Լրահոս

18.10.2010 17:01


«Հովազաձոր» ընկերության անհայտ նշանակության օբյեկտի շինարարությունը սառեցված է

«Բայբուրդ» տեղամասի խախտված լանդշաֆտային էկոհակարգերը (այժմ դա «Խոսրովի անտառ» արգելոցում «Գիլան» արգելավայրն է) պետք է վերականգնվեն եւ բերվեն բնական վիճակի: Նման տեսակետ է հայտնել «Կենսաբազմազանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ազգային համակարգող Տատյանա Դանիելյանը' ի պատասխան Բնապահպանական հասարակական դաշինքի դիմումի' գնահատական տալ «Գիլան» արգելավայրի իրավիճակին, որի կարգավիճակը հատուկ պահպանվող տարածքների ամենաբարձր Ա1 կատեգորիայից իջեցվեց ամենացածր' 4-րդ կատեգորիայի:

Հիշեցնենք, որ 2007թ. ՀՀ բնապահպանության նախարարությունը հիմնավորում պատրաստեց, որի հիման վրա էլ կայացվեցին կառավարության երեք որոշումներ' իջեցնել «Գիլան» տեղամասի կարգավիճակը, վարձակալության տալ այն եւ  շինարարություն թույլատրել:
Տատյանա Դանիելյանը նշեց, որ «Բայբուրդ» տեղամասում լանդշաֆտային էկոհակարգերի վերականգնումը ամրագրված է նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014թթ. կառավարման պլանում:
Ներկայումս նախարարի հրամանով այս տեղամասում (118 հա տարածք 66 տարով վարձակալության է տրվել) «Հովազաձոր» ընկերության անհայտ նշանակության օբյեկտի շինարարությունը սառեցված է:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Տ. Դանիելյանն անհրաժեշտ է համարում.
1. «զերծ մնալ արգելավայրի տարածքում լանդշաֆտային եւ կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման խախտումից' տնտեսական եւ բնակելի օբյեկտների շինարարություն ու շահագործում, ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս տրանսպորտային միջոցների երթեւեկություն եւ այլն
2.ՀՀ բնապահպանության նախարարի 14.07.10թ. թիվ 181-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից արգելավայրի պահպանության ռեժիմի մշտական ուսումնասիրում եւ հսկողության իրականացում

3. նշված հարցի եւ այլ բնապահպանական խնդիրների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության եւ հասարակական կազմակերպությունների միջեւ երկխոսության ծավալում»: 
18.10.2010թ.
Հարգանքներով՝
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը