Լրահոս

05.06.2016 14:03


Էջմիածնի կրակոցները կապ ունե՞ն Մանվել Գրիգորյանի հետ

Էջմիածնի կրակոցները կապ ունե՞ն Մանվել Գրիգորյանի հետ

Այսօր` հունիսի 5-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: «shamshyan.com»–ը հայտնում է, որ ժամը 00:35-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Մայիսի Պատուրյանն էր: Նա մահացել է հրազենի 5 կրակոցից: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, անհայտ անձը Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում (նախկին պլաստմասայի գործարանի մոտ) կրակոցներ է արձակել Հ. Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան:

Գ. Շամշյանի տեղեկություններով` սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի Նալբանդյան 1ա հասցեի բնակիչ, 26-ամյա Վարդան Էդուարդի Սախկալյանը: Էջմիածնեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են. «Սպանվածը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշամարտիկ էր և բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել Էջմիածնում: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա, 1 աղջիկ: Իր միջոցներով մարզական կենտրոն էր ստեղծել և մեծ օգնություն էր ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին»:

Հիշեցնենք, որ սա վերջին 3 օրվա ընթացքում Էջմիածնում տեղի ունեցած 2–րդ սպանությունն է։

Հունիսի 3-ին՝ ժամը 21-ին էլ, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի մասի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1957թ. ծնված Վահան Գրիգորյանը:
Վ. Գրիգորյանը, գիտակցության չգալով, ժամը 21.30-ին մահացել էր:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Վահան Գրիգորյանը հրազենային վնասվածքը ստացել է ժամը 20.30-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում արձակված կրակոցից Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքի հարակից դաշտում:
Ըստ Վ. Գրիգորյանի որդու` 1984թ. ծնված Արտակ Գրիգորյանի հայտարարության, ինքը նշված վայրում, հոր կողքին, հայտնաբերել է նրան պատկանող «Մակարով» ատրճանակը` լիցքավորված 6 փամփուշտով:

Նշենք, որ մահացած 59-ամյա Վահան Գրիգորյանի որդին՝ Արտակ Գրիգորյանը, գեներալ Մանվել Գրիգորյանի վարորդն է, և, ըստ որոշ տեղեկությունների, վերոնշյալ երկու սպանությունները կապված են մեկը մյուսի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը