու Սերժ Սարգսյանը: Վերջինս աշխարհահռչակ ռոք աստղին հնդկական կինոյի սցենարային մոնոլոգի ոճով գրում էր, թե ինքը կազմակերպել է մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները, որ ինքը ապահով Հայաստան է խոստացել, որ պետք չէ ական դնել պետականության տակ, որպեսզի կարողանանք «Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք» փոքրիկ Սերժին եւ նրա սերնդակիցներին:

«Սա պետություն է, Սե՛րժ»,- Թանկյանին բացատրում էր Սարգսյանը:

Մի կողմ թողնենք այն, որ մինչ օրս ՀՀԿ ղեկավարը ժողովրդին ոչ նամակ է գրել եւ ոչ էլ խոսել է ժողովրդի հետ: Իսկ 21 տարվա մեջ կազմակերպած «լավագույն ընտրությունների» հետեւանքն էլ չորսօրյա պատերազմն էր: Քանզի ապահով Հայաստան կառուցել չկարողացավ, իսկ սուրբ սարի տակ էլ նոր հայրենիքի ստեղծման մասին խոսելն ավելորդ է:

Չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ «Սուրբ սարի» տակ կորցրել ենք 800 հեկտար տարածք, եւ չնայած պետականության տակ չդրված «ականին»՝ ունեցանք զգալի մարդկային կորուստ: Կորցրած տարածքն էլ պաշտոնապես հռչակվեց անպետք ու նշանակություն չունեցող:

«Սա պետություն է, Սե՛րժ» գրելով նամակագիր Սարգսյանը նույն այդ պետությունը թուլացրել է այնքան, որ թշնամին կարող է մտնել քո տուն եւ քեզ գազանաբար սպանել (ինչպես եղավ Թալիշում): Պետություն ղեկավարելու եւ պահելու մասին Սերժ Սարգսյանի պատկերացումները, փաստորեն, այսպիսին էին:

Ճոռոմ, սրտաճմլիկ խոսքերով պետություն չեն ղեկավարում: Պարզ է, որ փոքրիկ Սերժին պապիկը փոխանցելու շատ բան ունի, իսկ ա՛յ, իշխանությունն ամեն գնով պահելու դեպքում շատ կասկածելի է պետության ճակատագիրը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը