Մեկնաբանություն

05.06.2016 00:50


Ղարաբաղն ունի երկու տարբերակ

Ղարաբաղն ունի երկու տարբերակ

Շատ է խոսվում այն մասին, որ Ղարաբաղը պետք է դառնա լիարժեք բանակցային կողմ և որպես լիարժեք սուբյեկտ ներկայանա միջազգային հարաբերություններում։

Խոսելը խոսվում է, բայց սուբյեկտ միայն խոսելով չեն դառնում։ Հատկապես որ խոսողներից մի մասի խոսքն ու գործն իրար խիստ հակասում են։

Բանակցային գործընթացում սուբյեկտ դառնալու համար նախ Ղարաբաղը պետք է վերականգնի իր ինքնուրույնությունը ներքին հարցերին վերաբերող որոշումներում և օբյեկտի չվերածվի պաշտոնական Երևանի հետ հարաբերություններում, ապա նոր միայն կարողանա միջազգային ասպարեզում պաշտպանել իր ինքնորոշման իրավունքը անկախության հասնելու միջոցով։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե պաշտոնական Երևանի լիակատար վերահսկողությունը Ղարաբաղի վրա լավ է, քանի որ մեկ միասնական միավոր ենք ստանում, սակայն դա իրականում թուլացնում է մեր դիրքերը միջազգային հարաբերություններում և զրկում մեզ դիվանագիտական ճկունությունից։

Պաշտոնական Ստեփանակերտի սուբյեկտայնության բացակայությունը հայաստանյան կողմին հնարավորություն չի տալիս մանևրել բանակցությունների ժամանակ։

Միգուցե իշխանական ու աթոռային հարցերում Ղարաբաղին քաղաքական սուբյեկտայնությունից զրկելը ձեռնտու է ոմանց, բայց եթե խնդրին մոտենանք պետական շահի տեսանկյունից, ապա միանշանակ է, որ ԼՂՀ–ն պետք է վերականգնի իր ինքնուրույնությունը Երևանի հետ հարաբերություններում։ Խոսքը, բնականաբար, հակադրության մասին չէ (հայ ժողովուրդը մեկ միասնական օրգանիզմ է, և դա անբեկանելի է)։ Խոսքը լիարժեքության ու սուբյեկտայնության վերականգնման մասին է։ Դե, իսկ վերականգնման գլխավոր շարժիչ ուժը պետք է լինի ժողովուրդը։

90–ականների պատերազմի ժամանակ հենց ժողովուրդն ու բանակը ստիպեցին Ադրբեջանին ուղիղ դիմել Ղարաբաղին ու այդպիսով ճանաչել այն որպես սուբյեկտ։ Ադրբեջանը ստիպված էր այդ քայլին գնալ մերոնց ռազմական հաղթանակների ճնշման տակ։ Այդ փուլում Ստեփանակերտի ու Երևանի միջև հարաբերությունները սուբյեկ–սուբյեկտ տարբերակով էին, այլ ոչ թե սուբյեկտաօբյեկտային։

Ի վերջո, չմոռանանք, որ 1998–ին հենց Ստեփանակերտն ասաց «ոչ» հակամարտության կարգավորման տխրահռչակ փուլային տարբերակին, և այն կյանքի չկոչվեց։ Հիմա եթե կրկին փորձ արվի գնալ կապիտուլյացիոն փուլային տարբերակով, ապա այդ «ոչ» ասողը չկա, քանզի Ղարաբաղի ժողովրդին զրկել են, կամ էլ ղարաբաղցիներն են իրենք իրենց զրկել ինքնուրույնությունից։

Առաջիկայում սպասվում են Ղարաբաղի խնդրով բանակցություններ։ Եթե մենք միջազգային հանրությունից ու Ադրբեջանից պահանջում ենք ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Ղարաբաղի անկախության ճանաչում, ապա դրան պետք է ինքներս պատրաստ լինենք։ Այնպես որ, Ղարաբաղի ժողովուրդն ու իշխանություններն իրոք անելիք ունեն։

Ղարաբաղի համար կա երկու տարբերակ՝ կա՛մ մնալ բանակցային օբյեկտի դերում (ինչպես հիմա է) և հետևել, թե ինչպես են առևտուր անում իր տարածքներով ու անվտանգության հարցերով, կա՛մ դառնալ սեփական ճակատագրի տերն ու Հայաստանի հետ միասին դուրս գալ ստեղծված անմխիթար իրավիճակից:

Թե ո՞ր տարբերակը կընտրեն ղարաբաղցիները, կերևա առաջիկայում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը