Մեկնաբանություն

25.05.2016 10:25


Կեղծ պացիֆիզմի ռահվիրաները

Կեղծ պացիֆիզմի ռահվիրաները

Երբ խոսվում է այն մասին, որ ապրիլյան բախումների ժամանակ մենք ռազմավարական դիրքեր ենք կորցրել, որի հետևանքով Թալիշում այլևս խաղաղ բնակիչ չկա, Սերժ Սարգսյանն ու իր սազանդարները դիմում են դեմագոգիայի օգնությանը:

«Դուք ի՞նչ է՝ ուզում եք՝ մարդկային զոհե՞ր տանք այդ անպետք տարածքների համար: Չէ՞ որ մարդու կյանքն է կարևոր, այլ ոչ թե տարածքը»,- դեմքի սրտաճմլիկ ու մարդասիրական արտահայտությամբ հայտարարում են սրանք:

Նկատենք, որ սա կեղծ պացիֆիզմ է և «սութի» մարդասիրություն: Այդպիսով փորձ է արվում հարցը խեղաթյուրել և սեփական ձախողումներն արդարացնել:

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե ճիշտ բաներ են ասվում՝ կարևորը մարդն է, այլ ոչ թե տարածքը: Բայց հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ վարած քաղաքականությունը պատճառ դարձավ չորսօրյա ինտենսիվ բախումների, մարդկային կորուստների ու տարածքային զիջումների: Չէ՞ որ մինչև Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» ավերածությունները Թալիշում բնակիչ կար, այդ գյուղն անվտանգ պահող դիրքերը մերն էին, ու մարդկային զոհեր էլ չէինք տալիս: Ինչո՞ւ են, հետևաբար, հակադրվում մարդկային կյանքն ու տարածքը: Այդ մտածողությամբ պետություն չպետք է ունենանք:

Հենց սերժսարգսյանական քաղաքականության պատճառով մենք մարդկային ու տարածքային կորուստներ ունեցանք, իսկ Թալիշում ծերերին իրենց տան մեջ սպանեցին: Այնպես որ, դեմագոգիան չի անցնում:

Մի ժամանակ էլ հայտարարում էին, թե ովքեր դեմ են «Ֆուտբոլային» դիվանագիտությանը, նրանք կողմ են փակ սահմաններ ունենալուն:

Պարզ էր, որ որևէ բանական մարդ չէր կարող դեմ լինել սահմանները բացելուն, բայց մենք համոզված էինք, որ տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում սահմանները ոչ թե բացվելու են, այլ է՛լ ավելի ամուր են փակվելու, Հայաստանը տուժելու է, և Ղարաբաղը հայտնվելու է հարվածի տակ: Այդպես էլ եղավ:

Նույնն էլ հիմա է: ՀՀԿ ղեկավարի անմիջական մեղավորությամբ մենք կորուստներ ունեցանք, և այժմ ուզում են դա ներկայացնել որպես հաղթանակ, իսկ ռազմավարական դիրքերը հանձնելը որպես Սերժ Սարգսյանի մարդասիրության դրսևորում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը