Լրահոս

18.10.2010 16:35


ՀՀ–ում հանցագործությունների թիվն աճել է

ՀՀ–ում հանցագործությունների թիվն աճել է

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, որոնք հիմնված են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության վրա, 2010թ. հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվն ավելացել է 9,1%-ով՝ կազմելով 10 279 դեպք։

Այսպիսով, 2009թ. հունվար-օգոստոսի համեմատ աճել են ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, առանձնապես ծանր, մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները, սպանության փորձերը, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները, բռնաբարությունն ու բռնաբարության փորձերը, մարդու (անձի) դեմ ուղղված այլ հանցագործություններ։ 21,8%-ով աճել են նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, մասնավորապես՝ հրազենի, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների, պետական կամ հանրային գույքի հափշտակությունների դեպքերը։

Բնակարանային գողության դեպքերն ավելացել են 36,0%-ով, խարդախությունները՝ 6,8%-ով, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները՝ 14,0%-ով, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 9,7%-ով, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունները՝ 12,2%-ով։

Հանցագործությունների ընդհանուր քանակից կոռուպցիոն բնույթի ունեցողները կազմում են 21,9%։

2010թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա համեմատ հանցագործություններն աճել են Կոտայքի մարզում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը