Մեկնաբանություն

31.05.2016 00:10


Ձեր քվեն արժե 10 դրամ

Ձեր քվեն արժե 10 դրամ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն որոշել է, որ նվազեցնելու է գազի սակագինը: Այդ մասին հայտնել է ՀԾԿՀ անդամ Արթուր Վարդանյանը:

«Մեր կայքում արդեն իսկ տեղադրված են նախագծերը»,- ասել է նա և նշել, որ մինչև 1000խմ/մ գազ օգտագործող սպառողների համար սահմանվելու է 146,7 դրամ, իսկ 10 000 խմ/մ-ից ավելի սպառողների համար՝ 257 դոլար:

Հարցին, թե դրանից բխող հոսանքի սակագնի նվազում սպասելի՞ է, թե ոչ, ՀԾԿՀ անդամը պատասխանել է. «Մայիսի 2-ին մեր նախաձեռնությամբ սկսել ենք նաև այդ գործընթացը, մոտակա ժամանակները կունենաք վերջնական հաշվարկներ և կտեղեկացնենք»:

Այսպես, իշխանությունը սկսել է «մտածել» ժողովրդի մասին: Դե, որովհետեւ առջեւում 2017-ի խորհրդարանական ընտրություններն են: Այն, որ «Բաղրամյան պողոտա» թամաշան էին ցուցադրում, այդ ժամանակ գոլորշին բաց թողնելու խնդիր էին լուծում: Հիմա՛ է եկել բոլոր ապրանքատեսակների սակագները նվազեցնելու ժամանակը:

Իշխող ուժի ներկայացուցիչը չի էլ թաքցնում եւ հայտարարում է, որ ամեն գնով պահելու են իշխանությունը (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյան):

Ինչպես գիտեք, դեռ երկու տարի առաջ էլ մեկ այլ ՀՀԿ-ական՝ Էդուարդ Շարմազանովը, հայտարարեց, թե առաջիկա տասը տարիներին Հայաստանում ով ուզում է բարձր պաշտոններ զբաղեցնել՝ պիտի անցնի Մելիք-Ադամյան փողոցով (որտեղ ՀՀԿ գրասենյակն է):

Ահա՛, հիմա սկսել են «հիշել» ժողովրդին եւ «հոգալ» նրա կարիքները: Ցանկանում են նրան գնել 10 դրամով՝ գազի մասով, հավանաբար, մի 5 դրամով՝ էլէներգիայի մասով, երեւի, մի 2 դրամով էլ հացի մասով, մի 5 լումայի չափով էլ ծիրանի ու լոլիկի մասով: Եվ այդպես շարունակ (բնականաբար, բենզինի ու դիզվառելիքի մասով ոչ մի լումայի նվազում չի լինի):

Գուցե նաեւ մի երկու ձեւական քայլեր էլ իրականացնի սահմանագոտու բնակչության «մատից փուշ հանելու» մասով, ինչի մասին խոստանում էր անցած տարիներին ամեն անգամ, երբ թշնամու դիվերսիոն խմբերը մտնում էին մեր գյուղեր:

Այսպես, մինչեւ կանցնի 2017-ի գարունը, ու իշխանությունը կվերադառնա «բնականոն հուն» եւ եռակի, քառակի չափով կմաշկի իրեն «քվեարկողներին»՝ նույն ռիթմով ավելացնելով սակագները. սա՛ է իրենց ուզածը:

Իսկ հետաքրքիր է՝ ինչո՞ւ իշխանությունը չի ցանկանում անցած 8 տարում արտագաղթած 300 հազար քաղաքացիների 10 տոկոսին հետ վերադարձնել: Կամ ինչո՞ւ չի հայտարարում, որ մինչեւ 2017-ի հունվար ամիսը կնվազեցնի աղքատության եւ գործազրկության ծավալները: Ինչո՞ւ չի քննարկում տրանսպորտի սակագինը նվազեցնելու կամ կարմիր կետագծերը փողոցներից մաքրելու հարցերը: Ինչո՞ւ չի խոստանում, որ առաջիկա ամիսներին կլուծի բանակն արդիական զինատեսակներով ապահովելու հարցը եւ կվերականգնի կորցրած կարևոր դիրքերը:

«Ինչու»-ների շարքը կարելի է շարունակել անվերջ, քանի որ առաջիկա տասը տարին էլ «իրենցը» համարող իշխող ուժն ու նրա ղեկավարը երկիրը կառավարել են այնպես, որ այսօր բոլոր ոլորտները կարելի է բնութագրել ճգնաժամային: Բայց գազի սակագինը մոտ 10 դրամով նվազեցնելու խորամանկ քայլով փորձում են հիմարացնել ժողովրդին: Բացահայտ «աֆյորա»: Ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե որն է կարեւորը՝ 10 դրա՞մը, թե՞ սրանց կրկին տարիներով հանդուրժելը: Թեպետ, ճիշտն այն կլիներ, որ ժողովուրդը հենց հիմա համախմբվեր եւ թույլ չտար սրանց նույնիսկ հասնել մինչեւ 2017-ի ընտրություններ: Իսկ եթե ընտրություններին հասնեն, ապա պարտվեն:

Հնարավորությունը կա, մնում է համախմբվել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը