Լրահոս

18.10.2010 15:06


Արամ Մանուկյանը դիմում է իշխանություններին

Արամ Մանուկյանը դիմում է իշխանություններին

-Ես դիմում եմ իշխանություններին։ Ես նախկին իմ ելույթների ժամանակ երկու անգամ նույն բանն արել եմ՝ դիմել եմ իշխանություններին, որ բաց թողնեն քաղբանտարկյալներին, և ասել եմ, որ մեր կողմից խաղի կանոնները պարզ են՝ մենք անելու ենք ամեն ինչ՝ քաղբանտարկյալների ազատարձակումը օր շուտ իրականացնելու համար։ ՀՀՇ-ն և ՀԱԿ-ը օգտագործելու է քաղաքական իր ամբողջ զինանոցը՝ այս խնդիրը շուտ լուծելու համար, և ես այսօր այդ գործընթացի մեջ եմ,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և ընդգծել, որ ՀՀՇ-ն ունի լուրջ և՛ ներքաղաքական, և՛ միջազգային հնարավորություններ՝ քաղբանտարկյալների գործն առաջ տանելու համար, և դա անում է։ Նա նաև ընդգծել է, որ հոկտեմբերի 19-ին հենց վերոնշյալ թեմայով ՀԱԿ-ը հանրահավաք է անցկացնելու։

Ինչ վերաբերում է «Ինչո՞ւ ոչինչ չի փոփոխվում, ինչո՞ւ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում» հարցին, Ա. Մանուկյանն ասել է, որ հաճախ փորձում է տրամաբանություն գտնել իշխանությունների գործողությունների մեջ և շփոթվում է.

-Երբ դիմացինդ սերիալի մակարդակի է մտածում, երբ դիմացինդ ինտելեկտուալ, տրամաբանական, քաղաքակիրթ մեթոդները չէ, որ կիրառում է, դու նրա դեմ շփոթվում ես։ Խավարասերի փիլիսոփայություն է իրենց մոտ աշխատում։ Եվրոպա իմ այցելությունների ժամանակ ես խեղճանում էի՝ տեսնելով, թե եվրոպական կառույցներն ինչ հարցեր են քննարկում։

Նա նշել է, թե, օրինակ, Եվրոպական լիբերալ դեմոկրատական կուսակցության Հելսինկիի համագումարում 5 հրատապ հարցերի հետ մեկտեղ (Կուբայի քաղբանտարկյալների հարցը, ասիական ինչ-որ հետամնաց երկրի երեխաներ սեռական շահագործման վերաբերյալ բանաձևը, պարսկուհու մահապատժի վերացման խնդիրը և այլն) քննարկվել է նաև Հայաստանի քաղբանտարկյալների հարցը, և անգամ այդ կառույցներն են շփոթվում, որ անընդհատ կարելի է ասել ու պատի հանդիպել, ինչպես ՀՀ իշխանությունները՝ հաստագլուխ, հաստավիզ, անգրագետ, որևէ տրամաբանությունից զուրկ.

-Հիմա հարցնում եք՝ մեր իշխանությունների վրա կազդի՞ սա։ Չգիտեմ։ Ես անում եմ իմ խղճի պարտքը, քաղաքական իմ պարտքը, և ընդգրկում եմ քաղաքական այն դաշտը, որն այդպես է մտածում,-ընդգծել է Արամ Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը