Լրահոս

07.12.2009 16:31


Սերժ Սարգսյանը տխուր էր և մտահոգ

Սերժ Սարգսյանը տխուր էր և մտահոգ

1988թ. աղետալի երկրաշարժի 21-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Գյումրիում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Հյուրերը՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի ուղեկցությամբ,  ծաղկեպսակ են դրել երկրաշարժի զոհերի հուշարձանին, այնուհետև ուղևորվել են Ախուրյանի շաքարի նորակառույց գործարան, որից հետո էլ Իսահակյան գյուղում Սերժ Սարգսյանը ներկա է եղել 26 համայնքների գազամուտի արարողությանը:

Այս ամբողջ ընթացքում նախագահ Սարգսյանը հրաժարվել է հարցազրույց տալ լրագրողներին և  նկատելիորեն դեմքի խիստ դժգոհ ու տխուր արտահայտություն է ունեցել:

Այցելության ամբողջ ընթացքում  Սերժ Սարգսյանն իրեն բավական հեռու է պահել քաղաքապետ Վարդան Ղուկասյանից, ով, ի տարբերություն մարզպետ Նանյանի, երկրորդ պլանում էր:

Սերժ Սարգսյանը չի այցելել Մուշ 2 թաղամաս, որտեղ «Գլենդել հիլզ» ընկերությունը բնակարանաշինություն է իրականացնում Գյումրու անօթևանների համար:

Նշենք, որ սույն կազմակերպությունը խոստացել է մինչև տարեվերջ շահագործման հանձնել 1056 բնակարան, սակայն կասկածներ կան, որ նշված ժամկետներում հնարավոր չի լինի շահագործման հանձնել նշված քանակի բնակարաններ:

Այս առումով ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը լրագրողներին հավաստիացրել է. «Չեմ կարծում, որ պետք է կասկածի տակ առնել ծրագրի իրականացումը, որովհետև շինարարությունն ընթացքի մեջ է. այս տարի 1050 բնակարանի շինարարություն է ավարտվելու, իսկ մյուս տարի ավարտելու ենք 1980 բնակարանի շինարարությունը»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը