Մեկնաբանություն

27.05.2016 20:20


Սամվել Բաբայանի հիմնական «մեսիջները»

Սամվել Բաբայանի հիմնական «մեսիջները»

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իր հարցազրույցով մի քանի հիմնական «մեսիջներ» փոխանցեց մեր հանրությանը: Դրանք են՝

1.Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մեր ու Ադրբեջանի միջև առկա ռազմական հաշվեկշիռը մտահոգիչ է:

2.Ադրբեջանը չի ցանկանում փոխզիջում, այլ ձգտում է ամբողջին, իսկ դա նշանակում է, որ բանակցային սեղանի շուրջ հիմա ոչ մի հարց չի կարող լուծվել, եթե իհարկե չենք որոշել կապիտուլյացիայի գնալ: Բանակցությունները մեզ համար արդյունավետ կլինեն եթե ունենանք զարգացող տնտեսություն, առողջ քաղաքական դաշտ և արդիական պաշտպանական համակարգ: Միայն ուժի դիրքերից է հնարավոր հասնել դրական արդյունքի: Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման և հակառակորդին պարտադրել խաղաղություն:

3.Անհրաժեշտ զենքի ու զինտեխնիկայի ձեռքբերումը քաղաքական որոշման հարց է, այլ ոչ թե պայմանավորված է ուրիշ խնդիրներով:

4.Մեր բանակը կարիք ունի արդիականացման, և մենք ունենք շատ քիչ ժամանակ այդ արդիականացումն ապահովելու համար:

5.Քաղաքական որոշման արդյունքում կարելի է վերափոխել հայկական զինված ուժերի համակարգն ու ապահովել ուժեղ պաշտպանություն՝ հակահարձակման պոտենցիալով:

6.Սեփական երկրի անվտանգության հարցում դրսի ուժերին ապավինելը վտանգավոր է և անմեղսունակություն:

7.Եթե տարիներ առաջ անելիքը Հայաստանում էր, որպեսզի ունենանք ուժեղ պետություն և ապահովենք զույգ հայկական պետությունների անվտանգությունը, ապա իրավիճակի փոփոխությունը ստիպում է կոնկրետ քայլեր ձեռնարկել արդեն բուն Ղարաբաղում: Դա է պատճառը, որ Բաբայանն իր գլխավոր առաքելությունը տեսնում է Ղարաբաղում և կարծում, որ ժողովրդի որոշելիքն է, թե ինչպիսին պետք է լինի այդ առաքելությունը:

Բացի անվտանգությանը վերաբերող «մեսիջներից», Բաբայանը նաև ներքաղաքական թեմայով հստակ ձևակերպումներ տվեց, այն է՝

1.Քաղաքական դաշտում թշնամիներ չունի և վերադարձել է ոչ թե ներքաղաքական կյանքում ներգրավվելու, այլ իր կարողության սահմաններում անվտանգությանը վերաբերող հարցերում օգուտ տալու նպատակով:

2.Չի պատրաստվում անդամագրվել որևէ կուսակցության, թեև գաղափարական համախոհներ տեսնում է քաղաքական դաշտում և ցանկանում նրանց հաջողությունը:

3.Հայաստանում կարիերային խնդիրներն իրեն չեն հետաքրքրում:

Ինչ վերբերում է Բաբայանի հետ կապված լրատվական դաշտում առկա մանիպուլյացիաներին և բամբասանքներին, ապա դրանք էժանագին հնարքներ են, բայց դե շունը կհաչի, քարավանը կգնա:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը